Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Տավրիկյան պալատում հանդիպում է ունեցել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:

Երկուստեք կարևորվել է ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը, ինչը, կողմերի համոզմամբ, նոր հեռանկարներ կարող է բացել:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Շարմազանովը և Սերգեևն ընդգծել են, որ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:

Ազգային ժողովի փոխնախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես Ռուսաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մինչդեռ Ադրբեջանը, ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերելով, շարունակում է մերժել եռանախագահների խաղաղատենչ կոչերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG