Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է Ադրբեջանի ընտրությունները


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մերի Հարֆ, արխիվ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մերի Հարֆ, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մերի Հարֆը երեկ հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք չէին համապատասխանում միջազգային չափանիշներին:

Պետդեպարտամենտը իր համաձայնությունն է հայտնում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ երեկ հրապարակած նախնական հայտարարությունում տեղ գտած գնահատականներին, ըստ որոնց՝ մի շարք լուրջ թերություններ պետք է շտկվեն, «որպեսզի Ադրբեջանը լիովին կատարի ԵԱՀԿ-ի առջև իր ստանձնած պարտավորությունները»:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը մատնանշում է ընտրությունների օրը քվեատուփերի լցոնումները, ձայների հաշվարկման ժամանակ տեղ գտած լուրջ խնդիրները, իսկ ընտրություններից առաջ՝ Ադրբեջանի կառավարության կողմից ստեղծված բռնաճնշումների մթնոլորտը, մասնավորապես՝ բռնի միջամտությունները հանրահավաքներին, լրատվամիջոցների աշխատանքին, ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունները:

Միաժամանակ, Պետդեպարտամենտը նշում է նաև ընտրարշավի ժամանակ Ադրբեջանի կառավարության կառուցողական քայլերի հիշատակումը ԵԱՀԿ-ի հայտարարությունում, որոնց թվում՝ Ջամիլ Հասանլիի և այլ ընդդիմադիր թեկնածուների գրանցումը, ընդդիմության նախընտրական հավաքների արտոնումը, ԵԱՀԿ-ի դիտորդներին հրավիրելու որոշումը և ընտրությունների արդյունավետ տեխնիկական կազմակերպումը:

«Ժողովրդավարությունը ավելին է, քան մեկ ընտրությունը», - ընդգծում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Ադրբեջանի կառավարությանը հորդորելով հարգել խաղաղ հավաքների, միավորումների, խոսքի ազատությունները, ինչպես նաև ձեռնպահ մնալ հետընտրական շրջանում բռնության գործադրումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG