Մատչելիության հղումներ

Սամվել Ալեքսանյանի աջակիցները շուկա են գալիս ցույցից ժամեր առաջ: Այստեղ են բերվում հայտնի պաստառները՝ «գրանտակերներ, վարձու ընդդիմախոսներ» գրություններով, ցուցարարներին բաժանվում են սուլիչները, շչակները, նրանց ուղղորդում, հրահանգներ է տալիս «Սոցիալիստական շարժում» անվանումով կազմակերպության ղեկավարը՝ Ռոբերտ Ահարոնյանը, ով փետրվարին առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, սակայն չվճարելով գրավը՝ դուրս մնաց ընտրապայքարից։

«Սամվել Ալեքսանյանը պահպանել է հուշարձանը, պարտավոր եմ կանգնել այդ մարդու կողքին՝ որպես հայ, որպես երևանցի, որ իր գործին չխանգարեն»,- ասաց Ահարոնյանը։

Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե գործարար պատգամավորի հետ չի շփվել, նրան ընդամենը մեկ անգամ է տեսել։

Իսկ խանգարողները, ըստ Ալեքսանյանի պաշտպանության ցույցը կազմակերպողի, վճարովի աշխատանք են անում՝ երկիրն են ապակայունացնում, փորձում են այդ կերպ «հեղափոխություն անել»։

Ճարտարապետների մասնագիտական կարծիքը, որ հուշարձանն աղճատվել է, սուպերմարկետի աշխատակիցները լսել չեն ուզում՝ Ալեքսանյանն իրենց գործ տվեց, իսկ ճարտարապետները նույնիսկ տասը դրամ չեն ծախսի։

«Ինձ պետք չէ գլխավոր ճարտարապետի կարծիքը, 900 հոգի աշխատում է էս համակարգում, ճարտարապետը ի՞նչ է հասկանում իրենից, որ մի հատ գա, ասի՝ ճարտարապետական թեզը չի պահպանվել։ Իրա վիճակն ի՞նչ էր, տեսանք էն օրն, էլի»,- ասաց Ալեքսանյանի համակիր կանանցից մեկը։

Փակ շուկայի փրկության համար պայքարող ակտիվիստները մինչև այստեղ հասնելը այսօր երթով անցնում էին «Երևան Սիթի» սուպերմարկետների մոտով՝ գնորդներին հորդորելով բոյկոտել գործարար պատգամավորին պատկանող խանութները։

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներին տեսնելով՝ Սամվել Ալեքանյանի համակիրները սկսեցին սուլել, վանկարկել՝ հեռացեք: Շուկայի վրա մեծ բարձրախոսներ էին տեղադրվել, ելույթ էր ունենում նախկին ընդդիմադիր գործիչ, խարդախության մեջ մեղադրվող Սուրեն Սուրենյանցը։

«Մենք հիմա կունենային ավելի աղճատված, ավելի կազմաքանդված շուկա։ Եվ ուրեմն կառուցապատման շնորհիվ շուկան պահպանել է իր պատմամշակութային արժեքը»,- ասում էր Սուրենյանցը։

Տասնյակ ոստիկաններից կազմված պատը ընդամենը մի քանի մետրով էր բաժանում ցուցարարների երկու ճամբարները: Բարիկադների մյուս կողմում կանգնած Գարեգին Չուքասզյանն ասում է՝ անկախ ամեն ինչից՝ շարունակելու են ամեն օր Ծածկած շուկա գալ։

«Մեր համբերությունը մարաթոն վազողի համբերություն է, այնպես որ կհամբերեք։ Իսկ դուք կասկածո՞ւմ եք, որ պիտի վերականգնվի հուշարձանը. բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով, դատական ճնշումով, քաղաքացիական անհնազանդությամբ, բոյկոտ «Երևան Սիթիներին»։ Բարբարոսություն է կատարվում Փակ շուկայում, բարբարոսությունը պետք է կանգնեցնել նաև բոյկոտելով մնացած ցանցը»,- ասաց Չուքասզյանը։

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ծիծաղելի է համարում ստեղված աշխատատեղերի մասին պնդումները. շուկան կարող էր մարդկանց աշխատելու հնարավորություն տալ, առանց սուպերմարկետի, կարծում է նա։

«Սրանք մոլորված, դժբախտ մարդիկ են, որոնց շահագործում են և աշխատավայրում, և այստեղ։ Իրենք վարձկան են, և փաստորեն սա ապացուցում է, որ Հայաստանում գործում է ստրկատիրություն, այդ մարդկանց ստրուկի կարգավիճակով են այստեղ բերում՝ օրական հացի համար»,- ասաց Խզմալյանը։

«Ալեքսանյան բարերար ու շինարար» կարգախոսներով պայքարող կանայք շուկայի փրկության, նոր աշխատատեղերին զուգահեռ՝ առիթը բաց չեն թղնում շեշետելու սերը՝ գործարար պատգամավորի նկատմամբ. բոլորն էլ սիրում են նրան, պնդում են կանայք։
XS
SM
MD
LG