Մատչելիության հղումներ

logo-print

Փակ շուկայի պահպանման համար պայքարողները կոչ են անում բոյկոտել բոլոր «Երևան Սիթիները»


Փակ շուկայի պահպանման համար պայքարող ակտիվիստները պարզապես չեն հասկանում, որ այն Սամվել Ալեքսանյանի միջնորդությամբ վերածնվել է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատգամավորի մերձավորներից մեկը, ով խնդրեց իրեն ներկայացնել որպես քաղաքացի։

Փակ շուկայի հարևանությամբ մի քանի անձանց հետ կանգնած և ցույցին հետևող այս անձնավորությունը, մեր տվյալներով Ալեքսանյանի աներորդին է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով շուկայի դիմաց ընթացող ցույցերը՝ նա ասաց, որ մի կողմից աշխատակիցներն են, ովքեր պայքարում են իրենց աշխատատեղերի համար, իսկ մյուս կողմից մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ում կողմից են:

«Թե ում կողմից են իրենք կաշառված, թե ինչ են արած՝ Աստված գիտի, Աստված իրենց հետ: Կհասկանան, ոչինչ, Աստված մեծ է, ամեն մարդու սրտով թող Աստված իրեն տա», - ասաց նա: Արձագանքելով մեր այն հարցին, թե Ալեքսանյանը ի՞նչ կարծիքի է ցույցերի մասին, մեր զրուցակիցը պատասխանեց․ - «Չեմ կարող իր տեսանկյունը ես ասեմ, բայց կոնկրետ, որ ցանկացած նորմալ մարդ, եթե սա տեսնի, չի՞ նեղսրտի»:

Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել, վստահություն հայտնելով, որ շուտով «աղմուկը կդադարի»։

Փակ շուկայի դիմաց երկու ցույցերի մասնակիցները կոչեր էին հնչեցնում․ մի կողմից «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը հայտարարում էր, որ Սամվել Ալեքսանյանը պետք է վերականգնի հուշարձանը նախկին տեսքով, մյուս կողմից էլ Ալեքսանյանի աջակիցները պահանջում էին դադարեցնել անիմաստ ցույցը և հեռանալ: Քիչ անց նրանք փոխեցին կոչը՝ լքեք երկիրը։

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նման դիմադրության իրենք պատրաստ էին:

«Սա միայն ցույց չէ, սա դիմադրություն է, և դիմադրությունը իրականացվում է ոչ միայն մեր ֆիզիկական ներկայությամբ, մենք կոչ ենք անում բոլոր արժանապատիվ համաքաղաքացիներին բոյկոտել անօրինական «Սիթին», որին վերածում են մեր մայրաքաղաքը», - մեկնաբանեց կինոռեժիսորը:

«Մեծ բարերար Սամվել Ալեքսանյանը արդեն երկու օր է՝ հաց է տալիս սոված մարդկանց։ Ինչպե՞ս կարելի է նրա դեմ ցույցեր անցկացնել», - ասում էին նրա աջակիցները։

Մրգի վաճառքով զբաղվող մի կին էլ ասաց, որ շուկայի բացմամբ Ալեքսանյանը դադարեցրել է արտագաղթը։ Ալեքսանյանի աջակիցները, ովքեր ասում էին, որ Փակ շուկայում են աշխատում, պնդում էին, որ պատգամավորի դեմ պայքարողները պարզապես ծախված են:

Ամբողջ ընթացքում երկու կողմերից բարձրախոսներով ելույթներ էին հնչում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով այն մեղադրանքներին թե իրենք ծախված են, Ժիրայր Սեֆիլյանը այսպես արձագանքեց՝ թող ապացուցեն։

Նա ասաց որ փոխելու են մարտավարությունը, պետք է բոյկոտել, ոչ միայն Փակ շուկայի, այլև բոլոր «Երևանի Սիթիների» աշխատանքը․ - «Մենք որևէ անձի նկատմամբ խնդիր չունենք: Ես նույնիսկ չեմ մեղադրում այնտեղ կանգնած ժողովրդին, մեր ժողովուրդն է: Տարբեր լծակներով կախյալ են այս համակարգից: Մեր խնդիրը այս համակարգն է: Մեր հակառակորդը այս ռեժիմն է իր ամբողջությամբ: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև հակառակորդը նահանջի: Տեսնենք՝ ո՞վ ավելի երկար կդիմանա, տեսնեմ ո՞ւմ շունչն է երկար»:

Ամբողջ ընթացքում երկու ցույցերի ընթացքը հսկում էին ոստիկանները։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի կողմից չարտոնված ցույց է, որը կազմակերպել են ակտիվիստները, մյուս կողմից էլ շուկայի աշխատակիցների ինքնաբուխ հակացույցը։ Ամեն դեպքում հասարակական կարգի խախտումներ ցույցերի ընթացքում չեղան, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները հեռացան, խոստանալով, որ ցույցեր տեղի կունենան ամեն օր։ Ալեքսանյանի աջակիցները նրանց հեռանալը մեծ ոգևորությամբ ընդունեցին։
XS
SM
MD
LG