Մատչելիության հղումներ

Բուդաղյանի ընտանիքը բողոքարկել է քննիչի որոշումները


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքը դատարանում բողոքարկել է մահացած Բուդաղյանին դիտարվորյալ սպանության փորձի համար մեղավոր ճանաչելու, ինչպես նաև նախկին մարզպետի որդուն և թիկնապահին, ինքնապաշտպանվելու պատճառաբանությամբ, քրեական հետապնդումից ազատելու մասին քննիչի որոշումները:

Փաստաբան Հայկ Ալումյանն արդեն բողոքարկել էր քննիչի գործողությունները` իր բողոքը հասցեագրելով գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինտադախազին, և մերժում էր ստացել: Այժմ բողոքը կլսվի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ալումյանն ասաց, թե քննչական մարմինը առանձնապես ծանր հանցագործության իրական մեղավորներին պարտակելու փորձ է անում. - «Քննիչը իր որոշմամբ արդեն Ավետիք Բուդաղյանին մեղավոր է ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի համար: Ինչի՞ համար էր անհրաժեշտ քննիչին այս որոշումը: Որ հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 7-ին, արդեն հենվելով այս որոշման վրա, Սուրիկ Խաչատրյանի թիկնապահին և տղային ճանաչի անմեղ: Ստացվում է, որ եթե Ավետիք Բուդաղյանը կատարել է սպանության փորձ նրանց նկատմամբ, հետևապես Սուրիկ Խաչատրյանի տղան և թիկնապահը ինքնապաշտպանվել են Ավետիք Բուդաղյանից և դրանից ելնելով ստիպված են եղել սպանել նրան»:

Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանի համոզմամբ` դատարանում քննիչի որոշումները բողոքարկելու համար փաստարկներ են անհրաժեշտ, իսկ նման փաստարկներ, ըստ նրա, Բուդաղյանները չունեն:

Ալումյանը, մինչդեռ, պնդում է, թե ամբողջ նախաքննությունն ընթանում է մեկ ուղղությամբ` ապացուցելու, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի հետ որևէ առնչություն չունի, նրա որդին ու թիկնապահն ինքնապաշտպանվել են` դրանով մեղքի սլաքն ուղղելով Բուդաղյանների դեմ: Ըստ փաստաբանի, ապացուցված է, որ գործում ներգրավված միակ մեղադրյալը` սպանության սպառնալիք հնչեցրած Արտակ Բուդաղյանը չի կրակել. այդ դեպքում ո՞ւմից էին պաշտպանվում նախկին մարզպետի որդին ու թիկնապանը:

«Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենան հենց կանգնեց իրենցից քիչ հեռու, իրենք եկան, ավտոմեքենայի դուռը բացեցին, սկսեցին քաշքշել և հարվածել Ավետիք Բուդաղյանին: Տեսեք` նա դուրս չի եկել ավտոմեքենայից. առաջին անգամ Ավետիք Բուդաղյանն ավտոմեքենայից դուրս եկավ, երբ որ դուրս եկավ, որպեսզի իր եղբորը հրելով դեպքի վայրից հեռացնի: Եվ այդքանից հետո Ավետիք Բուդաղյանին սպանում են և ասում են, որ ինքնապաշտպանվել են: Երբ պարզ երևում է, որ Ավետիք Բուդաղյանն այնտեղ միմիայն սկզբում խաղաղ նպատակ նպատակներով, այնուհետև խաղաղարարի դերում է հանդես գալիս»:

Ալումյանի խոսքով, ընթացող նախաքննության շրջանակներում չի քննարկվում երեկոյան դեպքերին նախորդած խնջույքը: Ըստ նախնական տեղեկությունների, այդ խնջույքի ժամանակ վեճի էին բռնվել Ավետիք Բուդաղյանն ու Սուրիկ Խաչատրյանը:

Փաստաբանը նշեց, թե չի պարզաբանվում նաև վերևից արձակված կրակոցը. - «Ավետիքի վնասվածքները հետևյալն են. երկու վնասվածք առջից, մեկ վնասվածք հետևից, մեկ վնասվածք վերևից ներքև: Այս պարագաներում ասել, որ առանձնատնից ոչ ոք չի կրակել… Այդ դեպքում պիտի բացատրեն, թե այդ վերևից ներքև կրակոցը ում կողմից է կատարվել: Եթե ասեն, որ Ավետիքը ընկած էր եղել, երբ իր վրա կրակել են, այսինքն` ոչ թե առանձնատնից է կրակոց եղել, այլ ինքը ընկած է եղել, դրա համար վերևից ներքև… Այդ դեպքում ուրիշ հարց է առաջանում. բա այստեղ ինքնապաշտպանությունը ո՞րն է: Որովհետև, մենք տեսնում ենք, որ ընկնելուց հետո Ավետիքը ոչ մի բան չէր անում: Եթե ընկնելուց հետո է եղել այդ կրակոցը, այդ դեպքում պիտի բացատրեն, թե ինչո՞ւմ է կայացել ինքնապաշտպանվելը»:

Փաստաբանը պնդեց, որ չի ուսումնասիրվում նաև ասֆալտից արտացոլված և կայծեր արձակած կրակոցը. - «Եթե այդ կրակոցը եղել է ոչ վերևից, այլ այդտեղ կանգնած մարդկանցից մեկնումեկն է կրակել, այդ դեպքում ինչո՞ւ ասֆալտին դիպչելուց հետո այդպես կտրուկ վերև են արտանետվել գնդակի կայծերը: Մեզ պիտի բացատրեն, թե ինչու է վերջին կրակոցի ձայնը այդքան տարբերվում մնացած բոլոր կրակոցներից, և ուժգնությամբ ու տոնայնությամբ չի կարելի շփոթել դա մնացած կրակոցների հետ: Կեղծված տեսանյութի հետ տեղադրված չէ ձայնը, բայց ձայն էլ է եղել: Ես դա կտեղադրեմ. տեսանյութն էլ, ձայնն էլ կտեղադրեմ»:

Հայկ Ալումյանը փոխանցեց նաև, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին պաշտոնական դիմում իրենք դեռևս չեն ստացել: Կլինի` համարժեք կպատասխանեն, կհրաժարվեն: Նրա խոսքով` պետք է բոլորը տեսնեն, թե ինչ կեղծիքների է գնացել դատախազությունը իրական մեղավորներին չպատժելու համար:

«Կա համաներում: Արտակ Բուդաղյանին այսօր առաջադրված է մեղադրանք, որը հաստատվելու դեպքում այդ հոդվածը մինչև երկու տարի ազատազրկում է նախատեսում: Բնականաբար, համաներումը տարածվում է այդ հոդվածի վրա, բնականաբար, պիտի կարճվի նրա նկատմամբ քրեական գործը, քրեական հետապնդումը պիտի դադարեցվի: Մեզ դա պետք չէ, որովհետև մենք ուզում ենք ապացուցել, որ Արտակ Բուդաղյանը իրականում հանցագործություն չի կատարել դեպքի վայրում, այլ իր նկատմամբ է հանցագործություն տեղի ունեցել: Ինչ-որ բաներ կարողացել ենք ապացուցել, օրինակ, որ Արտակը չի կրակել: Եթե մենք դա չկարողանայինք ապացուցել, հիմա իրենք փորձելու էին նույնիսկ Արտակի վրա էլ դնեին սպանության փորձ», - նշեց Հայկ Ալումյանը:
XS
SM
MD
LG