Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնա գրականության Նոբելյան մրցանակակիրը


Շվեդիա - Ալֆրեդ Նոբելի արձանի Ստոկհոլմում
Շվեդիա - Ալֆրեդ Նոբելի արձանի Ստոկհոլմում
Մի քանի ժամից Ստոկհոլմում Շվեդական ակադեմիայի կենտրոնակայանում Նոբելյան կոմիտեն կհրապարակի գրականության ասպարեզում 2013 թվականի դափնեկրի անունը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Նոբելյան կոմիտեին մոտ կանգնած աղբյուրները որպես ամենահավանական թեկնածու նշում են աշխարհահռչակ ճապոնացի արձակագիր Հարուկի Մուրակամիին:

Ժամանակակից ճապոնական գրականության խորհրդանիշը դարձած Մուրակամին այժմ 64 տարեկան է, երկար տարիներ բնակվել է Միացյալ Նահանգներում` դասավանդելով այնպիսի հեղինակավոր համալսարաններում, ինչպիսին են Թաֆթսն ու Փրինսթոնը:

Գրել Մուրակամին սկսել է համեմատաբար հասուն տարիքում` երբ գրեթե 30 տարեկան էր: «Մինչ այդ ես պարզապես ապրում էի` հասարակ մարդ էի և մի տող անգամ գրած չկայի», - նշել է Մուրակամին իր վաղ շրջանի հարցազրույցներից մեկում:

Այսօր, սակայն, Հարուկի Մուրակամիի հայտնի ստեղծագործությունները` «Dance, Dance, Dance»-ը, «Լսիր քամու երգը», «Կաֆկան ծովափին», «Փինբոլ 1973»-ը, մյուս վեպերը, թարգմանված են աշխարհի 48 լեզուներով:

Շվեդական լրատվամիջոցները, այդուհանդերձ, նշում են, որ տարեցտարի Նոբելյան կոմիտեի պահվածքն ավելի անկանխատեսելի է դառնում, և մի քանի ժամից կարող է միանգամայն այլ, նեղ գրական շրջանակից դուրս անհայտ մի բանաստեղծի կամ արձակագրի անուն հնչել:

«Կոմիտեի անդամները ակնհայտորեն հաճույք են ստանում, երբ հանրությանը զարմացնում են իրենց ընտրությամբ: Նրանց գործողությունները փոքր-ինչ իռացիոնալ բնույթ են ստացել», - նշել է հայտնի շվեդ հրատարակիչ Սվանտե Վեյլերը:

«Նոբելյան կոմիտեի անդամների համար էական չէ` դափնեկիրը հայտնի է լայն հանրությանը, թե՝ ոչ», - հակադարձում է ստոկհոլմյան թերթերից մեկի խմբագիր Գունիլա Կինստրանդը:

Վերջին տարիներին, ի դեպ, Նոբելյան կոմիտեի անդամներին քննադատում են նաև ընտրությունը առավելապես քաղաքական, այլ ոչ թե մշակութային դրդապատճառներով իրականացնելու համար: Վերջին տարիներին գրականության ասպարեզում մրցանակի են արժանանում առավելապես ձախ հայացքների տեր գրողները: Այսպես, 2012 թվականին Նոբելյան մրցանակը շնորհվեց չինացի գրող Մո Յանին, ով հայտնի է Չինաստանի իշխանությունների հետ ունեցած իր սերտ կապերով: Ամերիկյան գրականությունը փոխարենը անտեսվում է 1993-ից ի վեր, երբ այս հեղինակավոր մրցանակին արժանացավ աֆրոամերիկացի արձակագիր Թոնի Մորիսոնը:

TIME հանդեսի խմբագիր Ռադիկա Ջոնսը երեկ նկատել է․ - «Ոմանք գուցե խենթանում են այն մտքից, որ աշխարհի ամենահզոր գերտերությունը գերակշիռ դերակատարություն չունի համաշխարհային ամենամեծ գրական մրցանակի շնորհման գործում: Չնայած դրան՝ ամերիկացիներն իրոք հպարտության լուրջ առիթներ ունեն: Չէ որ ժամանակին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի 12 գրողներ, այդ թվում՝ Ուիլյամ Ֆոլքները, Ջոն Սթեյնբեքը, էռնեստ Հեմինգուեյը, Սոլ Բելոուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG