Մատչելիության հղումներ

Իշխանությունները հույս ունեն Վիլնյուսում ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրել


Չի բացառվում, որ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը շարունակելու մասին փաստաթուղթ ստորագրվի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Վերջինիս փոխանցմամբ այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Եվրամիության հետ՝ փորձելով հստակեցնել, թե Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովին Հայաստանն ի՞նչ կարգավիճակով է մասնակցելու և ինչ փաստաթուղթ է հնարավոր ստորագրել:

«Այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ փաստաթուղթն ինչ անվանում կունենա: Կարող է լինել նաև համատեղ հայտարարություն, արձանագրություն և այլն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արտակ Զաքարյանը, - «Ներկայումս գոյություն ունի բանակցային գործընթաց, որտեղ տեղի են ունենում քննարկումներ, կոնսուլտացիաներ Եվրամիության մեր գործընկերների հետ՝ Վիլնյուսում ինչ կարգավիճակով Հայաստանը պետք է մասնակցի և ինչ փաստաթուղթ ռեալ կլինի ստորագրել: Համատեղ խորհրդակցությունների և քննարկումների միջոցով փորձ էր արվում գտնել Վիլնյուսում այն լավագույն մոդելը, որը այսօր հնարավոր կլինի ունենալ և շարունակել արդեն Եվրամիության հետ Ասոցացման գործընթացները, մերձեցման գործընթացները»:

Անցած շաբաթ Ստրասբուրգում պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցերին՝ Սերժ Սարգսյանն ասել էր, թե քանի որ եվրոպացի իրենց գործընկերների համոզմամբ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հակասում է Ասոցացման համաձայնագրին, ապա ներկայումս Հայաստանի ակնկալիքն է մինչև նոյեմբեր փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում, որից հետո ստորագրել այն: - «Մենք լինելու ենք Վիլնյուսում և հիմա արդեն Եվրամիության մեր գործընկերների հետ բանակցում ենք, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է ստորագրենք»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Հաշվի առնելով, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը հնարավոր չէ ստորագրել, իսկ այդ պայմանագիրն էլ անբաժանելի է Ասոցացման համաձայնագրից, այժմ Հայաստանի իշխանությունները ցանկանում են Եվրամիության հետ մի փաստաթուղթ ունենալ, որը հնարավորություն կտա շարունակել համագործակցությունը ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդում, արդյունավետ կառավարում, դատաիրավական համակարգի կատարելագործում:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, եթե իրենց եվրոպացի գործընկերները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում տնտեսական համագործակցության դաշտում հակասություններ են տեսնում, ապա չեն կարող հակասություններ լինել ասոցացման, ժողովրդավարացման, մարդուն իրավունքների, արդարադատության համակարգի բարելավման հարցերում:

«Այլապես, եթե զուտ բավարարվենք նրանով, որ Եվրամիությունը գտնում է, որ եթե Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը չկա ուրեմն ոչինչ չկա, կամ անհրաժեշտ է սկսել ամեն ինչ զրոյից, կամ չկա համագործակցության դաշտ, սա, կարծում եմ, որ ոչ ճիշտ մոտեցում է, սա կարծում եմ, որ նաև Անհատական գործընկերության և համագործակցության շրջանակներին ևս հակասում է: Այսինքն, ասել, որ եթե դուք ձեր առևտրային համագործակցությունը տեսնում եք Ռուսաստանի հետ, հետևաբար ժողովրդավարություն չեք կարող կառուցել՝ սա սխալ մոտեցում է», - մանրամասնեց Արտակ Զաքարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Մաքսային միության կողմից ինչ-որ դժգոհություններ չե՞ն լինի, եթե Հայաստանը փորձի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ - «Չեմ կարծում, որ նմանատիպ դժգոհություններ կլինեն: Ընդհակառակը, Մաքսային միության անդամ երկրների շահագրգռվածությունը հենց պետք է լինի, որպեսզի անդամ պետությունները լինեն կայացած, ժողովրդավարապես ամուր հիմքերի վրա դրված, ազատ շուկայի լիարժեք հնարավորություններ ունեցող պետություններ»:

Հարցին՝ այսինքն խիստ հավանակա՞ն եք համարում, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը կստորագրի գոնե ինչ-որ հռչակագիր, Արտակ Զաքարյանը արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ մենք կմասնակցենք, կմասնակցենք ոչ պակաս ակնկալիքներով, քան մեր մյուս գործընկեր պետությունները Արևելյան գործընկերության, և նաև կմասնակցենք ունենալով որոշակի համաձայնեցված մոդել, մոտեցում»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դժվարացավ պատասխանել՝ արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին:

«Ենթադրում եմ, որ կապված կլինի արդեն ձեռք բերված համաձայնություններից», - մանրամասնեց Արտակ Զաքարյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG