Մատչելիության հղումներ

Ռուսաստանը քայլեր կձեռնարկի ռուսերենի ամրապնդման ուղղությամբ


Ռուսաստանը քայլեր կձեռնարկի ռուսերենի ամրապնդման ուղղությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Մաքսային միությանը Երևանի անդամակցությունից հետո Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման, հետագա տարածման ուղղությամբ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նման հայտարարություն արեց Հայաստանում ռուսաստանյան Россотрудничество դաշնային գործակալության գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Ընդ որում, [այդ քայլերն արվելու են] ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլև Մաքսային միության և Եվրասիական միության կողմից, որովհետև ռուսաց լեզուն լինելու է Մաքսային միության ու Եվրասիական միության [պաշտոնական] լեզուն: Ռուսաց լեզուն մեր ողջ հարաբերությունների ցեմենտն է, և հույս ունեմ՝ այստեղ պետք չէ որևէ հեղափոխական քայլեր անել, այստեղ ուղղակի պետք է պատասխանել պահանջարկին»,- ասաց նա։

Կրիվոպուսկովը հավելեց, որ այդ նպատակով կա կոնկրետ ծրագիր և հատկացվելու են ֆինանսական միջոցներ: Այդքանով հանդերձ, ռուսաստանյան պաշտոնյան ընդգծեց, թե ինքն անձամբ դեմ է, որ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակվի Հայաստանում:

Մաքսային միությանը միանալու նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտնի հայտարարությունից հետո, Հայաստանում, մտահոգություններ են հնչում, թե առաջիկայում պետք է սպասել, որ Կրեմլը ի թիվս այլ նախաձեռնությունների կփորձի քայլեր ձեռնարկել մեր երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման ուղղությամբ, ինչը պետք է որ լրացուցիչ կապեր ստեղծի Հայաստանի ու իր նախկին մետրոպոլիայի՝ Մոսկվայի միջև:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անթաքույց գոհունակությամբ խոսելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման մասին, նաև նշեց, թե առաջիկայում հումանիտար ոլորտում Մոսկվան ինչ նախաձեռնություներով է հանդես գալու։

«Մշակվում է Երևանում ռուսական գիմնազիայի և Մոսկվայի պետական համալսարանի բաժանմունքի ստեղծման առաջարկը: Ընդ որում, այս առումով մենք հաջողված փորձ ունենք՝ նկատի ունեմ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը և մեր վեց բուհերի բաժանմունքները, որոնք բացված են Հայաստանում, և ուր ուսանում են ավել քան 2000 ուսանողներ»,- ասել էր Պուտինը։

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում փոխանցեց՝ իշխանությունները մտավախություն չունեն, թե Հայաստանում ռուսաց լեզվի տարածման, դիրքերի ամրապնդման ուղղությամբ Մոսկվայի քայլերը կարող են սպառնալիքի ստեղծել մեր ազգային անվտանգության համար։

«Այն կարևորագույն հարցերից մեկն է, որը առնչվում է մեր ինքնությանը, և մեր ինքնության պահող սյունը հենց հայոց լեզուն է։ Ի՞նչ է նշանակում պահանջել, որ [ռուսերենը դառնա երկրորդ լեզու], մենք ինքնիշխան երկիր ենք, և եթե պահանջեն, նույն կերպ ինչ ձևով ձեզ մոտ է առաջանում սեփական արժանապատվության խնդիր և մնացած հարցադրումները, բնական է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ նման հարցադրումներ կառաջանան։ Եվ ընդհանրապես այդ պահանջելը եկեք դնենք մի կողմ»,- ասաց Դավթյանը։

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանի ներկայացմամբ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Ռուսաստանը կսկսի իրականացնել մշակութային էքսպանսիայի քաղաքականություն՝ այդ թվում ռուսաց լեզվի տարածման միջոցով:

«Ես կարծում եմ՝ եթե այդ լեզվական «հարձակումը» իրականացվի, դա հակադարձ ռեակցիա է առաջացնելու. մինչև վերջերս ես՝ ինքս այդ խնդրին բավական հանգիստ էի վերաբերում, որովհետև վտանգ չէի տեսնում, բայց եթե հիմա այդ «հարձակումը» լինի, շատ հաճախ ասում են՝ հայերը վտանգի ժամանակ են ոտքի կանգնում, իմ կարծիքով՝ դա կկատարվի»,- ասաց Պետրոսյանը։

«Ռուսական կողմի այս քայլերը միանշանակ սպառնալիք են թե՛ հայոց լեզվի, թե՛ հայոց ինքնության համար ընդհանրապես, քանի որ ռուսաց լեզվի տարածումը Հայաստանում իրականացվելու է ոչ թե անգլերենի, ֆրանսերենի կամ պարսկերենի հաշվին, այլ միմիայն հայերենի հաշվին, ինչպես որ եղել է խորհրդային տարիներին»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը.- «Սա նշանակում է, որ մարդը կյանքում իրականացում գտնելու համար պետք է ստանա բարձրագույն կրթություն ռուսերեն կամ Ռուսաստանում, կամ Հայաստանում, և ինքը դրանով շատ լուրջ մրցակցային առավելություն է ստանալու իր հայրենակիցների հանդեպ և այլն։ Ամենավտանգավոր բանը, որ կարող է լինել, և լինելու է, եթե դա չկանխվի, դա ոչ հայախոս և հայկական պետականության կատեգորիաներով չմտածող վերնախավի ձևավորումն է, որը տզրուկի, մակաբույծի նման նստելու է հայ ժողովրդի վզին և մեր մշակույթի, մեր ինքնության, մեր նպատակների, ազգային իղձերի հաշվին փորձելու է իրեն իրականացնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG