Մատչելիության հղումներ

logo-print

«Կանաչ լույս»՝ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի համար


ԵԽ նիստերի դահլիճը, Ստրասբուրգ

ԵԽ նիստերի դահլիճը, Ստրասբուրգ

Եվրոպական խորհրդարանը այսօր կողմ քվեարկեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ետընդունման համաձայնագրերին՝ փաստորեն հաստատելով իր պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ մարդկանց տեղաշարժի և նրանց ապահով վերադարձի հարցերի շուրջ:

Այսպիսով՝ Եվրամիությունը համաձայն է Հայաստանի քաղաքացիներին ավելի դյուրին պայմաններով տրամադրել Շենգեն արտոնագիրը, փոխարենը պարտավորեցնելով Հայաստանին ետ ընդունել Եվրոպայում ապօրինի գտնվող իր քաղաքացիներին:

Երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև մեկնարկել էին 2011-ին` արձանագրելով, որ Արևելյան գործընկերության ծրագիրը բացի քաղաքական և տնտեսական համագործակցությունից ընձեռում է հնարավորություն հարաբերությունները խորացնել նաև մարդկանց տեղաշարժի, վիզային քաղաքականության և ետընդունման հարցերում:

Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությունից հետո Հայաստանում կարծիքներ էին հնչում, որ ԵՄ-ն կարող է չվավերացնել այս համաձայնագրերը: Սակայն ինչպես փորձագետներն են ասում, սա համագործակցության առանձին ոլորտ էր, որի սկիզբը դրվեց Ասոցացման համաձայնագրի համատեքստում, սակայն որպես «պարգև» մնաց Հայաստանին` անկախ Ասոցացման համաձայնագրի հետ ծագած խնդիրներից:

Եվրոպացի պաշտոնյաները, սակայն, հիշեցնում են, որ վիզայի դյուրացման համաձայնագիրը վերաբերում է միայն կարճաժամկետ վիզաների ընթացակարգերի դյուրացմանը:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով Շենգենյան գոտու երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես, պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ-ի երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ-ի երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների և այլոց համար: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան գոտի մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Ինչ վերաբերում է ռեադմիսիայի` ետընդունման համաձայնագրին, ապա սրա ընդունումը նշանակում է, որ Հայաստանը համաձայնում է համագործակցել ԵՄ-ի հետ Եվրամիությունում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին ետ ընդունման հարցում: Եվ, իհարկե, ԵՄ-ն համաձայնում է ետ ընդունել Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող իր քաղաքացիներին: Այլ կերպ ասած` այս համաձայնագիրը կօգնի բալանսավորել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի միջոցով առաջացած միգրացիոն հոսքերը: Այսպիսով, հետընդունման համաձայնագիրը միտված է արդյունավետ և ապահով ընթացակարգ ձևավորել մարդկանց վերադարձի համար:

Ի դեպ, Վրաստանն արդեն ստորագրել է այս համաձայնագրերը ԵՄ-ի հետ: Եվրախորհրդարանի որոշ անդամներ նույնիսկ ջանքեր էինք գործադրում այս ընթացքում Հայաստանին զուգահեռ միաժամանակ սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ, այսպիսով, փաստորեն փորձելով կապել այս երկու երկրները ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Սպասվում է, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և մարդկանց հետընդունման համաձայնագիրը ԵՄ-ն կքննարկի և կքվեարկի մի քանի այլ ձևաչափերով ևս մինչ այս տարեվերջ և արդեն հաջորդ տարվա սկզբին համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն:
XS
SM
MD
LG