Մատչելիության հղումներ

Առաքելյանը դեռ կմնա անազատության մեջ


Տիգրան Առաքելյանին հեռացնում են Վերաքննիչ դատարանի դահլիճից, Երևան, 9-ը հոկտեմբերի, 2013թ․

Տիգրան Առաքելյանին հեռացնում են Վերաքննիչ դատարանի դահլիճից, Երևան, 9-ը հոկտեմբերի, 2013թ․

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների գործով դատական նիստը Վերաքննիչ քրեական դատարանում ընդմիջվեց երկու օրով:

Այսօր ավարտվեց գործով դատաքննությունը, և երբ կողմերին առաջարկվեց հանդես գալ ճառով, երկու տարի անազատության մեջ գտնվող ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը փորձեց մինչ պաշտպանական ճառի պատրաստումը իր պաշտպանյալի կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ հանդես գալ՝ հաշվի առնելով օրերս ընդունված համաներումը: Սակայն նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ նա այդ միջնորդությունը կարող է անել միայն պաշտպանական ճառի ժամանակ:

Տիգրան Առաքելյանը վրդովված բացականչեց, որ դատարանը, փաստորեն, չի հարգում նույնիսկ իր վերադասի կայացրած որոշումը համաներման մասին, և եթե այդպես է՝ իրեն այդ համաներումը պետք չէ:

Դահլիճում ներկաները սկսեցին սուլել և բացականչել՝ «ամո՛թ», այդ պահին դատարանը հեռացավ դահլիճից առանց որևէ բան ասելու, ինչից հետո Առաքելյանի թևերը բռնած ուժով տարան դահլիճից:

Որոշ ընդմիջումից հետո դատարանը վերադարձավ, նախագահող դատավորը հայտարարեց, որ կողմերին ճառին պատրաստվելու համար տրամադրվում է օրենքով սահմանված երկու օրը, և դատական նիստը կշարունակվի ուրբաթ օրը:


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG