Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը հայտարարեց համաներումից հրաժարվելու մասին


Տիգրան Առաքելյանը հայտարարեց համաներումից հրաժարվելու մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

«Ես պաշտոնապես հրաժարվում եմ: Թույլ չեմ տալիս կիրառել ամնիստիա իմ վրա», - հայտարարեց ակտիվիստը:

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով երկու տարի ազատազրկման մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը չորեքշաբթի օրը դատարանի դահլիճում վրդովված հայտարարեց, որ հրաժարվում է իր նկատմամբ համաներման կիրառումից, որովհետև դատարանը չցանկացավ լսել նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:

Բանն այն է, որ այսօր ընդդիմադիր չորս ակտիվիստների գործով դատաքննությունը Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց, և կողմերին առաջարկվեց հանդես գալ ճառերով: Շուշանյանը հայտարարեց, որ պաշտպանական ճառի համար իրենց ժամանակ է անհրաժեշտ, և որպեսզի այդ ընթացքում Առաքելյանը չմնա անազատության մեջ, քանի որ համաներման որոշմամբ վերացել են նրա խափանման միջոցը չփոխելու բոլոր հիմքերը, ուստի անհրաժեշտ է կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցով:

Սակայն նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ փաստաբանն այդ միջնորդությամբ կարող է հանդես գալ պաշտպանական ճառի ժամանակ. եթե նույնիսկ փորձի դա հիմա անել, միևնույնն է՝ միջնորդությունը քննվելու է վերջնական դատական ակտի հետ միասին։

Սա վրդովեցրեց պաշտպաններին և մեղադրվողներին։ Մուշեղ Շուշանյանը սա համարեց իր դատավարական իրավունքների խախտում: Տիգրան Առաքելյանն էլ վրդովված բացականչեց, որ դատարանը, փաստորեն, չի հարգում նույնիսկ վերադասի կայացրած որոշումը համաներման մասին, և եթե այդպես է՝ իրեն այդ համաներումը պետք չէ:

«Ես պաշտոնապես հրաժարվում եմ, ես թույլ չեմ տալիս կիրառել ամնիստիա իմ վրա։ Այսինքն ապօրինի՞ է պահվում ինձ կալանքի տակ հիմա: Երկու ամիս ավել եմ նստել: Էն էլ ձեր կուսակցապետի ամնիստիան է, դուք չե՞ք հարգում ձեր կուսակցապետի ընդունած օրենքը: Օրենք է, չէ՞, ամնիստիան: Դա էլ ևս մեկ փաստ, որ սա քաղաքական հետապնդում է, ժամ ավել պահել կալանքի տակ։ Ծափահարություն ձեզ, դուք կարողանում եք դա անել » ,- բացականչեց ակտիվիստը։

Երբ դատարանում ներկաները սկսեցին սուլել և բացականչել՝ «ամո՛թ», դատարանը հեռացավ դահլիճից առանց որևէ բան ասելու, ինչից հետո Առաքելյանի թևերը բռնած ուժով տարան դահլիճից:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը Մուշեղ Շուշանյանին՝ այսօր միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկելը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան որակեց՝ դատարանի կողմից միտումնավոր քայլ. - «Հիմա այն իրավիճակում են մեզ դրել, որ կա'մ պետք է շատ քիչ ժամանակ ուզենք ճառերին նախապատրաստվելու համար, որը էլի մեր իրավունքի խախտում է լինելու, կա'մ պետք է ուզենք երկար ժամանակ ավելի լուրջ նախապատրաստվելու համար, և այդ ամենը լինելու է Տիգրան Առաքելյանի ազատության հաշվին։ Դատարանը շատ լավ հասկանում է դա»։

Հարցին, թե կարող է արդյոք համաներումից հրաժարվելը հետևանքներ ունենալ Տիգրան Առաքելյանի համար, Ստեփան Ոսկանյանը պատասխանեց, որ Առաքելյանը կարող է դիրքորոշում հայտնել միայն այն ժամանակ, երբ դատավճռով պաշտոնապես համաներումը կկիրառվի նրա նկատմամբ:

Ի դեպ, դատարանում մթնոլորտը հենց սկզբից լարված էր, որովհետև նախորդ նիստերին մշտապես ներկա մի քանի տասնյակ կանանց թույլ չէին տալիս մտնել դահլիճ, թեև նիստն անցկացվում էր կիսադատարկ դահլիճում։ Նրանք այն կանայք են, որոնք ժամանակ առ ժամանակ բացականչություններով ու վրդովմունքով արձագանքում են դատարանի որոշումներին։

«Սա դատավոր Եվա Դարբինյանի հրամանն է, վախենում են, սա է մեր երկիրը», - բացականչում էին կանայք։

Միջանցքում նրանց ու դատական կարգադրիչների միջև վիճաբանությունը չդադարեց այնքան ժամանակ, մինչև ի վերջո կանանց թույլատրեցին ներս մտնել։

Ինչ վերաբերում է նիստին, ապա այսօր նիստի սկզբում կրկին հարցաքննվեց տուժող ճանաչված ոստիկան Շահեն Հարությունյանը, ով, հիշեցնենք, իր հեռախոսով նկարահանել է 2011-ի օգոստոսի 9-ին Խնկո ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպը, բայց ոչ ոք տեսագրությունը չի տեսել, որովհետև ոստիկանը մշտապես պնդում է, որ դեպքի պահին Տիգրանն իրեն հարվածել գցել է գետնին, և հեռախոսը կորցրել է։ Ակտիվիստները պնդում են, որ տեսագրությունը դիտավորյալ է թաքցվում` իրենց նկատմամբ ոստիկանների բռնություններն ու ապօրինությունները չհրապարակելու համար։

Տիգրան Առաքելյանը սուտ բնորոշելով ոստիկանի պնդումները, հայտարարեց, որ ըստ «Վիվասել» ընկերության տրամադրած փաստաթղթի, տվյալ հեռախոսահամարի հետ կապը չի ընդհատվել այս տարիների ընթացքում։ Բոլոր հարցերին ոստիկան Շահեն Հարությունյանը պատասխանում էր մի քանի բառով՝ չեմ հիշում։

«Նա չի հիշում, իսկ մենք լավ ենք հիշում, այստեղ էլ ֆիքսված է», - հակադարձեց Տիգրան Առաքելյանը. - «Խնդրում եմ նկատի ունենալ, որ նա ամբողջովին սուտ ցուցմունք է տվել։ Իսկ մեղադրողի դիրքորոշման մեջ ես կուզեմ լսել որևէ հոդաբաշխ բացատրություն»։

Այս արտահայտությունը վրդովեցրեց դատախազ Հակոբ Մարտիրոսյանին, ով Առաքելյանի հայտարարությունները որակեց «իրավաբանությունից լրիվ հեռու»:

«Դո'ւք եք եղել այս քրեական գործի «կուրատորը», Դո'ւք չպետք է թույլ տայիք, որպեսզի այսպիսի կեղծիքներ լինեին քրեական գործում, գոնե Դուք ձայն մի հանեք», - ի պատասխան բացականչեց ակտիվիստը։

Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 11-ին։
XS
SM
MD
LG