Մատչելիության հղումներ

Աղավնաձորցիները սպառնում են իրենց խաղողի բերքը բերել Երևան


Խաղողագործները սպառնում են խաղողը հասցնել Հանրապետության հրապարակ
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործները սպառնում են իրենց բերքը հասցնել մայրաքաղաք՝ բողոքի ակցիա անցկացնելով Կառավարության շենքի առջև։

Այսօր նրանք փորձել են փակել միջպետական ճանապարհը, բայց ոստիկանությունը թույլ չի տվել շարունակել ակցիան։ Մի քանի ժամ ճանապարհին մնալով՝ աղավնաձորցիները բողոքի ակցիան տեղափոխեցին գյուղապետարան։ Նրանք բողոքում են խաղող մթերող ընկերություններից, որոնք հրաժարվում են արենի տեսակի խաղողը մթերել։

Այս տարվա հուլիսին կառավարության նիստում գյուղնախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրել էր, որ մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։ «Բոլոր վերամշակող ձեռնարկությունների հետ բանակցություններ են վարվում. իրենց պահանջարկն ավելի շատ է, քան սպասվող բերքը: Այնպես որ մթերումների առումով մենք խնդիրներ չենք ունենա»,-հայտարարել էր նա։

Աղավնաձորցիները գյուղապետարանում միմյանց հերթ չտալով ցավով էին խոսում արդեն փչացող բերքի մասին։

Գյուղապետ Աշոտ Գալստյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ ավելի քան 20 մթերող ընկերություններից պատասխան են ստացել, որ արտադրության համար անհրաժեշտ արենի տեսակի խաղողի կարիք իրենք չունեն։

«Չեն կարողացել գինին իրացնել, նոր ամաններ չունեն լցնելու, տեղ չունեն», - ասաց Գալստյանը:

Մյուս կողմից, մթերող ընկերությունները առաջարկել են գինու արտադրության համար պիտանի խաղողը մթերել այլ նպատակներով՝ կիլոգրամը 180 դրամով, այն դեպքում, երբ նախորդ տարի այս տեսակի խաղողի մեկ կիլոգրամը մթերվել է 230 դրամով:

«20 տարի է այդ հարցը չի կարգավորվում», - դժգոհում էր գյուղապետը, - «Ամեն ինչ թանկացավ՝ մեզ մոտ իջնում է»:

Վրդովված աղավնաձորցիները նշում են, որ հարևան գյուղերում նման խնդիր չկա՝ խաղողը մթերվել է առանց խնդիրների։ Պատճառն, ըստ գյուղապետի այն է, որ արենի տեսակի խաղողի 70 տոկոսն իրենք են ապահովում, և քանի որ մթերող ընկերությունները այս տարի գինու արտադրության պահանջարկ չունեն, ապա քիչ քանակությամբ մթերել են հարևան գյուղերի խաղողը։ Սակայն գյուղացիները այլ պատճառ էին բերում՝ հարևան գյուղերում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ լայնածավալ հողատարածքներ ունեն։ Բարձրաստիճան պաշտոնյաների շարքում աղավնաձորցիները մատնանշում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաև Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանին։

Հարությունյանը ներկա էր գյուղապետարանում տեղի ունեցող ակցիային: «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանելով այս ոլորտի խնդիրները՝ նա որպես հիմնական պատճառ մատնանշեց այն, որ գյուղացին հողի հետ միայնակ է։

«Բոլոր երկրներում պետությունը կանգնում է գյուղացու կողքին: Բոլոր երկրներում խաղողագործությունը ֆինանսավորվում է, դոտացիա է, չի թողնում գյուղացին մեն-մենակ մնա հողի հետ», - ասաց Հարությունյանը:

Աղավնաձորցիների այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ նրանց հետ հարցը քննարկել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։ Նա խոստացել է լուծում տալ հարցին։
XS
SM
MD
LG