Մատչելիության հղումներ

Փակ շուկայում էր հանրապետության «միակ հայրենասերը»


Երեկ ուշ երեկոյան Փակ շուկայում էր հանրապետության «միակ հայրենասերը»։ Այս տիտղոսը Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին են տվել շուկայի աշխատակիցներ և շրջակայքի բնակիչներ ներկայացող անձինք։

Երեկոյան Ալեքսանյանը իր երեխաների հետ շրջում էր շուկայի տարածքում, ժպտում, շնորհավորանքներ ստանում։

Թե շուկայի ներսում իրականացված շինաշխատանքների արդյունքում ի՞նչ է փոխվել, փորձեցինք պարզել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի օգնությամբ։ Ուսումնասիրելով փոփոխությունները՝ ճարտարապետը ասաց, որ հուշարձանն ուղակի ոչնչացվել է։ Դա լսելով՝ Ալեքսանյանը մոտեցավ և Թարխանյանին մեղադրեց շոու կազմակերպելու մեջ։

«Շենքը այլանդակեցիք»,- իր հերթին մեղադրեց Թարխանյանը։

Ալեքսանյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ խոստանալով խոսել առաջիկա օրերին։ Նրա հեռանալուց մի քանի րոպե անց մեզ մոտեցան պատգամավորի տասնյակ կողմնակիցներ, ովքեր պնդում էին, թե Ալեքսանյանի դեմ խոսող բոլոր մարդիկ ծախված գործակալներ են, իսկ նա՝ մեծ բարեգործը, Փակ շուկան ուղակի հրաշք է դարձրել, որի նմանը աշխարհում չկա.- «Փոսեր կային, որ մարդիկ ընկնում էին, ոտք էին ջարդում, կռիսանոց էր, կեղտի մեջ կորած էր, հիմա հրաշք է կատարվել»։

Լսելով բնակիչների անունից հնչող հայտարարությունները, մեզ մոտեցավ նաև մի կին՝ պահանջելով բնակիչների անունից չխոսել։

«Խի՞ եք իմ անունից հայտարարություններ անում, ձե՛ր անունից խոսեք»,- հորդորեց նա։

Ալեքսանյանի աջակիցները ասացին, թե ոչ ոքի թույլ չեն տա խոսել գործարար-պատգամավորի դեմ, ինչը ապացուցեցին տեղում, երբ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը շենքի դիմաց «Ազատություն TV»-ի ուղիղ եթերում բացատրում էր, թե ինչ խախտումներ են կատարվել շինաշխատանքների ժամանակ։

Սպասվում է, որ արդեն վաղը տեղի կունենա Փակ շուկայի պաշտոնական բացումը։ Այդ առիթով վաղվանից շուրջօրյա բողոքի ակցիաներ է նախատեսում անցկացնել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը։ Ի դեպ, երեկ Փակ շուկայում գտնվող Ալեքսանյանը ասում էր, որ պետք է տեսնել լավը և գնահատել, նա չէր ընդունում, որ հուշարձանին վնաս է հասցվել։
XS
SM
MD
LG