Մատչելիության հղումներ

Գազի գնի սուբսիդավորման հարցը «դուրս եկավ օրակարգից»


Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան

Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո լուծվեց գազի գնի սուբսիդավորման խնդիրը, հարցն ուղղակի դուրս եկավ օրակարգից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

«ՀայՌուսգազարդ»-ը, ըստ վերջին պայմանագրի, գազը ձեռք է բերում 270 դոլարով, սակայն պայմանավորվածության համաձայն՝ ռուսական կողմն իր վրա էր վերցրել 30 տոկոսը փոխհատուցելու պարտավորվածությունը, ուստի սահմանին գազի գինը 189 դոլար էր կազմում։

«Արտահանման հարկերը, որոնք կան ռուսական դաշտում, դրանք այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա, դա կազմում է շուրջ 30 տոկոս։ Այսինքն Հայաստան ներկրվող գազը լինելու է ռուսական գազի գնին, գումարած՝ տրանսպորտային ծախսերը, որով այն հասնում է Հայաստան»,- ասաց նախարարը։

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև բանակցությունները, սակայն, շարունակվում են, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց էներգետիկայի նախարարը, քանի որ գազի թանկացումից հետո մինչև սեպտեմբերի 3-ը չսուբսիդավորված գազի պարտք կա։ Բանակցությունները դրա փոխհատուցման ձևերը գտնելու համար են, նշեց Մովսիսյանը։

Նախարարը հստակեցրեց միայն մի բան՝ փոխհատուցումը ռուսական կողմն է իր վրա վերցրել, սակայն ինչպես, ինչի դիմաց, այդ հարցերը կրկին անպատասխան թողեց՝ հղում կատարելով բանակցությունների անհստակությանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե սուբսիդավորման գումարը գտնելու համար ռուսական կողմի հետ բանակցում են դրամաշնորհ ստանալու հարցով։ Խոսվում էր նաև «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին զիջելու մասին։

Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարը, սակայն,գազի սակագնի իջեցում բնակչությանը չի խոստանում, գազի գինը հավանաբար չի բարձրանա, բայց չի էլ իջնի, ասաց էներգետիկայի նախարարը։

«Հաշվարկները ցույց են տալիս, որ թանկացում հավանաբար չի լինի, բայց էժանացում էլ չի լինի, քանի որ մենք էն գլխից ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն։ Նախկինում բանակցությունները գնում էին հինգ տարվա կտրվածքով, որ ՀՀ-ում գազի գինը հինգ տարի կմնա անփոփոխ, հիմա Մաքսային միություն մտնելուց հետո այդ ժամկետային սահմանափակումը դուրս է գալիս, և Մաքսային միության մեջ գազի գինը կախված կլինի Ռուսաստանի գներից, այսինքն՝ ներքին շուկային գները, գումարած տրանսպորտային ծախսերը այս գազը Հայաստան հասցնելու համար»։

Մովսիսյանն ասաց՝ եթե Հայաստանը Մաքսային միություն չմտներ, գազը 270 դոլար կարժենար։

Գազի գնի ներկրման պայմանագիր կա, բայց ոչ Հայաստանի և Ռուսաստանի միջև, այլ «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդ»-ի միջև. Էներգետիկայի նախարարը այսօր այսպես պատասխանեց արդեն կես տարուց ավելի գազի գնի պայմանագիր պահանջող Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանին։ Վարչապետն ասել էր՝ պայմանագիր չկա, հիշեցրին լրագրողները։ Նախարարն ասաց՝ վարչապետը նկատի էր ունեցել սուբսիդավորմանը վերաբերող միջպետական պայմանագիրը։ Այնինչ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը գազի գնի պայմանագրի մասին հստակ հարց էր տվել։

«Պայմանագիրը գտնվում է «ՀայՌուսգազարդ»-ում, հարցը բարձրացնողին՝ պարոն Մանուկյանին պայմանագրի օրինակը ուղարկված է վարչապետի հանձնարարությամբ»,- ասաց Մովսիսյանը։
XS
SM
MD
LG