Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 8-ի մամուլ


Անդրադառնալով Փակ շուկայի վերաբացմանը՝ «Չորրորդ իշխանություն»-ն ամփոփում է․ - «Եվ այսպես, տևական, ծանր մարտերի արդյունքում Սամվել Ալեքսանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ հասարակության, Երևանի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության և ՀՀ օրենքների նկատմամբ, «Փակ շուկան» բացվեց և այսուհետ գործելու է որպես «Երևան սիթի»: Ավելին, Սամվել Ալեքսանյանն անձամբ ներկա էր արարողությանը և «կայֆեր էր բռնում» ներկաների վրա՝ բացատրելով, որ ինքն այդ ամենի հետ հեչ կապ չունի և ընդամենը մտել է միրգ առնելու»: «Խնդիրն, իհարկե, Սամվել Ալեքսանյանը չէ, խնդիրը նույնիսկ այն չէ՝ «Փակ շուկան» փայլուն ճարտարապետական կոթո՞ղ էր, թե՞ ոչ, ավերվե՞լ է, թե՞ համարյա չի ավերվել, օրենք խախտվե՞լ է, թե՞ ոչ և այլն: Շատ ավելի կարևոր է այն, որ սա մարդկային արժանապատվության խնդիր է: Հասարակությունը չպետք է թույլ տա, որ ինչ-որ մեկը և՛ իր հաշվին հարստանա, և՛ իրեն ծաղրուծանակի ենթարկի», - գրում է թերթը:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը․ - «Փակ շուկան ոչ թե աղճատվել է, այլ ուղղակի ավերված է, ու այն այլևս իրենից ոչ մի, բացարձակապես ոչ մի արժեք չի ներկայացնում: Ավելի ճիշտ, այն նույնքան արժեք է ներկայացնում, որքան, ասենք, նույն Ալեքսանյանի «Բանգլադեշում» տեղակայված «Երևան Սիթին»: Փակ շուկայի արժեքը դրա ծավալային լուծումն էր, միայն կամարներով պարփակված հսկայական տարածք: Հիմա այդ տարածքը բաժան-բաժան է արվել քառակուսի, «եվրոռեմոնտ» արած պլպլան խցերով: Առաջին միտքը, որ ծագում է այս կառույցը ներսից տեսնելիս, այն է, որ ավելի լավ էր շենքը հիմնահատակ քանդել ու տեղը սովորական քառակուսի շուշաթղթած մի բան կառուցել: Արդյունքը կլիներ բացարձակապես նույնը: Իհարկե, Սերժ Սարգսյանին, Տարոն Մարգարյանին, Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին և մեր այլ բարձրաստիճան պաշտոնյաներին դժվար է, շատ դժվար է բացատրել, թե որն է իսկական Փակ շուկայի և ներկայիս Փակ շուկայի տարբերությունը: Նրանց ճաշակն ու արժեքային համակարգը բոլորովին չի տարբերվում Սամվել Ալեքսանյանի, կամ ի պաշտպանություն նրա՝ Փակ շուկայի մոտ պարբերաբար միտինգ անող լֆիկական բրիգադների հավաքական ճաշակից»:

«Ժողովուրդ»-ն անդրադառնում է մեկ այլ կառույցի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրին․ - «Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը: Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ:
Մինչդեռ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը»: «Թող գնան Էջմիածինը քանդեն, ավելի հին է: Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդե՞ն: Այդ շենքը կարող են օգտագործել մեր ժողովրդի, ուղևորների համար: Պատրաստված և ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, և արդյոք պետք է այն քանդել, թե, այնուամենայնիվ, արժե պարզապես ամրացնել ու նորոգել», - ասել է Ադբաշյանը:

«168 ժամ»-ը գրում է․ - «Քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկել աշխատավարձերի բարձրացման մասին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների հակասությունը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի վերջին Կրթության և գիտության նախարարությունում հայտարարել էր, որ պետական ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են 2014թ. հունվարի 1-ից, ընդ որում, բարձրացումը, ըստ նրա նշած կոնկրետ թվերի, պետք է լիներ մոտ կրկնակի: Դրանից ուղիղ մեկ ամիս անց Տ. Սարգսյանը հայտարարեց, որ աշխատավարձերը կավելանան 2014 թվականի հուլիսի 1-ից՝ 40 տոկոսով: Այս երկու հայտարարությունների տարբերության՝ հրապարակավ հնչող բացատրությունն այն է, թե կառավարությունն ի վիճակի չէ կատարել նախագահի խոստումը: Բայց դա շատ պարզունակ բացատրություն է: Կրթության նախարարությունում Ս. Սարգսյանը խոսում էր շատ կոնկրետ թվերով: Սերժ Սարգսյանը չէր կարող նման հայտարարություններ անել` առանց կոնկրետ հաշվարկների, որոնք, պետք է ենթադրել, ներկայացվել են, թերևս, նույն կառավարության կողմից՝ Տ. Սարգսյանի գլխավորությամբ: Այս հարցում որոշակի հստակություն կարող է մտցնել Ս. Սարգսյանի հայտարարության ամսաթիվը՝ օգոստոսի 28: Դրանք այն ժամանակներն էին, երբ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանը կարող է տապալել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման բանակցությունները և մտնել Մաքսային միություն: Իսկ այդ համաձայնագրի նախաստորագրումից հետո տեղի էր ունենալու ԵՄ-ի խոստացած դոնորների համաժողովը, որի արդյունքում, ըստ նույն խոստման, Հայաստանին տրամադրվելու էր 1-1.5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG