Մատչելիության հղումներ

Փակ շուկայի ոդիսականը. Երբ պետական կառույցներն անզոր են


Նախագահ Սերժ Սարգսյան, Սամվել Ալեքսանյան
Նախագահ Սերժ Սարգսյան, Սամվել Ալեքսանյան
«Փակ շուկայի» տխուր պատմությունը սկսվեց 2011 թվականի սեպտեմբերին, երբ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնը հայտարարեց, որ շուկան ոչ շահութաբեր լինելու պատճառով վաճառվել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։

2012-ի հունվարից արդեն սկսվեցին Փակ շուկայի շինարարական աշխատանքները, և չնայած կառուցապատողը միայն ստորգետնյա աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ուներ, մարտին քանդվեց շուկայի տանիքը: Կատարված համար Երևանի քաղաքապետարանը 200 հազար դրամով տուգանեց «Երևանի թիվ մեկ շուկա» ընկերությանը: Չնայած Երևանի քաղաքապետարանը վստահեցնում էր, թե վերգետնյա շինարարական աշխատանքները դադարեցված են, մայիսի 27-ի գիշերը շինտեխնիկան մտավ շուկա՝ քանդելով պատմամշակութային կառույցի կամարները:

Կատարված ապօրինության շուրջ բարձրացված աղմուկից հետո մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ հատուկ հանձնաժողով ստեղծվեց: Արձանագրվեց, որ հաստատված նախագծից դուրս աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, քանդվել են որոշ միջհարկային ծածկեր՝ խախտելով շինության կայունությունը, տեղի է ունեցել նաև հիմնական կամարների փլուզում:

Այս ամենը արձանագրելուց հետո պետական մարմիններից կազմված հանձնաժողովը «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին առաջարկեց սեղմ ժամկետում մշակույթի նախարարության քննարկմանը ներկայացնել հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր նախագիծ: Իհարկե, հուշարձանի վերակառուցման որևէ գործընթաց չսկսվեց, ավելին՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, թե շուկայի կամարները ինքնափլուզվել են, իսկ շինարարական տեխնիկան էլ գիշերով շուկա էր մտել, այդ փլուզումը կանխելու համար:

Նույն հարցազրույցում՝ 2012 թվականի մայիսին, Սամվել Ալեքսանյանը խոստանում էր՝ Ծածկած շուկան սուպերմարկետ չի դառնալու, այն մեկ հարկանի է լինելու, կամարներն էլ վերականգնվելու են:

«Շուկա է լինելու, շուկա՛»,- հավաստիացնում էր Ալեքսանյանը։

Բնականաբար, այս խոստումները չկատարվեցին, կամարներն էլ չվերականգնեցին: Ստացվեց, որ Երևանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը այդպես էլ չկարողացան գործարար պատգամավորին հարկադրել վերականգնել հուշարձանը: Ոչ միայն կամարները չվերականգնվեցին, այլև 2013-ին սեփականատերն անկաշկանդ շարունակեց առանց թույլտվության իրականացնել վերգետնյա շինարարական աշխատանքները: Քաղաքապետարանն այս անգամ էլ չդիմեց իրավապահ մարմիններին. փոխարենը, այս տարվա սկզբին ևս մեկ անգամ տուգանեց «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին, այս անգամ 2.5 միլիոն դրամով:

Այս տուգանքները, բնականաբար, շուկայի սեփականատիրոջ վրա որևէ ազդեցություն չունեցան. նա հանգիստ շարունակեց ավարտին հասցնել շուկայի աղճատման աշխատանքները: Ավելին, 2013-ի հունիսին բոլորի համար անսպասելիորեն Երևանի քաղաքապետը հայտարարեց, թե Սամվել Ալեքսանյանը ցանկացել է շուկայում դեռ մի բան էլ բազմաբնակարան շինություն կառուցել, ինչը կանխվել է:

«Սեփականատերը ցանկանում էր, որ այնտեղ բազմաբնակարան շենք կառուցվի, արգելվեց այդ կառույցը և երեկվանից սկսվեցին այդ ապամոնտաժման աշխատանքները։ Միանշանակ, ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին Երևան քաղաքի ճարտարապետությունը և դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն»,- խոստացել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Թեև Տարոն Մարգարյանը հայտարարում էր, որ օրենքը խախտողները պատժվելու են, սակայն այդպես էլ պատմամշակութային կառույցը աղավաղելու համար իրավապահ մարմիններին չդիմեց: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞ւ օրենքը խախտելու և իրենց որոշումները չկատարելու փաստով չեն դիմում իրավապահ մարմիններին, այս տարվա հունիսին՝ իր վերընտրությունից հետո Տարոն Մարգարյանը բավական ուշագրավ պատասխան տվեց:

«Աշխատանքները քանդման շարունակվում են, ինչի՞ համար դիմենք»,- ասաց նա։

Իսկ շուկայի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, շարունակում էր կատակել և Տարոն Մարգարյանին համարել Երևանի լավագույն քաղաքապետ.- «Որովհետև եկավ, շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել էս 20 տարվա մեջ»։

Այսպիսով խորհրդարանական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը ստացած գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի հետ արեց այն, ինչ ուզում էր՝ ընդամենը վճարելով 2.7 միլիոն դրամի (մոտ 6500 դոլար) տուգանք: Նրա կամայականությունների դեմ անզոր գտնվեց մի ամբողջ նախարարություն, մի ամբողջ քաղաքապետարան, և ինչպես Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էր խոստովանել՝ բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին և հուշարձանը աղճատվեց:

«Այնպիսի խնդիր է, որտեղ ես որևիցե պատասխան կամ արդարացում չեմ կարող ասել»,- խոստովանել էր ճարտարապետը։
XS
SM
MD
LG