Մատչելիության հղումներ

Վարչապետը Ամուլսարի հարցով ջերմուկցիներին հավաստիացումներ է տվել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին գրավոր հավաստիացրել է, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը բնապահպանական խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվի:

Ամուլսարը գտնվում է Ջերմուկից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա, և բնապահանները, տնտեսագետները, տեղի բնակիչներն ու քաղաքային իշխանությունները մտահոգություն են հնչեցնում՝ եթե հսկայածավալ հանքավայրը շահագործվի, Ջերմուկը կկանգնի բնապահպանական, իսկ հետո նաև՝ տնտեսական աղետի առջև:

«Քաղաքից, բնակչության, հանգստացողների կողմից դիմում-նամակ ենք հղել կառավարությանը և խնդրել ենք, որ հետամուտ լինեն քաղաքի հետագա զարգացմանը, Ամուլսարի ծրագրին։ Պատասխանեցին, որ իրենք հետևում են այդ գործընթացին, ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը, և եթե իրոք դա կխանգարի մեր կուրորտային քաղաքին, հանքը չի գործի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը Հայաստանի կառավարությունը տվել է Geoteam ՓԲԸ-ին, որի 100 տոկոս սեփականատերն է բրիտանական Lydian International Limited ընկերությունը: Lydian International Limited-ը գրանցված է Լա Մանշ նեղուցում գտնվող Նորմանդյան կղզիներում, որոնց Մեծ Բրիտանիայում անվանում են Չենել այլենդս (Channel Islands):

Այս մարտի ամսին հայտարարվեց, որ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով հայտնի է Հայաստանի իշխանությունների հետ ունեցած սերտ կապերով և օրերս երկրորդ անգամ նշանակվեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, դարձել է Lydian International Limited տնօրենների խորհրդի անդամ:

Ըստ տարածված տեղեկության, ընկերությունը պատրաստվում է Ամուսլարի ծրագրի իրականացման ընթացքում ներդնել ավելի քան 400 միլիոն դոլար, իսկ հանքավայրը կսկսի աշխատել արդեն 2016 թվականից։

«Նախ մենք ունեցել ենք հանքային ջուր, Ջերմուկ առողջարան, հետո է հայտնաբերվել ոսկին Ամուլսարում։ Եվ մենք մեր պայմանները ներկայացրել ենք միջազգային կազմակերպությանը, որ եթե դա խանգարի Ջերմուկին, Ջերմուկը միահամուռ դեմ է ծրագրին»,- ասաց քաղաքապետը։

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի առնչությանը այս հանքավայրին՝ Վարդան Հովհաննիսյանն ասաց, թե այդ փաստը իրեն չի անհանգստացնում։

Բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց՝ Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումը բնապահպանական լուրջ խնդիրներ կառաջացնի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի համար, քանի որ Ամուլսարի հարակից տարածքներում են ընկած մի շարք գետերի ջրհավաք ավազանները:

Ըստ Զառաֆյանի, հանքավայրը դուրս է նետելու ավելի քան 90 միլիոն տոննա թունավոր նյութեր, որոնք ժամանակի ընթացքում հայտնվելու են շրջակա միջավայրում:

«Որ պետք է անպայման ազդի շրջական բոլոր համայնքների վրա, դա միանշանակ է։ Մենք ունենք այդպիսի հետևանքներ, օրինակ, Քաջարանի, Սոտքի, Կապանի հանքավայրերում։ Որտեղ լցակույտ կա, մոտավորապես 30 կմ-ի շրջանակներում հողն արդեն աղտոտված է»,- ասաց բնապահպանը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացմամբ, Ջերմուկի և Ամուլսարի հետ կապված այս ողջ պատմությունը ցույց է տալիս իշխանությունների իրականացրած տնտեսական ծրագրի հակասական բնույթը: Մի կողմից, Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե Ջերմուկը պետք է դարձնի զբոսաշրջային կենտրոն՝ դեռ 2008-ին ընդունում է համապատասխան որոշում, այդ նպատակով հատկացնում է հսկայական միջոցներ, այդ թվում՝ 20 միլիոն դրամ մոծակների դեմ պայքարելու համար, այնուհետև մշակվում է Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը, սակայն այդ ամենից հետո նույն կառավարությունը թույլ է տալիս, որ Ջերմուկից ընդամենը 13 կիլոմետր հեռավորության վրա շահագործվի ոսկու հանք, ինչն ուղղակի խաչ կքաշի զբոսաշրջության և հանքային ջրերի արտադրության վրա:

«Հանքավայրի շահագործման արդյունքում Ջերմուկում մարդիկ աշխատատեղեր կկորցնեն, որովհետև կկրճատվի զբոսաշրջիկների թիվը և հանքային ջրերի վաճառքն էլ կընկնի»,- շեշետեց Մակարյանը:

Ըստ Մակարյանի, Ջերմուկի պարագայում, սակայն, դեռ կարող են որոշակի զարգացումներ լինել, որովհետև այնտեղի զբոսաշրջային ու հանքային ջրերի բիզնեսի ետևում նույնպես ազդեցիկ մարդիկ են կանգնած:
XS
SM
MD
LG