Մատչելիության հղումներ

«Հայկական գործոնն» ադրբեջանական ընտրություններում


Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանրահավաքը Բաքվում: 5-ը հոկտեմբերի, 2013թ.

Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանրահավաքը Բաքվում: 5-ը հոկտեմբերի, 2013թ.

Արդեն որերոդ անգամ կովկասյան հերթական պետությունում` թեկնածուների և նրանց հարազատների հայկական ծագումը դառնում է նախընտրական արշավի առանցքային գործոններից մեկը:

Ադրբեջանում` հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ թեկնածուների հեռուստատեսային բանավեճի մի զգալի մասը վերածվեց փոխադարձ վիրավորանքներով համեմված մի վեճի, որի ընթացքում իշխանամետ «Մուասիր Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը ընդդիմության միասնական թեկնածու, պատմաբան Ջամիլ Հասանլիին մեղադրեց հայերի հետ ազգակցական կապեր ունենալու մեջ:

«Ա'յ Ջամիլ Հասանլի, քեզ բոլորն աքսակալ են անվանում, բայց արդյո՞ք լինում են նման աքսակալներ, որոնց փեսան ազգությամբ հայ է: Դուք փորձում եք քանդել մեր երկիրը, իմ դեմ հարձակումներ են սկսել անգամ ձեր հովանավորներին` հայերին պատկանող կայքերը», - հայտարարել է Ադրբեջանի թերևս ամենահայտնի «կեղծ ընդդիմադրի» համբավը վայելող Հաֆիզ Հաջիևը:

Նրա այս մեղադրանքին հետևել է ընդդիմության թեկնածուի ակնթարթային, բայց խիստ առարկայական պատասխանը. - «Հաֆիզ Հաջիևին կցանկանայի հիշեցնել` այդ դու չէի՞ր, որ 1996 թվականին հայտարարեցիր, թե Հեյդար Ալիևի մայրը ազգությամբ հայ է: Այն ժամանակ քեզ նման հայտարությունների համար նույնիսկ ձերբակալեցին: Եվ հիմա իշխանությունները հանդգնություն են ցուցաբերում և նման մարդուն օգտագործում են իմ դեմ», - հայտարարեց Հասանլին:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Իլհամ Ալիևի տատիկի հայկական ծագման մասին այս հիշատակումից հետո Հաֆիզ Հաջիևը խիստ նյարդայնացել է, նրա մինչև այդ էլ ոչ այնքան կապակցված հայտարություններն է'լ ավելի հուզական ու սպառնալից են դարձել:

«Դուք տեսաք, թե այդ խուլիգանն իրեն ինչպես էր պահում ուղիղ հեռուստաեթերում: Ես կոչ եմ անում ադրբեջանցի ընտորղներին` քվեարկեք իմ օգտին, կոչ եմ անում` ոչնչացրե'ք այդ հայի աներոջը», - հայտարարել է Հաջիևը` հերթական անգամ պնդելով, որ ադրբեջանական ընդդիմությունն ի վիճակի չէ որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնել. - «Ես նրանց անգամ ԺԷԿ-ի պետի պաշտոն չեմ վստահի»:

Վերջում ընդամենը հավելեմ, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հեռուստատեսային դեբատներին չի մասնակցում. նրա տեսակետները հանրությանը ներկայացնում են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության բարձրաստիճան անդամները: Մեկնաբանելով այդ փաստը` ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին շաբաթօրյա դեբատների ժամանակ հայտարարել է. -
«Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, ընտրությունների նմանակում է: Այդ դեբատները ևս թեկնածուների բանավեճի իմիտացիա է: Բայց նույնիսկ իմիտացիոն այս բանավեճին մասնակցել Իլհամ Ալիևը չի ցանկանում: Ադրբեջանցի ընտրողները, սակայն, շատ բան չեն կորցրել: Ալիևի ենթականերն ինտելեկտուալ կարողությունների առումով գործող նախագահից քիչ են տարբերվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG