Մատչելիության հղումներ

logo-print

Ակտիվիստները փորձում են պարզել՝ ո՞վ է Փակ շուկայի տեսքի աղճատման «թույլ օղակը»


Եթե կա բաց հարց, դրան ի վերջո պետք է պատասխան տրվի: Հենց այս ակնկալիքով «Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը այսօր կլոր սեղան քննարկման միջոցով փորձելու է բոլոր պետական պատկան կառույցների ներկայացուցիչներից պատասխան կորզել՝ ի վերջո, ո՞վ է պատասխանատու Փակ շուկայի ներկայիս վիճակի համար:

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հրավիրել են բոլոր այն օղակներին՝ ՀՀ մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն, ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչություն, Տարածքային կառավարման նախարարություն, որոնք ուղղակի կամ անուղղակի մեղավոր են շուկայի տեսքի աղճատման համար:

«Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մեկը մեկի վրա է գցում: Բոլորը կունենան և՛ հարցի պատասխանելու, և հարցի պատասխանը լսելու հնարավորություն: Մենք էլ կողքից վերջը կպարզենք՝ որտե՞ղ է այն թույլ օղակը, ով է մեղավորը այս խնդրում», - նշեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Փակ շուկայի հարցով ժամանակին ահազանգել էին մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իրենք ամեն ինչ արեցին հուշարձանը փրկելու համար, բայց «ունենք այն ինչ ունենք»։

Ստացվում է, որ մտահոգվելուց բացի, ոչ մի գործնական այլ քայլ չի արվել պետության մակարդակով, և այս քննարկումը, ըստ Հակոբյանի, լավ առիթ է պետական պաշտոնյաների համար գալ և պաշտպանվել:

«Եթե Փակ շուկան ի վերջո բացվի, այսինքն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վկայական տրամադրի, իսկ Պետական եկամուտների կոմիտեն՝ առևտրի կազմակերպման թույլտվություն տա Փակ շուկայի սեփականատիրոջը, կնշանակի որ պետության կողմից կշարունակվի հանցագործությունների շղթան»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Հակոբյանը:

Հարցին, թե Փակ շուկայի խնդրով մտահոգված ակտիվիստները ուրիշ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու ցանկալի արդյունքին հասնելու՝ շուկայի նախկին տեսքը վերականգնելու համար, Վարդան Հակոբյանը պատասխանեց․ - «Այս պահին ֆիքսված կոնկրետ հաջորդականություն չկա, բացի այն, որ չորեքշաբթի օրվանից ակցիաները լինելու են ամենօրյա: Մենք տեր ենք մեր մշակութային ժառանգությանը և վերջիվերջո պետությունը չի կարող որևէ օլիգարխի էսթետիկական ճաշակի գերին լինել»:

Նշենք, որ Փակ շուկայի շուրջ շինարարական աշխատանքները կարծես թե ավարտվել են, այսօր առավոտյան աշխատանքներ էին կատարվում շենքի նիստում: Իսկ «Երևան Սիթի» գրություն շենքի վրա դեռևս չի հայտնվել:
XS
SM
MD
LG