Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 5-ի մամուլ


Մամուլը հետևում է Զարուհի Փոստանջյանի շուրջ ծավալվող զարգացումներին:

«Ժամանակ»-ը գրում է․ - «Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցից հետո ծավալված համապետական աղմուկի մեջ ՀՀԿ-ականները աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Նրանք դեռևս կոչ չեն արել խարույկի վրա այրել Փոստանջյանին, բայց ցասումի ևս մի քանի օր, և այդ կոչը կարող է նույնիսկ մեղմ թվալ: Ընդ որում՝ Հանրապետական կուսակցության անդամները կարծես թե մրցում են, թե ով առանձնակի դաժանությամբ կպաշտպանի Սերժ Սարգսյանի պատիվը Զարուհի Փոստանջյանից»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ - «Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմը վերադառնում է Ստրասբուրգից: Առաջիկա օրերին դեռ կրքերը եռալու են, դեռ տարբեր մակարդակներում ու խմբերում «ռազբորկաներ» են գնալու: Ինչպես «խոստանում» են ոմանք, նախ, օդանավակայանում դիմավորելու արարողություն են կազմակերպելու․ իշխանական «ակտիվը» որոշել է «ձվերով ու պոմիդորներով» դիմավորել օրվա «հերոսին»՝ Զարուհի Փոստանջյանին, իսկ ընդդիմադիր հատվածն ու Զարուհուն գնահատողները՝ ծաղիկներով ու ծափերով: Հետո կսկսվի մեղավորներ փնտրելու, բացատրություններ պահանջելու փուլը: Իշխանությունը բացատրություններ կպահանջի ՀՀԿ-ականներից, թե ինչպես թույլ տվեցին այդ բացթողումը, ինչպես կարողացավ «Ժառանգության» ներկայացուցիչը հասնել ամբիոնին ու նման հարց տալ ՀՀ նախագահին: Բայց ամենաթունդ վեճերը, ըստ իս, գնալու են «Ժառանգությունում», որտեղ եթե անգամ Զառայի մազերը «չփիտեն», ապա անպայման հաշիվ կպահանջեն․ դա է վկայում «Ժառանգության» անդամների վերջին օրերի պահվածքը»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Երեկվա դրությամբ՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի շուրջ ծագած սկանդալի զարգացումների ընթացքը հուշում էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ նամակով չի դիմի «Ժառանգություն» խմբակցությանը, և Փոստանջյանը չի հեռացվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից՝ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում ուղղած հարցի պատճառով: Համենայնդեպս, Փոստանջյանին հեռացնելու մասին նախօրեին ԱԺ ամբիոնից արած հայտարարությունից հետո, երեկվա դրությամբ, Աբրահամյանը դեռ նամակ չէր ուղարկել «Ժառանգությանը», ինչպես պահանջվում է ԱԺ կանոնակարգ օրենքով: Մինչ ԱԺ նախագահը կորոշի ինչ անել և ինչպես դուրս գալ իր արած հայտարարության տակից, երեկ հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը՝ նշելով, որ Փոստանջյանի հանդեպ քաղաքական հետապնդում է սկսվել, որը դատապարտում է»:

«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշում է․ - «Հանրության արձագանքը՝ և՛ սոցիալական կայքերում, և՛ մարդկային շփումներում, ցույց է տալիս, որ այն, ինչ իրեն թույլ տվեց «Ժառանգության» ներկայացուցիչը ԵԽ ԽՎ ամբիոնից, իրականում չի ընդունվում, կամ, կարելի է ասել, վատ է ընդունվում հասարակության կողմից: Մարդկանց մեջ ցավի, վիրավորանքի զգացողություն կա՝ նրանք զգում են, որ երկրին, պետությանը վիրավորանք է հասցվել, և դատապարտում են այդ քայլը»:

«168 ժամ»-ը գրում է․ - «Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները Եվրոպայի հետ հարաբերություններում որդեգրել են «նոր գիծ», որը, ըստ դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների՝ սեպտեմբերի 3-ից հետո փորձում է առաջ տանել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներում: Մասնավորապես, իր բոլոր հանդիպումներում Նալբանդյանը եվրոպացի դիվանագետներին ու պաշտոնյաներին հորդորում է շատ խիստ չվերաբերվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը և դրա պատճառով չվատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Եթե այս հորդորը կարելի է նորմալ ու օրինաչափ համարել, ապա նույնը չի կարելի ասել դրա հիմնավորման վերաբերյալ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները եվրոպացիներին խնդրում են «երես չթեքել» Հայաստանից՝ սպառնալով, որ այդ դեպքում ՀՀ-ն վերջնականապես ու անվերադարձ կանցնի Ռուսաստանի ամբողջական վերահսկողության տակ: Ու մինչ հրապարակավ իշխանությունները հայտարարում են, թե Ռուսաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու հարցում որևէ ճնշում չի գործադրվել, Էդվարդ Նալբանդյանը եվրոպացիների հետ հանդիպումներում ներկայացնում է ռուսական ճնշումների բոլոր մանրամասներն ու դրանց դիմադրելու ողբերգական հետևանքները: Իշխանությունների այս քայլերը մեկ նպատակ են հետապնդում՝ համոզել եվրոպացիներին նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի հետ գոնե ինչ-որ սիմվոլիկ փաստաթուղթ ստորագրել, ինչը հնարավորություն կտա գոնե քարոզչական մակարդակում հայտարարել, որ «և-և»-ի քաղաքականությունը շարունակվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG