Մատչելիության հղումներ

Շվեդիան 500 միլիոն եվրո կհատկացնի Արևելյան գործընկերությանը


Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ

Ուկրաինական «Дня» թերթում հոկտեմբերի 3-ին հրապարակած հոդվածում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտնում է, որ Շվեդիայի կառավարությունը պլանավորում է 500 միլիոն եվրո հատկացնել Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներին:

«Մինչև տարեվերջ Շվեդիայի կառավարությունը պլանավորում է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության շրջանակներում նոր 7-ամյա ռազմավարություն ընդունել և այդ նպատակով 500 միլիոն եվրո հատկացնել: Սա հավելում կլինի հիմա քննարկվող մասշտաբային ծրագրին, որը նախատեսում է աջակցություն այդ երկրներին 2014-2020 թվականների ընթացքում»,- գրել է Բիլդտը:

Նա նշել է, որ Շվեդիայի նոր ռազմավարությունը կլինի Արևելյան գործընկերության մի քանի երկրների հետ համագործակցությունը շարունակելը, որը երկար պատմություն ունի՝ որոշ դեպքերում սկսած 1990-ականներից:

Կարլ Բիլդտը գրել է, որ չնայած տարբեր խնդիրների, շատ ուղղություններով Արևելյան գործընկերությունը ավելի շատ բանի է հասել, քան ակնկալվում էր ծրագրի առաջին տարիներին:

«Վիլնյուսի գագաթնաժողովում մենք ակնկալում ենք ավարտել Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի դրույթը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ու շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն կարելի էր ավարտել բանակցությունները նաև Հայաստանի հետ, բայց հիմա այդ առումով լուրջ կասկածներ են առաջացել»,- գրել է Շվեդիայի արտգործնախարարը:

Նա նշել է, որ միացյալ Եվրոպայում անհրաժեշտ է մտածել հաջորդ քայլերի մասին՝ ուղղված տնտեսական գոտում Արևելյան հարևանության երկրների ներառմանը:

«Ամեն դեպքում Եվրամիությունը չի հրաժարվի դեպի Արևելյան գործընկերություն շարժվելու ձգտումից, քանի դեռ գործընկերության գեթ մեկ երկիր կկիսի այդ ցանկությունը»,- ընդգծել է Շվեդիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG