Մատչելիության հղումներ

Արամ Մուղալյանի մայրը արդարություն է պահանջում


«Արդարացնել Արամ Մուղալյանին ու նրա ընկերներին», «Բացահայտել նախաքննության կեղծիքները», «Ապահովել արդար դատաքննություն» կոչերով այսօր դատախազության մոտ ակցիա էին անցկացնում խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով արդեն 5 ամիս կալանքի մեջ գտնվող Արամ Մուղալյանի ընկերներն ու հարազատները։

Ցույցին մասնակցող իրավապաշտպաններից շատերն էին պնդում, որ գործի նախաքննությունն ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով ու կեղծիքներով։

«Քրեական գործի էջերը պետք է համարակալված լինեին, բայց 143, 144 էջերի արանքում հայտնվել է 143 ա, բ և այլն, դա ակնհայտ կեղծիք է։ Ինչ վերաբերում է հակասություններին, մի պարզ օրինակ բերեմ, այդ դեզը, որ պետք է այրվեր, բայց չի այրվել, որովհետև այնտեղ դեզ չի եղել, դա մի ուրիշ ծիծաղելի պատմություն է, բայց այդ նույն դեզը մի դեպքում գնահատվել է 1 400 000, մյուս դեպքում 1 800 000 դրամ, երբ որ նույն դեզն ա։ Տարբեր մեղադրյալների դեպքում, այդ դեզը տարբեր արժեքներ ունի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ չորս երիտասարդները չորս անգամ Երևանից գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ՝ խոտ այրելու նպատակով։ Գյուղից դուրս` ամայի վայրում, այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը և ոչ թե դեզը, որի հետևանքով տեղ-տեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ` 36 000 դրամի արժողությամբ: Խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը, վնասելու մեղադրանքով արդեն 5 ամիս 17 օր է երիտասարդները գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Չորս երիտասարդներն էլ հերքում են մեղադրանքն ու չեն ընդունում մեղադրանքի կետերից որևէ մեկը։ Մուղալյանն էլ, բողոքելով գործի ընթացքի դեմ, արդեն երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 27-ի սկսեց հացադուլը, սեպտեմբերի 30-ից էլ ջրադուլ՝ պահանջելով արդարադատություն։

Մուղալյանի մայրը դատախազության մոտ ակցիան բնորոշեց «ակնկալիքների ակցիա»՝ հավելելով, որ նամակ են փոխանցելու նորանշանակ գլխավոր դատախազին՝ պահանջելով ապահովել արդար դատաքննություն։

«Եկել ենք իր հաստատման առաջին իսկ օրը, որովհետև ակնկալում ենք, որ, այո, պարոն դատախազը պետք է տա այս հարցերին խելամիտ լուծում»,- փոխանցեց Մուղալյանի մայրը։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին չթույլատրեցին փողոցը հատել ու մոտենալ դատախազության շենքին՝ խնդրելով ենթարկվել գործող օրենքներին։ Մուղալյանի մորն առաջարկեցին իրենց ուղեկցությամբ նամակը փոխանցել դատախազին, սակայն դատախազությունում նրան վերև չթողեցին, նամակը գցեց արկղն ու դուրս եկավ։

Ակցիա մասնակիցները շարժվեցին Վճռաբեկ դատարան և միևնույն պահանջը փոխանցեցին Վճռաբեկ դատարանի նախագահին։

Այսօրվանից կիրառվող համաներումը տարածվում է ճաղերի ետևում հայտնված երիտասարդների վրա, սակայն Մուղալյանի մայրը, այնուամենայնիվ, արդարացի վճիռ է պահանջում.- «Բազմաթիվ ցուցմունքներ, բազմաթիվ բացատրություններ, ոստիկանության արձանագրություններ, որ ոչինչ չի կատարվել և արդեն գործը պետք է մտնի դատարան ու հանկարծ հայտնվում է, որ ծխահարվել է 30 կապ դեզ»։

Անդրադառնալով որդու առողջական վիճակին՝ մայրը նշեց, որ նա թույլ է, հացադուլը շարունակում է։ Իսկ փաստաբանը հեռախոսով մորը փոխանցեց, որ Մուղալյանն այսօր ջրադուլը դադարեցրել է, դատախազ Մուրադյանի հետ հանդիպումց հետո նրան տեղափոխել են առանձին մեկուսարան։
XS
SM
MD
LG