Մատչելիության հղումներ

ԵՄ-ին մտահոգում են Ադրբեջանում շարունակվող ճնշումները


Շտեֆան Ֆյուլե, Քեթրին Էշթոն
Շտեֆան Ֆյուլե, Քեթրին Էշթոն
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով նախընտրական Ադրբեջանում ընդդիմության անդամների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և մամուլի դեմ ճնշումների կապակցությամբ:

Նրանք նշում են, որ անհանգստացած են վերջին շրջանում Ադրբեջանի որոշ իրադարձությունների հետ կապված, որոնք ազդեցություն են թողնում Ադրբեջանի նախընտրական գործընթացների, մարդու հիմնարար իրավունքների և քաղաքական ազատությունների իրավիճակի վրա:

«Թեև նախընտրական միջավայրը հիմնականում խաղաղ է և տեխնիկապես լավ պատրաստված ընտրությունների համար, Եվրամիությունը մտահոգություն է հայտնում ընդդիմության մի շարք անդամների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու անկախ մամուլի նկատմամբ շարունակվող ճնշումների կապակցությամբ, ինչպիսիք են ահաբեկումները, ձերբակալությունները, կասկածելի մեղադրանքները, կալանավորումներն ու բանտարկությունները՝ առանց պատշաճ հարգելու միջազգային չափանիշներն ու մեղադրվողի իրավունքները»,- ասված է հայտարարությունում:

Եվրամիությունը ակնկալում է, որ Ադրբեջանի իշխանությունները «հրատապ, թափանցիկ և արդարացի հետաքննություն կապահովեն երկրի ստանձնած պարտավորություններին և պարտականություններին համապատասխան»:

Քեթրին Էշթոնն և Շտեֆան Ֆյուլեն շատ կարևոր են համարում Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին բարենպաստ միջավայր, ազատ ու արդար թափանցիկ ընտրություններ անցկացնելու, ընտրական գործընթացներում իրական բազմակարծություն ապահովելու անհրաժեշտությունը:

«Եվրամիությունը կշարունակի հետևել անհատական գործերին և մարդու իրավունքների իրավիճակին, և պատրաստ է աջակցելու Ադրբեջանին միջազգային պարտավորությունները կատարելու գործում»,- նշված է Էշթոնի և Ֆյուլեի համատեղ հայտարարությունում:

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Եվրամիության հայտարարությանը, այն խեղաթյուրված է համարում և հայտնում իր ափսոսանքը:

«Քեթրին Էշթոնի և Շտեֆան Ֆյուլեի կարծիքները հիմնված են ոչ օբյեկտիվ, միակողմանի և կողմնակալ ինֆորմացիայի վրա, որը խեղաթյուրում է Ադրբեջանի ընտրական գործընթացը»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

«Մենք պնդում ենք, որ Ադրբեջանում նախընտրական քարոզչությունը ընթանում է գործող օրենսդրությանը և միջազգային պրակտիկային համապատասխան: Բոլոր թեկնածուների համար նախընտրական քարոզչության հավասար պայմաններ են ստեղծած»,- ասել է Հասանովը, իսկ ձերբակալությունների մասին նշել է, թե օրինախախտ որոշ մարդկանց քրեական մեղադրանքները ոչ մի կապ չունեն ընտրական գործընթացների հետ, դրանք կապելը կանխակալ, ոչ օբյեկտիվ մոտեցում է:

Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը հրապարակեց իր միջանկյալ զեկույցը նախընտրական շրջանի մասին: Ըստ դիտորդների` նախընտրական շրջանում եթերաժամի 98 տոկոսը տրամադրվել է Իլհամ Ալիևին:

Եվրոպացի դիտորդները հիշատակում են ադրբեջանական ընդդիմության առանցքային ղեկավարներից մեկի` Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի որդու ձերբակալությունը, ինչպես նաև ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի մամուլի խոսնակի 16-ամյա որդու` մինչ օրս չբացահայտված դանակահարության դեպքը:

Իսկ այսօր հարձակման են ենթարկվել ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի հանդիպումը լուսաբանող լրագրողները: Սաբիրաբադում մի խումբ մարդիկ հարձակվել ու ձեռքերով ու ոտքերով սկսել են հարվածել նրանց: Ընդդիմադիր կայքերը հաղորդում են, որ շուրջ մեկ տասնյակ լրագրողներ են տուժել, այդ թվում՝ կանայք: Contact.az-ի փոխանցմամբ հարձակվողները Հեյդար Ալիևի կրծքանշաններ են կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG