Մատչելիության հղումներ

Երիտասարդ ՀՀԿ-ականները մտադիր են օդանավակայանում «դիմավորել» Փոստանջյանին


Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը դատապարտելի չի համարում իր երիտասարդ կուսակիցների` «Զվարթնոց» օդանավակայանում Ստրասբուրգից ժամանող «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու լոլիկներ նետելու մտադրությունը:

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, համենայնդեպս, Գալուստ Սահակյանն այդ մտադրությունը դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ:

«Եթե Հանրապետական երիտթևն է դա կատարելու, դա կատարելու է իր կամքով, իր մտածողությամբ, և ոչ թե գրանտների միջոցով», - հայտարարեց Սահակյանը:

Կին պատգամավորի հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալը Սահակյանը Ստրասբուրգում Փոստանջյանի հնչեցրածին անհամարժեք է համարում: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հենց վիրավորելու և զրպարտելու հիմնավորմամբ է ուզում Զարուհի Փոստանջյանին հանել ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմից:

«Այլ բան է ամբողջ մի ազգի ինքնությունը վիրավորել, այլ բան է թուրքի տակը պառկելը», - բառացիորեն ասաց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փոխանցեց, որ իրենք չեն դատապարտում Փոստանջյանի արարքը. - «Տասներորդական թեմա է: Զարուհին այն անձը չէ, որին կուսակցությունը պետք է անդրադառնա և դատապարտի»:

Փոխարենը Վարդանյանը նպատակահարման համարեց քննադատել այն ՀՀԿ-ականներին, ովքեր Զարուհի Փոստանջյանի հասցեին հայհոյանք են հնչեցնում. - «Մենք բոլորս տիկին Փոստանջյանին ճանաչում ենք. ինքը, բնականաբար, թուրք չէ, հայ կին է, չորս երեխաների մայր է... Բայց շատ յուրօրինակ կին է»:

ԵԽԽՎ պատվիրակության կազմից Փոստանջյանին հանելու իր մտադրության շուրջ ԱԺ նախագահը խոսել է խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ, այդ թվում` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: Աբրահամյանը դեռևս պաշտոնապես չի դիմել «Ժառանգությանը» պատվիրակության կազմում փոփոխություն անելու համար:

Ռուբեն Հակոբյանն ասաց, թե երբ դիմի, իրենք կքննարկեն` չբացառելով նաև, որ հավանության արժանացնեն ԱԺ նախագահի նախաձեռնությունը:

«Ես չեմ կարծում, որ իշխանությունը այս իրավիճակը կարող է օգտագործել, որպեսզի հետապնդումներ իրականացնի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ», - ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` շարունակելով. - «Ամեն ինչից զատ, հաշվի առնելով տարբեր հանգամանքները, տարբեր զարգացումները, ես Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվեցի, որ չշտապի և նման հայտարարությամբ հանդես չգա»:

«Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը հենց այդ հայտարարությունն օգտագործվի նորից պետության դեմ, որ պետությունում կան հետապնդումներ և այլն»,- փաստարկեց նա:

Գալուստ Սահակյանը հակադարձեց. - «Վախ բռնող չեմ, որ վախը բռնեմ: Ինչը, որ կատարվում է, օրենքի շրջանակներում է կատարվում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG