Մատչելիության հղումներ

«Աբրահամյանը չի կարող փոփոխություն կատարել հայկական պատվիրակության կազմում»


Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում, արխիվ

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում, արխիվ

Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով։

Փոստանջյանի փոխանցմամբ՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե հաջորդ տարվա հունվարին, երբ կհաստատվի նոր պատվիրակության կազմն ու լիազորությունները, լինեն խնդիրներ, այն ժամանակ էլ եվրոպական այդ կառույցը կարձագանքի:

Առայժմ Եվրոպայի խորհուրդը Հովիկ Աբրահամյանից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել և հետևաբար որևէ գործունեություն չի կարող ծավալել:

Փոստանջյանի փոխանցմամբ՝ իրեն հայկական պատվիրակության կազմից հանելու` Հովիկ Աբրահամյանի «ավտորիտար քայլերի» մասին արդեն տեղյակ են և ԵԽԽՎ-ում, և Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում, որին անդամակցում է Փոստանջյանը:

«Նաև ԵԽԽՎ-ի նախագահն է տեղյակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, և շատ են ցավում, որ Հայաստանը շարունակում է գտնվել ավտորիտար տիրույթում, և ազատ խոսքի իրավունքը, ընդդիմության հայտարարությունները կարող են նման հետապնդումների և ոտնձգությունների առարկա դառնալ»,- փոխանցեց Փոստանջյանը։

«Ժառանգության» պատգամավորը ընդգծում է, որ հայկական պատվիրակության կազմից իրեն հանելու որոշումը Սերժ Սարգսյանինն է, Հովիկ Աբրահամյանն «ընդամենը կատարող է»։ Նա համոզված է, որ այս քայլը ուղղված է ոչ թե կոնկրետ իր, այլ ընդհանրապես ընդդիմադիր կարծիքի դեմ։

«Սերժ Սարգսյանին ուզում եմ ասել՝ այդ ապօրինությունները, որ ինքը այս պահին փորձում է իրականացնել, դրանք միևնույն է ստանալու են իրենց պատասխանները, և մենք հասնելու ենք նրան, որ իր նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- ասաց Փոստանջյանը։

Մինչդեռ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ կազինոյում խաղալու և մեծ գումարներ տանուլ տալու մասին Փոստանջյանի հարցը ցնցել է ԵԽԽՎ պատգամավորներին։

«Չեմ լսել որևէ մեկ պատգամավորից, ով ասեր, թե «էս ինչ հրաշալի հարց հնչեց»։ Բոլորի համար ուղղակի անընդունելի էր, անգամ այն պատգամավորների համար, ովքեր հայտնի են իրենց մոլի հակահայությամբ և ովքեր մշտապես ուրախացել են, երբ Հայաստանի հետ կապված որևէ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Անգամ նրանց համար այս որակի հայտարարությունը բացարձակապես անընդունելի էր»,- ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը ձեռնպահ է մնում որևէ գնահատական տալ Փոստանջյանին հայկական պատվիրակությունից հեռացնելու Հովիկ Աբրահամյանի մտադրությանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին այս խնդրին պետք է անդրադառնա «Ժառանգություն» կուսակցությունը։ Սակայն նա նաև ասում է, որ ինչպես անընդունելի է կազինոյի մասին հարցադրումը, նույնքան անընդունելի են այն վիրավորանքներն ու սպառնալիքները, որոնք վերջին օրերին հնչում են ընդդիմադիր պատգամավորի հասցեին։

«Ինձ համար նաև նույնքան անընդունելի կլինի այն, որ փորձեն օդանավակայանում ինչ-ինչ «միջոցառումներ» կազմակերպել»,- ասաց Զոհրաբյանը։

Սոցիալական ցանցերում քննարկվում է Փոստանջյանի դեմ տարբեր ակցիաներ կազմակերպել՝ ընդհուպ օդակայանում նրա վրա ձվեր և լոլիկներ շպրտել։ Փոստանջյանը վաղը երեկոյան վերադառնում է Երևան և ասում է, որ որևէ բանից չի վախենում։

«Անկախ նրանից ոստիկանությունը ինչպիսի միջոցներ կձեռնարկվի, ես որևիցե բանից չեմ վախենում, գալու եմ օդակայան ինչպես միշտ այս տարիների ընթացքում, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դուրս է գալիս օդակայանի սպասասրահ, այդտեղից էլ դուրս եմ գալու, որևիցե կերպ կաշկանդված չեմ։ Թող դիմավորեն, սպասում եմ, համեցեք»,- ասաց նա։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG