Մատչելիության հղումներ

Լիտվայի ԱԳ նախարարը սպառնում է Կալինինգրադի շրջափակմամբ


Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուս, արխիվ
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուս, արխիվ
Լիտվայի արտգործնախարարը սպառնում է շրջափակել Ռուսաստանի Կալինինգրադի մարզը, փակել ավտոճանապարհները և երկաթգիծը, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի ճնշումներ գործադրել Եվրոպային ինտեգրվելու ճանապարհն ընտրած հարևան երկրների նկատմամբ:

Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Լինաս Լինկևիչյուսը, մասնավորապես, ասել է․ - «Մենք կարող ենք դադարեցնել գնացքների երթևեկությունը, բեռնափոխադրումները, այն, ինչ հնարավոր է դադարեցնել: Տեսականորեն դա հնարավոր է: Մենք ևս կարող ենք դիմել նույն մեթոդներին»:

Միաժամանակ, Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նման քննարկումներ գործնականում դեռ չեն անցկացվել:

Ռուսաստանի հետ սահման չունեցող Կալինինգրադի մարզում մոտավորապես 430 հազար մարդ է բնակվում: Մարզը ցամաքային ճանապարհներով Ռուսաստանին է կապվում Լիտվայի և Բելառուսի տարածքներով:

Եվրամիությունը ռոտացիոն կարգով նախագահող Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, առաջընթաց արձանագրել Մոլդովայի, Վրաստանի հետ: Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Հայաստանը արդեն հայտարարել է, որ միանում է Մաքսային միությանը:

Անցած ամիս Ռուսաստանը խնդիրներ էր հարուցել նաև Լիտվայի համար: Ռուս - լիտվական սահմանին Ռուսաստանի մաքսային ծառայությունները խոչընդոտներ էին հարուցում, ձգձգում էին մաքսազերծման աշխատանքները, բյուրոկրատական քաշքշուկ ստեղծում լիտվական ավտոմեքենաների, հատկապես՝ բեռնափոխադրումներ կատարող մեքենաների համար, ինչի արդյունքում բեռնափոխադրումների բիզնեսը վնասներ կրեց․ Լիտվայի բեռնափոխադրումների ընկերակցության հաշվարկներով՝ մոտավորապես 10 միլիոն եվրոյի վնաս են կրել:

Լիտվայում կարծում են, որ Մոսկվան նման կերպ պատժում էր երկրին՝ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ունեցած դերակատարության համար:

Սահմանային, մաքսային ուժեղացված ռեժիմը մոտավորապես երեք շաբաթ տևեց․ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի մաքսային ծառայությունը վերացրեց ուժեղացված վերահսկողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG