Մատչելիության հղումներ

«Հայրենակիցներ» ծրագրի երևանյան գրասենյակի առջև կրկին հերթեր են


«Գործ էլ են տալիս, ամեն ինչ էլ կա: 3 էրեխուս վերցնում եմ, գնամ: Ինստիտուտից էլ հանելու եմ․ պետական համալսարանում է սովորում, բայց հանելու եմ էրեխուս, տանելու եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դիմողներից մեկը՝ շարունակելով․ - «Պետական մակարդակով ազգին ալան-թալան են արել, տեռորի են ենթարկել, ու ասում ես՝ ինչի՞ ես գնում»:

Այս ծրագրի շրջանակներում Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն առաջարկում է գրավիչ պայմաններ, օգնում է ԱՊՀ երկրների՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիներին, ընտանիքներով տեղափոխվել Ռուսաստան՝ խոստանալով քաղաքացիություն և մշտական աշխատանք։

Վերջին 4 տարիների ընթացքում այդ ծրագրին միայն Հայաստանից դիմել է 26 հազար մարդ, սակայն վերաբնակչի կարգավիճակով փաստացի Ռուսաստան մեկնել է 1500-ը։

80-ականների վերջից մինչև հիմա միգրացիոն հոսքերը որակական և քանակական փոփոխություն են կրել։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, եթե մի ժամանակ ուղեղների միգրացիա էր կամ, ինչպես ասում են՝ ուղեղների արտահոսք, հետո` բանվորական աշխատուժի, հիմա միայն ինտելեկտն ու աշխատուժը չէ․ արտագաղթում են նաև ունևորները:

«Արդեն ունևորների գնալու խնդիր է, ինչը պայմանավորվում է այլ պատճառներով՝ դեմոկրատական, միջավայրի արդարության, անվտանգության, կամ, ասենք, եվրոպական երկրների գրավչության: Մենք գիտենք դեպքեր, երբ դրսում հայերը հիմա բիզնեսներ են դնում և այստեղից մարդիկ են տանում», - նշեց Մակարյանը:

Հայաստանի գործատուների միությունը երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպել էր «Աշխատանքային միգրացիա և քաղաքականություն՝ ուղղված հետխորհրդային երկրների զարգացմանը» թեմայով միջազգային կոնֆերանս։ Կոնֆերանսի մասնակիցներից Լարիսա Ալավերդյանը, ով ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանը վարում է մի այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում բնակչության մի մասը իր ապագան տեսնում է արտերկրում։

«Դա ոչ թե ստացվում է, այլ մշակված և ուղղորդված ծրագիր է: Ես համոզված եմ, որ կա քաղաքականություն, որն ուղղված է բնակչության կրճատմանը, մանավանդ՝ ի հաշիվ ակտիվ, ոչ միայն գրագետ, այլ՝ հենց քաղաքացիական [առումով] ակտիվ խավի: Որ ավելի հեշտ կառավարելի լինի», - հավելեց Ալավերդյանը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008-2012 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 204 հազար ՀՀ քաղաքացի։

Ցանկացողների թիվը, մինչդեռ, ըստ մեր հարցումների, ավելի մեծ է ։
XS
SM
MD
LG