Մատչելիության հղումներ

Քաղաքացիական նախաձեռնությունը ամենօրյա ակցիաներ կսկսի


Սամվել Ալեքսանյանի աջակիցների բողոքի ակցիան, արխիվ

Սամվել Ալեքսանյանի աջակիցների բողոքի ակցիան, արխիվ

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը մեծացնում է ճնշումը իշխանությունների վրա՝ փորձելով կանխել Փակ շուկայի ներսում սուպերմարկետի գործարկումը:

Հաջորդ շաբաթվանից ակտիվիստները սկսում են ամենօրյա ակցիաների, երթերի, ինչպես նաև հենց շուկայի մոտ պիկետների շարք: Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրած բացօթյա ասուլիսում նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, որ հուշարձանը բարբարոսաբար ավիրվել է և սուպերմարկետի բացումը, որ նախատեսված է առաջիկա օրերին, հանցագործություն է։

«Մենք թույլ չենք տալու, որպեսզի հուշարձանը շահագործվի այս կերպ։ Ամեն կերպ խոչընդոտելու ենք»,- ասաց Չուքասզյանը՝ խոստանալով, որ հանգիստ չեն տա «հանրային ընդհանուր ժառանգությունը վերացնողներին»։

Մինչ այդ ակտիվիստները մտադիր են նաև խնդրին միջազգային հնչեղություն տալ․ առաջիկա օրերին Երևանում կսկսվի ստորագրահավաք, որին միանալով քաղաքացիները դիմելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պահանջելով գնահատական տալ մայրաքաղաքի կենտրոնում վեր խոյացող ճարտարապետական հուշարձանի հետ կատարվածին: Բացի այդ հուշարձանի աղճատումը դատապարտող հայտարարություն են ընդունել նաև նախորդ շաբաթ Երևանում անցկացվող միջազգային գիտաժողովի անդամները: Մատենադարանում ընթացող նիստերին զուգահեռ ակտիվիստները բողոքի ցույցեր էին անցկացնում:

Փակ շուկայի շուրջ երեկ վիճաբանություն ծագեց վարչապետ Տիգրան Սարգսյանի և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը դարձյալ այս հարցը բարձրացրեց։ Ի պատասխան Տիգրան Սարգսյանը միայն հայտարարեց, թե մշակույթի և քաղաքաշինության նախարարները քննարկել են այդ խնդիրը։

«Այս ողջ պատմությունից ստիպված եմ արձանագրել, որ Ձեր կառավարությունը ի զորու չէ իրականացնել օրենքով նախատեսված գործառույթներ, որոնք հակասում են այսպես կոչված օլիգարխների ոչ թե շահերին, այլ քմահաճույքներին»,- ասաց Փաշինյանը։

«Ձեզ համար ընդհանրապես կարևոր չէ՝ ինչ հարց է քննարկվում Ազգային ժողովում, ինչ հարց եք բարձրացնում, Ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում, Ձեզ հետաքրքրում են այն գնահատականները, որ Դուք տալիս եք։ Ցանկացած հարցի շուրջ մենք լսում ենք Ձեր նույն գնահատականները և ձանձրացել ենք դրանցից»,- պատասխանեց վարչապետը։

Գարեգին Չուքասզյանը համաձայն է Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ՝ պետական մարմինները անգործունակ են։

«Ակնհայտ էր բոլորի համար, որ հարցից փախնում է, և այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանում այլմոլորակայիններ են գործում, որոնց գործունեությունը հնարավոր չէ ֆիքսել, պատժել, այլ հնարավոր է միայն քննարկումներ անել, արդյունքում երևա, որ Հայաստանում պետական կառավարման մարմինները չեն գործում»,- ասաց Չուքասզյանը։

Ի՞նչն է խանգարում իշխանություններին բռնել գործարար պատգամավորի ձեռքը, եթե կառուցապատումը դատապարտել են, թե գլխավոր ճարտարապետը, թե մշակույթի և քաղաքաշինության նախարարությունները. Չուքասզյանը կասկած չունի՝ համագործակցում են։

«Այդ գործը, որ թվում է, թե ընդամենը մի Ծածկած շուկայի գործ է, լակմուսի թղթի նման բացահայտում է, թե իրականում կառավարման համակարգը Հայաստանում ինչպես է գործում։ Իրական որոշումները կայացվում են հատուկ տեղերում, և այդ տեղերը օլիգարխիական համակարգի բացահայտումն է»,- ասաց նա։

Սամվել Ալեքսանյանի աջակիցների կողմից հակառակ մայթից հնչող պահանջներին, թե թույլ տվեք աշխատատեղեր բացվեն, ակտիվիստները հակադարձում են՝ շուկան էլ է աշխատատեղ:

Շուկայի դիմերեսին շարունակվում են փակցված մնալ Գարեգին Չուքասզյանի և Կարո Եղնուկյանի մեծադիր լուսանկարները՝ «գրանտակերներ, օտարերկյա լրտեսներ, վարձու ընդդիմախոսներ» գրություններով: Եղնուկյանը դիմել է իրավապահներին՝ ինչպես զրպարտության, այնպես էլ ատելության կոչերը կասեցնելու պահանջով։

«Դատախազությունից ստացել եմ նամակ, որ իրենք փոխանցել են Երևանի գլխավոր դատախազին, որ նա գործով զբաղվի, Երևանի գլխավոր դատախազն էլ նամակ է հղել ոստիկանությանը, որպեսզի նրանք քննեն... մի խոսքով, իրենք քննում են, և այսպես կքննեն, նկարը դեռ այնտեղ է»,- փոխանցեց Եղնուկյանը։
XS
SM
MD
LG