Մատչելիության հղումներ

Ավարտվեցին Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի երևանյան հյուրախաղերը


Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի Հ․Պարոնյանի անվան թատրոնի շենքում ներկայացվեցին Շեքսպիրի «Արքա Լիրը», Աննա Պետրոսյանի «Աբգար դպիրը», Շիրվանզադեի «Չար ոգին» և այլ՝ այդ թվում մեկ մանկական, պիեսներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը նշեց, որ իր ղեկավարած ստեղծագործական կոլեկտիվը շատ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել մայրաքաղաքային հյուրախաղերին, և այսօր՝ վերջին ներկայացումից հետո Հայաստանի թատերական միությունում տեղի ունենալու ներկայացված բեմադրությունների քննարկում՝ միության անդամների մասնակցությամբ։

«Շատ մեծ է հանդիսատեսի հետաքրքրությունը: Չնայած Երևանում հիմա բազմաթիվ մշակութային իրադարձություններ կան, բայց մեր դահլիճը գրեթե լեփ-լեցուն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շահվերդյանը:

Խոսելով առհասարակ մեզանում թատրոնի վիճակի մասին՝ նա ասաց․ - «Ընդհանրապես թատրոնը, և մասնավորապես, Հայաստանում ունի պրոբլեմներ: Հատկապես այդ պրոբլեմները զգալի են փոքր քաղաքներում, որովհետև այնտեղ քաղաքները, չեմ ուզում թաքցնել, դատարկվում են: Եվ մեր հանդիսատեսը օրեցօր պակասում է: Սա մեծ ողբերգություն է բոլորիս համար: Ես ամեն օր նկատում եմ դա: Սա մեծ ողբերգություն է: Եվ այս ֆոնի վրա առավել կարևոր է հոգածությունը մշակութային օջախների հանդեպ, որոնք ոչ Երևանում են գտնվում: Դա ոգևորում է այդ քաղաքների արվեստագետին»:

Շահվերդյանի խոսքով՝ չնայած չնչին աշխատավարձին, մարզաբնակ մտավորականը շարունակում է աշխատել․ - «Ավելին ասեմ՝ ոգևորությունը այն աստիճան է, օրինակ, նկատի ունենալով հյուրախաղային ծախսերը, մենք չենք կարող բոլորի համար հյուրանոց ապահովել: Եվ մարդիկ ասացին՝ ոչինչ, մենք կգնանք-կգանք ամեն օր՝ նույնիսկ ներկայացումից հետո, կամ՝ մենք կծվարենք մեր այս կամ այն բարեկամի տանը: Այդ կարգի ոգևորությունը պետք է պաշտպանել, այդ կարգի ոգևորությանը պետք է տեր կանգնել, պետք է խրախուսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG