Մատչելիության հղումներ

ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մաքսակետ դնելու հարցը «դեռ հստակեցված չէ»


ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստից հետո տեղի ունեցած ասուլիսը, Գեորգի Կալամանովը ձախից երկրորդն է, Երևան, 3-ը հոկտեմբերի, 2013

ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստից հետո տեղի ունեցած ասուլիսը, Գեորգի Կալամանովը ձախից երկրորդն է, Երևան, 3-ը հոկտեմբերի, 2013

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովի ներկայացմամբ, առ այսօր հստակեցված չէ հարցը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո արդյոք մաքսակետ լինելո՞ւ է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև, թե՝ ոչ։

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին:

«Չեմ կարող այժմ ասել, [թե մաքսային կետ լինելու՞ է արդյոք ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև]: Դա առանձին քննարկման հարց է, և կցանկանայի ասել հետևյալը՝ Մաքսային միության շրջանակում գործում են բազմաթիվ համաձայնագրեր, որոնցից յուրաքանչյուրի դեպքում հարկավոր է գալ փոխհամաձայնության»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կալամանովը։

Կալամանովից հետաքրքվեցինք՝ Մաքսային միությունում տարաձայնություններ կա՞ն Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի տեղադրման հարցի շուրջ։

«Չգիտեմ, նման տեղեկություն ես չունեմ»,- ասաց Կալամանովը:

Մի շարք հրապարակումների համաձայն և հայաստանյան պաշտոնյաների հետ, այսպես ասենք, կուլիսային խոսակցությունների արդյունքում հայտնի է, որ, մասնավորապես, Ղազախստանին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի տեղադրման հարցը: Ղազախական կողմը համարում է, որ այնտեղ պետք է մաքսակետ տեղադրվի, այլ կերպ ասած՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է անդամակցի Մաքսային միությանը առանց Լեռնային Ղարաբաղի:

Իսկ թե ինչու՞ է Ղազախստանը նման դիրքորոշում որդեգրել, հայտնի է. Խորհրդային Միության փլուզումից հետո այդ երկիրը ժառանգություն է ստացել լայնածավալ, այդ թվում՝ ռուսաբնակ տարածքներ, և միջազգային ասպարեզում պաշտոնական Աստանան հանդես է գալիս պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման օգտին՝ դեմ դուրս գալով սահմանների ցանկացած փոփոխությանը:

Մաքսային միությունը, որին պատրաստվում է անդամակցել Հայաստանը, ունի որոշումներ կայացնող վերազգային մարմին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի համաձայն՝ «ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է եվրասիական հանրության շահերով՝ ընդհանուր առմամբ, չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով (հանձնաժողովը Մաքսային միության «մշտապես գործող կարգավորող մարմինն է»): Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի մասնակից երկրների տարածքներում»:

Այսօր Կալամանովից հետաքրքրվեցինք, թե արդյոք անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը չի՞ կորցնում իր ինքնիշխանության առնվազն մի մասը։

«Ես անգամ այդ հարցը չէի քննարկի, որովհետև Մաքսային միությունը հիմնվում է սկզբունքների վրա, որոնք նախ և առաջ կապ ունեն տնտեսության հետ, և որևէ հարց չկա կապված ինքնիշխանության հետ: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ապա այնտեղ Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը ներկայացված են երեքական անդամներով, ովքեր ունեն նախարարի աստիճան: Հանձնաժողովը ղեկավարում է Ռուսաստանի ներկայացուցիչներից մեկը՝ Վիկտոր Խրիստենկոն: Հավաստիացնում եմ ձեզ՝ այն ոչ թե վերազգային մարմին է, այլ մի կառույց, որը հետևում է Մաքսային միության շրջանակում ձեռք բերված համաձայնագրերի կատարման ընթացքին»,- պատասխանեց փոխնախարարը։

«Այն նոր Խորհրդային Միություն չէ՞»,- հարցրեցինք ռուսաստանցի փոխնախարարին:

«Գիտեք այդ հարցը ես հիմա չէի քննարկի․․․ Կրկնվեմ, պետք է մոտ լինել տնտեսությանը, տնտեսական, արդյունաբերական քաղաքականությունների իրականացման գործնական հարցերին, և այդ դեպքում ամեն ինչ պարզ կլինի: Սա լուրջ հնարավորություն է՝ միավորել ջանքերը երկրների տնտեսական զարգացումը ապահովելու համար: Սա կնպաստի [Մաքսային միության անդամ երկրների] արդյունաբերությունների ոչ միայն պահպանմանը, այլև՝ զարգացմանը»,- ասաց Կալամանովը։

Գեորգի Կալմանովը հավելեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք միասնական արժույթի հարց քննարկվում է Մաքսային միության շրջանակում, թե՝ ոչ:

«Չնայած հարկավոր է անցնել որոշակի գործընթաց, որը ժամանակ կպահանջի, բայց, կարծում եմ, բոլոր հնարավորությունները կան արագացված տեմպերով հասնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»,- իր խոսքը եզրափակեց Կալամանովը:
XS
SM
MD
LG