Մատչելիության հղումներ

Սահակյանը «վիրավորելու իմաստով է 7 հարկանի» խոստացել Փոստանջյանին


Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ձևակերպմամբ՝ Զարուհի Փոստանջյանը հարված է հասցրել հայ ժողովրդի ինքնությանը:

Սահակյանը ճիշտ է համարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունից Փոստանջյանին հեռացնելու Ազգային ժողովի նախագահի որոշումը և մեջբերում է Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե վիրավորանքը և զրպարտությունը օրինախախտում է և՛ Հայաստանի Սահմանադրությամբ, և՛ ԵԽԽՎ-ի կանոնակարգով:

Գալուստ Սահակյանին հիշեցրեցինք, որ երեկ էլ ինքն էր վիրավորել տիկին Փոստանջյանին՝ ասելով, թե նախագահին ուղղված կազինոյի մասին նրա հարցին կպատասխաներ «7 հարկանիով»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իր ասածը նույնպես վիրավորանք չէ, Սահակյանը պատասխանեց․ - «Վիրավորելու իմաստով եմ հենց ասել դա․․․ Համենայնդեպս, դա չեմ կարծում կընկճի Զարուհուն: Իսկ ես դա կարծիքն եմ այստեղ ասում և Հայաստանում եմ ասում»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ եթե վիրավորում ես Հայաստանում, դա նորմալ է, եթե դա անում ես Ստրասբուրգում՝ ոչ, Սահակյանն արձագանքեց․ - «Դա վիրավորանք չէ, դա հակադարձում է․․․ Համաչափ է խոսքս: Ես ավելի մեղմ տարբերակն եմ ընտրել»:

Հարցին, թե արդյոք «7 հարկանին» սեռական բնույթի հայհոյանք չէ, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Նույնիսկ եթե սեռական հայհոյանք լիներ, ավելի նվազ որակումներով եմ հանդես եկել»՝ նշելով որ իր ասածն ավելի մեղմ է, քան Զարուհի Փոստանջյանի հարցը ուղղված Սերժ Սարգսյանին:

Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հետ կանչելու իր մտադրության մասին Հովիկ Աբրահամյանը խոսել է նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանն ասաց, թե ինքը Աբրահամյանին ասել է, թե այդ որոշումը ճիշտ չէ: Ամեն դեպքում, Հակոբյանն ընդգծում է, թե Դոնթի բանաձևի համաձայն, յուրաքանչյուր խմբակցությունն ինքն է ներկայացնում իր թեկնածուին ԵԽԽՎ-ի կազմում, բայց վերջնական որոշումը կայացնում է Ազգային ժողովի նախագահը:

«Դեռ Զարուհի Փոստանջյանը կվերադառնա, եթե պարոն Աբրահամյանը ինչ-որ հարց կներկայացնի խմբակցությանը, մենք կքննարկենք, բայց միանգամից այդպիսի հայտարարություն անել՝ չեմ կարծում, որ տեղին էր և ժամանակին», - նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ խմբակցությունը տեղյակ չէր, թե Փոստանջյանը պատրաստվում է նման հարց հնչեցնել․ - «Ես այս պահին ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց․ կսպասեմ մինչև վերադառնա: Ինձ համար դեռևս մի քանի անհասկանալի հարցեր կան»:

Դաշնակցությունը ձեռնպահ է մնում գնահատական տալ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից հեռացնելու որոշմանը: Հարցին, թե արդյոք իրենք ճիշտ են համարում Հովիկ Աբրահամյանի որոշումը, խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն արձագանքեց, թե դա իր լիազորությունների մեջ չի մտնում:

«Մենք նման ոչ կոռեկտ հարց չէինք տա», - հավելեց Վարդանյանը՝ շարունակելով․ - «Տղաներից մեկն այսօր ասում էր, որ, օրինակ, Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին, որ հայտնի է իր բազմաթիվ սկանդալներով, որևէ միջազգային կառույցում որևէ պատգամավոր այս բնույթի հարցեր չի առաջադրել: Անձի մոտեցման խնդիրն է․ մենք ճանաչում ենք տիկին Փոստանջյանին: Մենք նման բան չէինք անի»:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ՀԱԿ-ին, ապա խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանի հետ կապված հարցը լուծելու համար ուշագրավ առաջարկ է արել․ - «Ես առաջարկել եմ ծնող կանչել, ծնողի հետ հարցերը կարգավորել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG