Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Ալիևին տրամադրվել է եթերաժամի 98 տոկոսը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսմայիլի քաղաքում ավտոկայան է բացում, օգոստոս, 2013թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսմայիլի քաղաքում ավտոկայան է բացում, օգոստոս, 2013թ․

Ըստ միջազգային դիտորդների՝ Ադրբեջանի գործող նախագահի քարոզարշավի ընթացքում լայնորեն կիրառվում են վարչական լծակները:

Ընդդիմության ակտիվիստների ահաբեկում, ընտրողների թվի կտրուկ ավելացում, գործող նախագահի ավելի շահեկան դիրք մյուս թեկնածուների համեմատ: Այսպիսին է քաղաքական իրավիճակն Ադրբեջանում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններից հաշվված օրեր առաջ ըստ եվրոպացի դիտորդների:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է իր հերթական՝ թվով երկրորդ միջանկյալ զեկույցը, որում գնահատելով նախընտրական իրավիճակն Ադրբեջանում՝ գրում է․ - «Թեև սեպտեմբերի 16-ին մեկնարկած քարոզարշավը մինչ այժմ բավական հանդարտ մթնոլորտում էր ընթանում, այնուհանդերձ, այդ իրավիճակը ստվերեցին քաղաքական մի շարք գործիչների ընտանիքի անդամների ահաբեկման դեպքերի մասին տեղեկությունները»:

Եվրոպացի դիտորդները մասնավորաբար հիշատակում են ադրբեջանական ընդդիմության առանցքային ղեկավարներից մեկի` Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի որդու ձերբակալությունը, ինչպես նաև ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի մամուլի խոսնակի 16-ամյա որդու մինչ օրս չբացահայտված դանակահարության դեպքը:

Եվրոպացի դիտորդների պնդմամբ` ամենակազմակերպված տպավորությունը թողնում է գործող նախագահ Իլհամ Ալիևի քարոզարշավը, որի ընթացքում, սակայն, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը լայնորեն կիրառում է վարչական լծակները:

«Սեպտեմբերի 20-ին և 23-ին Գախում և Շեմախիում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքների ժամանակ կազմակերպիչները կանխել են դրանց մասնակիցների` հավաքները լքելու բոլոր փորձերը: Սեպտեմբերի 25-ին Իլհամ Ալիևի` Մինգեչաուր քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ուսանողները դիտորդներին հայտնել են, որ դասախոսներն իրենց պարտադրել են մասնակցել հավաքին` հատուկ զգուշացնելով չլքել այն մինչև վերջնական ավարտը», - նշված է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցում:

Եվրոպացի դիտորդները նաև նկատում են, որ ադրբեջանական առաջատար հեռուստաընկերությունները իրենց լրատվական թողարկումների զգալի մասը հատկացնում են Իլհամ Ալիևի գործունեության լուսաբանմանը․ - «Դիտարկվող շրջանում պետական AzTV հեռուստաընկերությունը քաղաքական գործիչների լուսաբանմանը նվիրված ժամանակի 62, իսկ հանրային ITV հեռուստաընկերությունը` 28 տոկոսը հատկացրել է Իլհամ Ալիևին»:

Առաջադրված 10 թեկնածուների լուսաբանման դեպքում Ալիևի առավելությունն է՛լ ավելի ցայտուն է դառնում: Ադրբեջանի նախագահին այս երկու հեռուստաընկերությունները տրամադրել են ընտրություններին նվիրված եթերային ժամանակի 98, մնացած 9 թեկնածուներին` միայն 2 տոկոսը, նշում են ԵԱՀԿ-ի դիտորդները` միաժամանակ նկատելով, որ Ադրբեջանի նախագահը պաշտոնապես քարոզարշավին չի մասնակցում: «Իլհամ Ալիևը պարզապես այցելում է Ադրբեջանի տարբեր շրջաններ որպես գործող նախագահ», - նշված է զեկույցում:

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության մտահոգության մյուս առիթը ընտրացուցակների շուրջ ստեղծված անորոշությունն է:

Մայիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընտրողների թիվը Ադրբեջանում ավելացել է 30 հազարով: Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալներում ընտրելու իրավունք ունեցող Ադրբեջանի բնակիչների թվաքանակի տարբերությունը կազմում է շուրջ մեկուկես միլիոն մարդ: «Եթե Ընտրական հանձնաժողովի տվյալներով քվեարկելու իրավունքով օժտված ադրբեջանցիների թիվը 5 միլիոն է, ապա Վիճակագրական կոմիտեի պնդմամբ՝ 18 տարեկանից բարձր բնակչության թվաքանակը 2013-ի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 6 միլիոն 800 հազար», - նշում են եվրոպացի դիտորդները՝ նկատելով, որ ըստ ադրբեջանական իշխանությունների՝ նման ահռելի տարբերության պատճառը հաշվարկի մեթոդաբանությունն է:

Եվրոպացի դիտորդները նաև նկատում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուրջ դժգոհություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, BBC-ի և «Ամերիկայի ձայն»-ի կողմից քարոզարշավի լուսաբանման առթիվ` պնդելով, թե այս երեք լրատվամիջոցները խախտում են Ադրբեջանի ընտրական օրենսգրքի այն դրույթը, որի համաձայն՝ արտերկրում գրանցված իրավաբանական անձանց արգելված է քարոզչական նյութեր տարածել:

Ադրբեջանական ԿԸՀ-ն մասնավորաբար լուրջ դժգոհություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից միացյալ ընդդիմության հանրահավաքն ուղիղ եթերում հեռարձակելու փաստի առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG