Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը ընդունեց համաներումը


Ազգային ժողովը այսօր 102 ձայնով ընդունեց Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը:

Նիստին ներկա պատգամավորներից ոչ մեկը դեմ կամ ձեռնպահ չքվեարկեց:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ համաներումը կիրառվելու է վաղվանից՝ հոկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 25-ը։

Նախարարը ներկայացրեց նաև համաներման կիրառման առաջնահերթությունները.- «Առաջինը՝ անդրադառնալ այն խումբ մարդկանց, որոնք պետք է անմիջապես ազատ արձակվեն, և դրանից հետո նոր անդրադառնալ այն մարդկանց, որոնց պատժաչափերը պետք է կրճատվեն, որովհետև թեև կարևոր է մի օր շուտ իմանալ, թե պատիժը որքան է կրճատվում, բայց ոչ այնքան կարևոր, որքան մեկ օր շուտ դուրս գալը»,- ասաց Թովմասյանը։

Համաներման շնորհիվ ավելի քանի 500 մարդ ազատ կարձակվի բանտից։

«Մոտավորապես 500-600 մարդ ազատ կարձակվի, բայց համաներումը կտարածվի առնվազն 1300 մարդու վրա։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարները մեկ առ մեկ գործերը նայելու են, քննարկելու են, որոշումներ են կայացնելու»,- ասաց արդարադատության նախարարը։

Ազգային ժողովի որոշման համաձայն, համաներումը կարող է կիրառվել նաև պայմանական ազատազրկվածների նկատմամբ: Համաներումը կկիրառվի մինչև սեպտեմբերի 1-ը տեղի ունեցած հանցագործությունների դեպքերով: Համաներման շնորհիվ պատժից, որոշ բացառություններով, կազատվեն նախկինում չազատազրկված այն անձինք, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են: Բացի այդ՝ նախկինում չդատված 60 տարին լրացած անձինք, մինչև 18 տարեկանները, նախկինում չդատված Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մասնակիցները, բռնադատվածի կարգավիճակ ունեցողները:

Երեկ խորհրդարանական քննարկումների ժամանակ Ազգային ժողովի խոսնակը հայտարարել էր. - «Պետությունն իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է դրսևորում տարբեր հանգամանքների բերումով «սայթաքած» և նման իրավիճակում հայտնված քաղաքացիների նկատմամբ»: Հովիկ Աբրահամյանը հորդորել էր «ամենայն բարեխղճությամբ մոտենալ պետության կողմից ցուցաբերված մարդասիրական վերաբերմունքին»։

Հայաստանի դատաիրավական համակարգի վերաբերյալ հայտնի գնահատականների պարագայում այս հայտարարությունից բխում են հարցեր. ինչպե՞ս պետք է ամենայն բարեխղճությամբ համաներման հարցին մոտենան այն մարդիկ, որոնց դեպքում համաներումը պետք է կիրառվի, իրենց պնդմամբ, անհիմն մեղադրանքներից հետո: Սա մասնավորապես վերաբերվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, երիտասարդ ընդդիմադիր Տիգրան Առաքելյանին, Գորիսում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղայանին:

Հայտնի է, որ օրերս համաներումից հրաժարվելու մասին է հայտարարել գնդապետ Արտակ Բուդաղյանը: Սպառնալիքի մեջ մեղադրվող գնդապետը իրավապահներից պահանջում է գործը քննել, ուղարկել դատարան և պարզել հանգամանքները: Իսկ համաներման դեպքում գործը կարող է այլևս չուղարկվել դատարան:

Արդարադատության նախարարն այսօր հակիրճ պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, թե մարդը չի կարող հրաժարվել համաներման հնարավորությունից: Այս հարցն, ի դեպ, քննարկման առարկա է իրավաբանների շրջանում:
XS
SM
MD
LG