Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 3-ի մամուլ


Մեկնաբանելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթն ու պատվիրակների հարցերին նրա տված պատասխանները՝ «Ժամանակ» թերթը գրում է․ - «Սերժ Սարգսյանը երևի թե Ստրասբուրգում վերահաստատեց Եվրոպայի ստացած այն տպավորությունը, որ Հայաստանը չի կարող լինել հուսալի քաղաքական գործընկեր: Եվ սրա պատճառը բոլորովին այն չէ, որ երկիրը անդամակցել է Մաքսային միությանը: Խնդիրը, ինչպես մենք առիթ ունեցել ենք նշելու, վերաբերում է երկրի պահվածքին ընդհանրապես, երբ երկար ժամանակ ասվում է մի բան, իսկ հետո արվում միանգամայն այլ բան: Սերժ Սարգսյանի ելույթում պետք է պարզ լիներ, թե արդյոք Հայաստանի իշխանությունները գիտակցե՞լ են իրենց քայլի այդ խորքային դեֆեկտը: Սակայն ելույթի բովանդակությունը վկայեց, որ այդ հանգամանքի գիտակցում չկա, և Սերժ Սարգսյանն, ըստ էության, փորձում էր շարունակել «ֆռռացնել» եվրոպացիներին: Սրան ի պատասխան՝ Եվրոպան, իհարկե, Սարգսյանին ամոթանք կամ նախատինք չի հասցեագրի: Ավելին՝ նրա հետ կշարունակեն, իհարկե, աշխատել: Սակայն այդ աշխատանքով հանդերձ՝ Եվրոպայի վերաբերմունքի մասով կպակասի մի շատ կարևոր գործոն՝ հարգանքի գործոնը»:

«Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանությունը․ - «Հատկապես Մաքսային միությանն անդամակցելու անսպասելի որոշումից հետո, ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթից ակնկալիքները սովորականից ավելի մեծ էին: Վերջին քսաներկու տարվա ընթացքում երկրի ճակատագրի համար կարևորագույն որոշման նախաշեմին Հայաստանի նախագահից սպասվում էր այդ որոշման հիմնավորումների սպառիչ ներկայացում: Սակայն Սարգսյանի երեկվա ելույթն այդ առումով, կարելի է ասել, հիասթափեցնող էր թե՛ եվրոպացիների և թե՛ Սերժ Սարգսյանի այս որոշման մեջ երկրում զարգացման համար լուրջ հեռանկարի ակնկալիք ունեցողների համար»: Թերթն ամփոփում է․ - «Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ հերթական անգամ հայ ժողովուրդը տեղեկանում է իր ապագայի հետ կապված՝ Սերժ Սարգսյանի որոշումների մասին եվրոպական կամ ռուսական «տիզբոններից»»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է․ - «Ինքնին հասկանալի է, որ Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին մոտ մեկ ամիս առաջ արված հայտարարությունը հավելյալ հետաքրքրություն էր հարուցել «եվրոպական ուղղությամբ» մեր երկրի վարած քաղաքականության հետագա ընթացքի և այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ: Այդ տեսանկյունից, կարելի է ասել, նախագահի ելույթը հայեցակարգային է ու պարզորոշ նախանշում է Հայաստանի դիրքորոշումն ու քաղաքականության հիմնական շեշտադրումները: Էական է նախագահի ելույթում «կարմիր թելով» անցնող այն ուղերձը, որ Հայաստանը հաստատակամ է ժողովրդավարական և կառուցվածքային բարեփոխումները շարունակելու և խորքային ու որակական փոփոխությունների հասնելու հարցում և որ այդ առումով մեր պետությունը շարունակելու է սերտորեն համագործակցել եվրոպական կառույցների հետ ու հավատարիմ մնալ ստանձնած հանձնառություններին»:

«Հրապարակ-ն անդրադառնում է Ստրասբուրգում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղած՝ խաղատանը 70 մլն եվրո ծախսելու մասին սկանդալային հարցին: Թերթի խմբագիրը գրում է․ - «Հարցի տոնը, ձևակերպումը, ուղղվածությունն այնպիսին էին, որ այն ավելի շուտ հռետորական էր և պատասխան չէր ենթադրում: Ասվել էր հնչեցված լինելու, իսկ եթե ավելի պարզ ասենք՝ Սերժ Սարգսյանին Եվրոպայի առաջ խայտառակելու պարզ հաշվարկով: Երեկ հայ հանրությունն այս առիթով բաժանվել էր երկու հավասար ճամբարի. մի մասն ասում էր, որ լավ արեց, բա լա՞վ է, որ իրենք ընտրություններ են կեղծում, քրեական գործեր փակում, թալանում, գռփում, կործանում երկիրը: Բա ի՞նչ պիտի աներ՝ Հայաստանում չի կարողանում տալ էդ հարցը, պետք է Ստրասբուրգում տա: Ներսում չենք կարողանում հարցը լուծել. պետք է հույսներս դնենք եվրոպացիների վրա: Մյուս թևն ասում էր. Զարուհին դավաճան, երկրի կեղտոտ սպիտակեղենը հանել է դուրս: Եթե երկուստեք համակած կատաղությունն ու ոչ կոռեկտ արտահայտությունները թողնենք մի կողմ, պետք է նկատենք, որ երկու կարծիքի մեջ էլ ճշմարտության նշույլներ կան: Երկու թևին էլ կարելի է հասկանալ: Մի կողմից ինչ-որ բան երկրում փոխելու երիտասարդական մաքսիմալիզմն է, մյուս կողմից՝ երկրի նախագահի ինստիտուտի նկատմամբ հարգանքն ու բարեկրթության պահանջը»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, թե այս օրերին բուռն կերպով շարունակվում են Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության աշխատանքները․ - «Դպրոցն ունենալու է մի շարք մասնաշենքեր տարբեր նպատակների համար: Նաև՝ սարի դոշին հսկայական մի տարածք՝ որպես հանգստի գոտի: Էլիտար այս դպրոցում սովորելու և աշխատելու պայմաններն էլ բավական տպավորիչ են: Օրինակ, հավաքարարներից պահանջվում է, որ նրանք անպայման ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն անգլերենին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG