Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազի ընտրությունը կռիվ գցեց ընդդիմության ճամբարում


Դեմ արտահայտվելու հստակ դիրքորոշմամբ քվեարկության գնացել է 7 ընդդիմադիր, ըստ Ազգային ժողովի պատգամավորներից կազմված հաշվիչ հանձնաժողովի, միայն երեք դեմ ձայներ են հայտնաբերվել:

Գլխավոր դատախազի ընտրությունը կռիվ գցեց ընդդիմության ճամբարում: Երեկ դեմ արտահայտվելու հստակ դիրքորոշմամբ քվեարկության գնացել է 7 ընդդիմադիր՝ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, նաև Նիկոլ Փաշինյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Քվեատուփում, սակայն, ըստ Ազգային ժողովի պատգամավորներից կազմված հաշվիչ հանձնաժողովի, միայն երեք դեմ ձայներ են հայտնաբերվել:

Այսօր առավոտից ընդդիմադիրներից յուրաքանչյուրը պնդում էր՝ երեքից մեկը հաստատ ինքն է եղել: Նիկոլ Փաշինյանը նկարել էր իր քվեաթերթիկը, ինչպես նա էր նշել՝ կանխազգալով զարգացումները: Ապա եզրակացրել էր՝ չեմ սխալվել, փաստորեն:

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նման փաստարկ բերեց՝ խմբակցության՝ դեմ քվեարկելու որոշումը չի շրջանցել:

«Քվեարկել եմ այնպես, ինչպես որոշել ենք: Մնացածը ժուլիկություններ են», - ասաց Ջհանգիրյանը:

«Երեքից մեկը ես եմ, մյուսը՝ Ստեփան Դեմիրճյանը», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը, - «Ընդ որում, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի խոսքով, ինքը բաց է քվեարկել, հաշվիչ հանձնաժողովի մոտ: Նշանակում է՝ փաստեր ունի:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ ինքն էլ է դեմ քվեարկել․ - «Մարդ պետք է ապացուցի, որ ինքը ուղտ չէ: Այսինքն, եթե իմ ելույթից հետո որևէ մեկը կարող է կասկածել, նման հարց տալ, ուրեմն ես որևէ պատասխան չունեմ այդ մարդուն տալու: Ես ընդհանրապես այս ամբողջ 22-23 տարիների ընթացքում, որ քաղաքական դաշտում եմ, միշտ արել եմ այն, ինչ ասել եմ 90 թվականից սկսած»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ լրատվամիջոցների հետ զրույցում էր պնդել՝ ինքը դեմ էր Կոստանյանի թեկնածության առաջադրմանը, ուստի այդպես էլ քվեարկել է: Ընդ որում, քվեատուփից դուրս բերած բոլոր 103 կողմ, 3 դեմ և 2 անվավեր ձայներն էլ ընդդիմությունն այսօր կասկածի տակ դրեց: Հաշվիչ հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանն ասաց՝ ընտրությունների արդյունքները կեղծված են․ - «Իրենք այնտեղ մի բան արել են, և հիմա այնքան խճճվել է, որ չեն էլ իմանում որն էր անվավերը, որն էր դեմը, որն էր կողմը»:
Սկզբում հանձնաժողովը 4 անվավեր քվեաթերթիկ է հայտնաբերել, ասաց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը:

«Անվավերը հստակ անվավեր է՝ և՛ կողմը, և՛ դեմը ջնջված է, ինչի՞ մասին է խոսքը», - մեկնաբանեց Սուքիաս Ավետիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախապես անվավեր հայտարարված, այնուհետև որպես կողմ հաշվարկված քվեաթերթիկներում ինչպե՞ս էր արված քվեարկության նշումը:

«Դրանք «կողմ»-ի կողքը նշան էին արել, ոչ թե վրան․․․ եթե վրան լիներ նշանը, դեմ էինք հաշվելու, բայց կողքը + նշան էին արել», - ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանն ասում է՝ անվավեր քվեաթերթիկներում թե՛ դեմը, թե՛ կողմը ջնջված չեն եղել, ինքը հիշում է դրանց արտաքին տեսքը, հանրապետականները դրանք հետո են ուղղել:

«Եթե չկար կասկած, որ ընդդիմադիրները դեմ են քվեարկել, ինչո՞ւ անմիջապես վերահաշվարկ չպահանջեցին», - հարցին Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց․ - «Եթե հիմա իրենք պնդում են, որ երկու անվավերն էլ և՛ կողմի վրա էր, և՛ դեմի վրա, ես կարող եմ արդեն իսկ մտածել, որ այնտեղ եղել է էլի բլեֆ և դեմ ձայները ինչ-որ ձևով քողարկվել են»:

Ստեփան Դեմիրճյանն ասաց․ - «Ակնհայտ է, ես դեմ եմ քվեարկել: Թե հիմա դա անվավեր է ճանաչվել, թե դեմերի մեջ է՝ ես չգիտեմ»:

Թող քաղաքական ինտրիգի մեջ չներքաշեն հանձնաժողովը, ցանկացած ժամանակ եկեք վերահաշվարկենք, պնդեց հանրապետական Սուքիաս Ավետիսյանը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով քաղաքացիները պետք է ստեղծված իրավիճակի մասին ընդդիմությունից պատասխան պահանջեն․ - «Այն, ինչ տեղի ունեցավ, իմ կարծիքով և համոզմամբ անարգանք է Հայաստանի Հանրապետության հանրության նկատմամբ և կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ լուրջ խոսակցություն ունենան բոլոր այն ուժերի հետ, ովքեր իրենց հայտարարում են ընդդիմադիր: Այդ առումով, որ Ազգային ժողովի երկու խմբակցությունները հայտարարում են, որ դեմ են քվեարկելու Սերժ Սարգսյանի առաջադրած Գլխավոր դատախազի թեկնածուին, բայց արդյունքում ստացվում է՝ առնվազն իննը հոգի մասնակցում է խմբակցություններից քվեարկության և ստացվում է ընդամենը երեք դեմ ձայն»:

Ռուբիկ Հակոբյանը չի հասկանում տոտալ հարձակումն ընդդիմության վրա:

«Կարծում եմ ընդդիմությունը իր խոսքը պետք է, որ կատարած լինի», - ասաց նա:

Արամ Մանուկյանը կոնկրետացրեց՝ իշխանության կողմից է սադրանքը, ընդդիմության մեջ տարաձայնություն առաջացնելու նպատակով:

«Ընդառաջ չգնանք և չմխրճվենք այդ սարդոստայնի մեջ: Կրկնում եմ՝ մենք հավատում ենք բոլոր նրանց, ովքեր ասում են, որ դեմ են քվեարկել: Անկեղծորեն հավատում ենք», - ասաց նա:

Հանրապետական Մհեր Սեդրակյանն ասում է․ - «Արդեն բոլորին էլ պարզ էր, որ մեծամասնությունն է լինելու կողմերի թիվը: Իրենք ընդամենը լավամարդ են եղել, ուզեցել են միավորներ հավաքեն դատախազի մոտ: Մարդիկ իրենք ինչպես որոշում են, այդպես էլ անում են, ոչ մեկի խոսելուն եկեք չնայենք: Բոլորն էլ ամպագոռգոռ բառեր են ասում, գոռում են, իրենց ճղում են, բայց պահը գալիս է, անում են այն, ինչ իրենք հրահանգ են ստացել: Բայց ցույց են տալիս, իբր սրտանց մենք դեմ ենք, կամ օպոզիցիա ենք»:
XS
SM
MD
LG