Մատչելիության հղումներ

Թոշակառուն «ծաղր» է համարում թոշակը 15 տոկոսով բարձրացնելը


Թոշակառուն «ծաղր» է համարում թոշակը 15 տոկոսով բարձրացնելը
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Երևանաբնակ Թամարա Մովսեսյանը 71 տարեկան է, ստանում է 37 հազար դրամ կենսաթոշակ, իսկ գալիք տարվա հունվարի 1-ից կստանա մոտ 42.5 հազար դրամ:

«Այս հինգ հազար դրամը չի կարող բարելավել իմ կյանքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տարեց կինը:

Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում, հիշեցնենք, հաստատվեց 2014 թվականի պետբյուջեի նախագիծը, ըստ որի գալիք տարվա հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 15 տոկոսով, իսկ հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերը կաճեն 40 տոկոսով:

«Մենք պետք է հիմա վայելեինք մեր ծերությունը: Այդքան տարի աշխատեցինք, ստեղծեցինք, հարկերը մուծեցինք, բայց այսօր մենք չնչին գումար ենք ստանում: Թոշակառուն այսօր ուղղակի նսեմացված է, սա պարզապես ծաղր է իշխանությունների կողմից՝ այսօրվա Հայաստանում կենսաթոշակը բարձրացնել ընդամենը հինգ հազար դրամով ու ասել, թե մենք մտածում ենք քո բարեկեցության մասին», - ասաց Թամարա Մովսեսյանը:

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ իշխանությունների կողմից կենսաթոշակների ու պետծառայողների աշխատավարձերի բարձրացումը էական ազդեցություն չի կարող ունենալ մարդկանց բարեկեցության վրա, քանի որ Հայաստանում շարունակվող գնաճը ուղղակի կկլանի այդ բարձրացումները: Այսինքն՝ ապրանքների ու ծառայությունների գների շարունակվող աճի պայմաններում մարդիկ ստիպված կլինեն իրենց լրացուցիչ գումարները ուղղել այդ թանկացումների «դեմն առնելու համար»:

«Փաստն այն է, որ այն, ինչի վրա ծախսում է թոշակառուն փողը` հիմնականում գազ, էլեկտրաէներգիա, կոմունալ վճարումներ և պարենամթերք: Պարենը, ըստ երեկ հրապարակված պաշտոնական տվյալների, թանկացել է 8 տոկոսով, գազը և էլեկտրաէներգիան թանկացել են միջին հաշվով 21 տոկոսով. 27 տոկոսով` էլեկտրաէներգիան, 18 տոկոսով` գազը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց նախկին վարչապետը:

Բագրատյանը հիշեցրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա ընթացքում արդեն երկու անգամ խոսել է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացումից և այդ բարձրացման ժամկետներից, սակայն իշխանությունները չկարողացել պահել ո՛չ ժամկետները, ո՛չ բարձրացման խոստացված չափը:

Այս մարտի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց․ - «Կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Եվ կարծում եմ, որ այդ բարձրացումը լինելու է շոշափելի: Այնտեղ քննարկվում է նաեւ թոշակների բարձրացման խնդիրը»:

Հուլիսի 1-ից, ինչպես հայտնի է, բարձրացան միայն պետծառայողների աշխատավարձերը, թոշակները չբարձրացան:

Այնուհետև՝ օգոստոսի 28-ին, ելույթ ունենալով Կրթության և գիտության նախարարությունում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2014 թ․ հունվարի 1-ից էականորեն բարձրանալու է պետծառայողների աշխատավարձերը: Նախագահի նշած թվերը, ըստ էության, խոսում էին պետծառայողների աշխատավարձերի կրկնակի բարձրացման մասին․ - «Վստահորեն կարող եմ ասել, որ 2014 թվականի հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան»:

Կառավարության շաբաթ օրվա նիստում, վերհիշենք, որոշվեց, որ պետծառայողների աշխատավարձերը ավելանալու են հուլիսի և ոչ թե հունվարի 1-ից` միջինը 40 տոկոսով:

«Ինձ հասած տեղեկությամբ` ոչ թե խոստում, այլ խոսակցություններ եղել են, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կստանա մեկ միլիարդ եվրոյի վարկ կամ օգնություն: Եվ ես ինչքան հասկանում եմ, ամբողջ հաշվարկները կատարվել են դրա համար, շտապ կարգով գնացել են եվրոբոնդեր են թողարկել` թանկ, շատ թանկ, որ գոնե մասամբ կատարեն նախագահի խոստումները», - ասաց Հրանտ Բագրատյանը:
XS
SM
MD
LG