Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «կարող է չվավերացնել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը»


Հայաստանը այս տարվա հունվարից միակողմանի հանել է վիզային ռեժիմը Եվրամիության երկրների հետ, իսկ ԵՄ-ն պատրաստվում էր հեշտացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը՝ վավերացնելով Ռեադմիասիայի և վիզաների ռեժիմի դյուրացման մասին պայմանագրերը։ Հայ փորձագետը մտահոգություն է հայտնում, որ ԵՄ-ն կարող է չվավերացնել պայմանագրերը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի քաղաքական որոշումը յանը, կարող է բացասաբար ազդել Եվրոպայի հետ վիզաների դյուրացման գործընթացի վրա։

«Օրակարգով նախատեսված էր մինչև վիլնյուսյան պայմանագրի ստորագրումը վավերացնել այդ պայմանագիրը։ Բայց հիմա քանի որ Հայաստանը այդպես կտրուկ դուրս եկավ այդ գործընթացից, դա կարող է ազդել վիզային ռեժիմի հեշտացման վրա։ Ֆորմալ տեսակետից դրանք երկու տարբեր գործընթացներ էին, բայց Եվրոպայում մեծ դեր են խաղում քաղաքական տրամադրությունները։ Ես չեմ բացառում, որ պառլամենտներից մեկում մի քաղաքական ուժ կարող է սրել այդ խնդիրը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ եվրոպական երկրների պառլամենտները առանձին-առանձին պետք է վավերացնեն փաստաթղթերը։

Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, դիմելով Շենգեն գոտու վիզայի, դժվարությամբ են ստանում այն անգամ, երբ երբևէ խախտած չեն լինում որևէ երկրի մուտքի ու ելքի ժամկետները։

Երբ ԵՄ-ն վավերացնի վիզաների դյուրացման համաձայնագիրը, շատ սոցիալական խմբերի՝ այդ թվում ուսանողների, թոշակառուների, գիտաժողովների մեկնող մարդկանց համար Շենգենի գոտու երկրների մուտքի արտոնագիրը անվճար կդառնա, վիզայի դիմող բոլոր քաղաքացիները կներկայացնեն ավելի քիչ թվով փաստաթղթեր և արտոնագիրը կստանան կարճ ժամանակահատվածում։

Ստեփան Գրիգորյանի կանխատեսումը, որ ԵՄ-ն կարող է և չվավերացնել դյուրացման համաձայնագիրը, չեն կիսում Արտաքին գործերի նախարարությունում, որտեղից «Ազատություն» հայտնեցին, որ ակնկալվում է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մինչև տարվա վերջ։
XS
SM
MD
LG