Մատչելիության հղումներ

Բնակիչները դեռ սպասում են քաղաքապետարանի խոստացած քննարկումներին


Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները պահանջում են անվավեր ճանաչել իրենց անմիջական հարևանությամբ կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինթույլտվությունը:

Նրանք նաև նոր գլխավոր ճարտարապետից պահանջում են ուսումնասիրել 2013 թվականի փետրվարին «Լարգո ՍՊԸ» ընկերությանը տրված շինթույլտվությունը, որը, բնակիչների խոսքով, ամբողջությամբ հիմնված է կեղծիքների վրա:

«Քաղաքպետարանը կայացրել է անառակ որոշում, քանի որ վաճառել է մի գույք, որի սեփականատերը երբեք չի եղել: Այդ կաթսայատունը պատկանել է Սայաթ-Նովա 10 կոոպերատիվ շենքին, այն կառուցվել է հասարակության, բացառապես անհատների միջոցներով, ուստի քաղաքապետարանը իրավունք չուներ դա վաճառելու», - ասաց իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը:

Նոր շինությունը լինելու է Սայաթ-Նովա 10 և 12 շենքերի բակում գտնվող 80 քառակուսի մետր կաթսայատան տեղում, բացի այդ ավելացվելու է մի փոքր մաս փողոցի կողմից, մեկ ավտոտնակ, իսկ երկրորդ հարկից, ըստ նախագծի, նորակառույցը ավելի է լայնանալու, ինչը մեծացնելու է շինության մակերեսը՝ այն դարձնելով 350 քառակուսի մետր: Արդյունքում՝ փոքրանալու է բակը եւ սահմանափակվելու է հարակից շենքերի լուսավորությունը:

Հիշեցնենք, որ ընկերությունը նախ հյուրանոցային համալիրի, հետո՝ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման իրավունք է ստացել 4 շենքերով պարփակված բակում, ինչը հարուցել էր հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը` վերջիներիս դրդելով բողոքի գործողությունների:

Այս ամռանը, բնակիչների բարձրացրած աղմուկից և բողոքի ակցիայից հետո քաղաքապետարանը կասեցրեց շինարարությունը՝ քննարկումներ կազմակերպելու խոստումով:

«Քննարկում կազմակերպելու խոստումից անցել է երկուևկես ամիս, ոչ ոք տեղից չի շարժվել: Եթե կարծում են, որ այսպիսով կարող են հանգստացնել կրքերը, սխալվում են, մենք չենք լռելու», - նշեց Սամվել Մկրտչյանը:

Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, գործող քաղաքապետի քարոզարշավն իրականացրած Անահիտ Հովսեփյանը ցույց էր տալիս Տարոն Մարգարյանի նախընտրական գրքույկները՝ բակերը երեխաներին և երևանցիներին կարգախոսներով, ու ցավով նշում, որ այսօր իրենց բակի օրինակը լրիվ այլ բան է ապացուցում:

Երեւանի քաղաքապետարանից խոստացան խնդրին արձագանքել առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG