Մատչելիության հղումներ

Հայաստանը «պատրաստ է ամբողջովին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»


Ստրասբուրգ -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին, 2-ը հոկտեմբերի, 2013

Ստրասբուրգ -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին, 2-ը հոկտեմբերի, 2013

Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթնաժողովին, և մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխություներ մտցնել բանակցված փաստաթղթում, և պատրաստ ենք ամբողջովին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցերին:

«Հիմա էլ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, բայց ցավոք, մեր հայտարարությունից հետո՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին, Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ ուղղակի հակասություն կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև, կանոնների տարբերություն կա։ Մենք առաջարկեցինք, որ այս պարագայում, խնդրեմ, ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ է ենթադրում, և մենք պատրաստ ենք, ոչ միայն պատրաստ ենք, այլ վճռական ենք մեր երկրում այդ բարեփոխումները իրականացնելու։ Հիմա այս գործընթացն է գնում։ Մենք լինելու ենք Վիլնյուսում և հիմա արդեն Եվրամիության մեր գործընկերների հետ բանակցում ենք, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է ստորագրենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը պատասխանելով համաժողովի պատգամավորների հարցերին՝ անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրված ճնշումների մասին պնդումներին։ Մասնավորապես, շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մարիետա դե Պուղբե- Լունդինը հարցրեց, թե իսկապե՞ս Հայաստանը Ռուսաստանից անդիմադրելի առաջարկ է ստացել.- «Հայաստանը ուներ վերջնական համաձայնագիր Եվրամիության հետ, բայց վերջին պահին փոխեց որոշումը և միացավ Մաքսային միությանը, Ռուսաստանը ուժեղ ճնշումներ է բանեցնում ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա։ Որքան ես հասկանում են, Հայաստանի դեպքում այս ճնշումը վերաբերում էր Հայաստանի անվտանգությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանի աջակցությանը»,- նկատեց շվեդ պատգամավորը։

«Ճնշումների մասին խոսելն ավելորդ է, ես ձեզ անկեղծորեն ասում եմ, և չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտությունը ասել՝ որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին։ Մենք ենք այդ ցանկությունը հայտնել, որովհետև ելել ենք շատ պարզ իրողությունից. մենք 20 տարուց ավելի է, որ գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, որոնք այսօր ձևավորել են Մաքսային միություն, և մենք չենք կարող մեկուսանալ աշխարհատնտեսական այն տարածքից, որի հետ 20 տարուց ավելի է համագործակցում ենք։ Ժամանակը չի ներում, ես կարող էի ավելի մանրամասն ասել, թե ինչպիսի տնտեսական շահ կունենա Հայաստանը դրանից»,- ասաց Հայաստանի նախագահը։

Սոցիալիստների խմբի փոխնախագահ, մակեդոնացի պատգամավոր Իգոր Իվանովսկին էլ Սերժ Սարգսյանին հարց ուղղեց Հայաստանի ժողովրդավարական վիճակի մասին։ Իվանովսկին ընդգծեց, թե Հայաստանը շատ քիչ առաջընթաց է արձանագրել այս առումով՝ դատարանները կախյալ վիճակում են, չի կրճատվել կոռուպցիան, ավելին՝ լուրջ խնդիրներ կան ընտրական գործընթացներում՝ ընտրացուցակների հետ կապված խնդիրը, ընտրողների վրա ճնշումները և վարչական ռեսուրսի կիրառումը Հանրապետականի կողմից։ «Ե՞րբ կարող ենք մենք տեսնել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեն ընտրական գործընթացի բարելավմանը»,- հարցրեց մակեդոնացի պատգամավորը։

«Ես չգիտեմ՝ Դուք ով եք, որ երկիրն եք ներկայացնում, բայց ակնհայտորեն տեսնում եմ, որ թշնամաբար եք տրամադրված Հայաստանին, ուղղակի պիտի Ձեզ խնդրեմ ուշադրությամբ ծանոթանալ բոլոր զեկույցներին, որտեղ շատ հստակ նշվում է Հայաստանի առաջընթացի մասին»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը ԵԽ-ում անդրադարձավ նաև Ղարաբաղի խնդրին՝ ասելով, որ հարևան երկրի ղեկավարը հայերին համարում է թիվ մեկ թշնամի, հպարտանում է ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի այն դիտարկմանը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, Սերժ Սարգսյանը բավական կոշտ պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում այդ երկիրը ավելի մեծ տարածքներ կարող է կորցնել։

«Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից։ Հիմա էլ Ադրբեջանը մեզ սպառնում է ռազմական գործողություններով, վստահ եմ՝ եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի, այլ 25, 30 տոկոսի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավարի այն դիտարկմանը, թե Հայաստանը «խաղեր է խաղում» Եվրամիության հետ, բայց հետո գնում է Մաքսային միությունը։

«Հայաստանի Հանրապետության խնդիրն է, թե Մաքսային միությանը կանդամակցի, Եվրամիությանը կանդամակցի, Իսլամական համերաշխության կազմակերպությանը կանդամակցի։ Մենք ինչո՞ւ պիտի ձեզ հաշվետու լինենք այս առումով։ Եվ ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ։ Ես սպորտսմեն չեմ, միգուցե Դուք երիտասարդ տարիներին դրանով զբաղվել եք, մենք խաղ չենք խաղում»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Օտարերկրյա պատվիրակությունների պատգամավորներից բացի Հայաստանի նախագահին հարց ուղղեց նաև Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Հայտնի է, որ Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության հետևանքով՝ փետրվարի 18-իին հայ ժողովրդի քվեի գողության հետևանքով։ Այդ իսկ պատճառով Դուք այստեղ դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքը և իրավունքը։ Դրա համար ես Ձեզ կտամ այլ հարց։ Դուք վերջերս եղե՞լ եք Եվրոպայում՝ կազինոյում, քանի որ Դուք հանրությանը հայտնի եք նաև որպես խաղամոլ և այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո, ո՞վ է վճարել Ձեր փոխարեն այդ կորցրած գումարի համար։ Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն էր կազմում Ձեր կորցրած գումարը խաղատանը»,- հարցրեց Փոստանջյանը։

«Ես խորապես համոզված եմ, տիկին Փոստանջյան, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին և ես դրանով հպարտ եմ։ Ցավոք սրտի, ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին։ Ձեր ասածը կապված կազինոյի հետ՝ ես երբեք չեմ եղել Եվրոպայում որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 միլիոն եվրո։ Եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեիք և այդքան չարություն Ձեր մեջ չկուտակվեր։ Հաշվեք, որ ես Ձեզ չեմ պատասխանել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG