Մատչելիության հղումներ

Ուղեվարձի բարձրացման վերաբերյալ «Բարև Երևանի» հայցը մերժվեց


Վարչական դատարանը մերժել է ավագանու «Բարև Երևան» դաշինքի հայցը, որով ընդդիմադիր խմբակցությունը բողոքարկում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը՝ տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ:

Ընդունելով, որ ավագանու անդամները իրավասու են վիճարկել քաղաքային իշխանությունների որոշումները, դատարանը միաժամանակ հետաքրքրվել է՝ այս հայցադիմումով ո՞ւմ շահն է ներկայացնում «Բարև Երևան»-ը:

Խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը և ԱՆահիտ Բախշյանը տարակուսած էին՝ ընտրովի մարմինը էլ ո՞ւմ շահը պետք է ներկայացնի:

«Դատավորի համար ընտրված մարմին հասկացություն գոյություն չունի: Մարդիկ լիազորել են մի խումբ մարդկանց իրենց շահերը պաշտպանելու, դրա մասին մեր դատավորը, պարզվում է, պարզապես չգիտի», - ասում է Անահիտ Բախշյանը:

Ավագանու անդամները խայտառակություն են որակում այս որոշումը՝ պնդելով, որ դատավորն ընդամենը պատվեր է կատարել:

«Զավեշտալի որոշում, որը արդարադատության վերջն է», - գնահատում է Ստյոպա Սաֆարյանը:

«Բարև Երևանը»-ը ոչ միայն բողոքարկելու է, այս որոշումը Վերաքննիչ դատարանում, այլև դիմելու է Արդարադատության խորհուրդ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արծրուն Միրզոյանի նկատմամբ:

«Որևէ մեկը նրան թույլ չի տվել անգամ սեփական տանը նման արդարադատություն իրականացնել: Նա իրավունք չունի կրել դատավորի բարձր կոչումը և նման ցինիզմով մեկնաբանել օրենքը և զրկել մի ողջ խմբակցության ոչ միայն իր իրավունքից, այլ նաև թքել մի ամբողջ հասարակության երեսին և կանաչ լույս վառել նրա հարստահարման և ունեզրկման համար», - ասում է Սաֆարյանը:

«Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցությունը հայցադիմումում թվարկել էր մեկ տասնյակից ավելի խախտումներ, որոնցով ուղեկցվել է Տարոնի Մարգարյանի որոշումը՝ բարձրացնել ուղևարձը: Քաղաքապետն, օրինակ, հաշվի չի նստել օրենքի պահանջի հետ առաջնորդվել նաև հասարակության շահով, թանկացման հիմնավորումում մատնացույց անելով միայն գծատերերի շահերը:

«Ասենք, օրինակ՝ վարկերի տակ են այս կազմակերպությունները: Օրենքը չի ասում, որ հասարակությունը պետք է վարկի տոկոսների տակ մտնի․․․ սրանք վախենում են այս հայցի հզորությունից: Նրանք բան չունեն ասելու: Այստեղ բոլորը կարճ, լակոնիկ խախտումների մասին է», - հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Տրանսպորտի վիճակը Երևանում աղետալի է, հայտարարում են ավագանու ընդդիմադիր անդամները, ովքեր բոյկոտում քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի աշխատանքները: Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը կասկած չունեն, որ նորաստեղծ հանձնաժողովի միակ խնդիրը տրանսպորտը թանկացնելն է:

«Որոշումը ավելի շատ մարդկանց վրա են դնում, որպեսզի միայն Տարոն Մարգարյանը չլինի: Ասենք, Տարոնն ասում է՝ ես ինչո՞ւ այս ամբողջի բեռը կրեմ: Նոր մարդիկ են ներգրավել: Հանձնաժողովը ինքը տեղով ապօրինություն է: Ինչո՞ւ են բերել հանրապետական կրծքանշանով մարդկանցով հանրության տպավորություն ստեղծում», - դժգոհում է Ստյոպա Սաֆարյանը:

Որպես տրանսպորտային բարեփոխումների առաջին քայլ ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն առաջարկում է ուղեվարձն անկանխիկ դարձնել, միայն այդ դեպքում կերևա իրականում ինչ ախորժակ ունեն գծատերերը:
XS
SM
MD
LG