Մատչելիության հղումներ

Եվրամիությունը զգուշացնում է նաև Վրաստանին


Եվրամիության և Վրաստանի դրոշները Թբիլիսիում՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց
Եվրամիության և Վրաստանի դրոշները Թբիլիսիում՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց

«Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին միանալը և Եվրասիական միության անդամակցությունը անհամատեղելի են», - հայտարարել են Թբիլիսի այցելած եվրոպացի պաշտոնյաները:

Եվրամիության պաշտոնյաները Վրաստանին նույնպես զգուշացնում են, որ հնարավոր չէ միաժամանակ միանալ Եվրոպայի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին ու Եվրասիական միությանը՝ դրանք անհամատեղելի են:

Այս մասին ևս մեկ անգամ հայտարարել են Եվրամիության քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ դեսպանները, որոնք սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը այցելել են Վրաստան: Նրանք հանդիպումներ են ունեցել Վրաստանի իշխանությունների, Եվրամիության դիտորդական առաքելության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցի ավարտին Եվրամիության հանձնաժողովի պատվիրակությունը ամփոփիչ հայտարարություն է տարածել, ուր նշված է․ - «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին միանալը և Եվրասիական միության անդամակցությունը անհամատեղելի են: Եվրամիությունը հարգում է գործընկերների ինքնուրույն, ազատ ընտրությունը՝ ընդգծելով, որ իր գործընկերների վրա ճնշումները անընդունելի են»:

Եվրամիությունը և Վրաստանը հուլիսին ավարտել են ազատ առևտրի համաձայնագրին Վրաստանի միանալու բանակցությունները: Այս փաստաթուղթը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մի մասն է կազմում, որն իրականացվում է Արևելյան գործընկերության ծրագրով:

Նոյեմբերին Վիլնյուսում անցկացվելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, ուր նախատեսվում էր մեծ առաջընթաց արձանագրել ծրագրում ընդգրկված վեց երկրի համար, ընդ որում՝ յուրաքանչյուրը տարբեր առաջընթաց է արձանագրել, ամենազգալին՝ Ուկրաինան, հետո՝ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն էլ վատ չէր, Ադրբեջանը, Բելառուսը:

Բայց որքան մոտենում էր գագաթնաժողովը, այնքան Ռուսաստանը խնդիրներ էր հարուցում այդ երկրների համար, իսկ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը Մոսկվայում անսպասելիորեն հայտարարեց, թե Հայաստանը ընտրում է Մաքսային միությանը միանալու, այնուհետև՝ Եվրասիական միություն ձևավորելու ճանապարհը:

Այդ նույն օրերին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել էր, որ առայժմ հեռանկարներ չի տեսնում Եվրասիական միությանը միանալու համար, բայց նաև նշել էր․ - «Եթե ապագայում տեսնենք, որ դա շահավետ է երկրի ռազմավարության համար, ապա՝ ինչո՞ւ ոչ, տեսնենք»:

Նման դիրքորոշումը երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համար անընդունելի է: Բայց այս ամիս՝ հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, թեկնածուների շարքում Սաակաշվիլին չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG