Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 2-ի մամուլ


Մամուլն արձագանքել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալային քվեարկությանը:

«Ժողովուրդ»-ը գրում է․ - «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության «փակ գաղտնի» քվեարկության ընթացքում, ցույց տվեց Հայաստանի քաղաքական դաշտում տիրող բարոյազրկության իրական աստիճանը: Թեև Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկման փուլում արդեն իսկ նշմարելի էր մեր ընդդիմադիր կոչվող պատգամավորների քծնախառն պահվածքն առ երկրի ապագա գլխավոր դատախազը, սակայն քվեարկության արդյունքները զարմացրին անգամ քաղաքական դաշտի ամենացինիկ հնաբնակներին: Ընդամենը երեք «դեմ» ձայնով Հայաստանի գլխավոր դատախազ դարձավ մի մարդ, որի հասցեին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 17 անդամներն այս տարիների ընթացքում ամենատարբեր հարթակներից այնքան ցեխ էին շպրտել ու այնպիսի մեղադրանքներ ներկայացրել, որ թվում էր՝ նրանք պիտի առնվազն մեկ մարդու նման դեմ քվեարկեն նրա թեկնածությանը»:

Թեման շարունակում է «Հայոց Աշխարհ»-ը` « Ընդդիմադիրները դեմ լինելով՝ կողմ քվեարկեցին» վերնագրի ներքո գրելով․ - «Երկու օր շարունակ ԱԺ ամբիոնի մոտ սուր-սուր հարցեր բարձրացնող, խիստ ելույթներ հնչեցնող ընդդիմադիրները՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», միաբերան հայտարարում էին՝ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկելու: Քվեարկությունից հետո դարձյալ ներկա գտնվող ընդդիմադիր 8 պատգամավորներից ամեն մեկն իր հերթին վերահաստատում էր՝ դեմ ենք քվեարկել: Բայց քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտրիգը ջրի երես դուրս եկավ: Եթե 8 ընդդիմադիրները դեմ են քվեարկել, այդ ինչպե՞ս եղավ, որ ընդամենը 3 դեմ արձանագրվեց: Ընդդիմադիրների շարքերում թվաբանական մի կատարյալ խառնաշփոթ էր, ոնց հաշվում էին, մի բան չէր ստացվում: Իսկ քաղաքական հանելուկի պատասխանն այնքան պարզ է. մեր ընդդիմությունը ընդդիմություն է միայն ամբիոնների առաջ ու ռադիոլսողի ականջի տակ, և ոչ ավելին»:

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն: Հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին Մաքսային միության կազմում, Մալաշենկոն պատասխանում է. - «Այդ մասին դեռևս ոչ ոք չի կարող որևէ հստակ բան ասել, որովհետև երբ այս ամենն աշխատի և տեսանելի լինի արդյունքը, ապա կարելի է ենթադրություններ անել, որովհետև, եթե մենք դիտարկենք ՄՄ այլ անդամ երկրներին, օրինակ՝ Ղազախստանին, ապա այնտեղ արդեն որոշակի հիասթափություն է տիրում այդ միությունում, քանի որ Ղազախստանը չստացավ այն, ինչ ցանկանում էր: Հայաստանն, իհարկե, Ղազախստան չէ, ավելի փոքր է, ուստի հավակնությունները ևս ավելի փոքր են, բայց պետք է տեսնել ինչպես կդասավորվեն իրադարձությունները, որովհետև Հայաստանը չունի ռուսական շուկա դուրս գալու խնդիր. դա Հայաստանի համար ամենակարևորը չէ»: Նա նաև հիշեցնում է, որ Հայաստանի ընտրությունը նաև պայմանավորված էր «որոշակի ճնշմամբ», քանի որ « Հայաստանն ամբողջությամբ կախված է ՌԴ-ի ռազմական մատակարարումից»:

«Ազգ»-ը գրում է. - «Եվրոպական արժեքները համասեռամոլությամբ պայմանավորող գնահատականները, թե Մաքսային միությանն անդամակցությունը ավելի մոտ է հայկական արժեքներին, սխալմամբ, ավելի շուտ, անգրագետ դատողություններով են կապվում Եվրոպական միության հետ: Ռուսաստանի պարտադրած միությանն անդամակցությունը համասեռամոլությանը հակադրելու փորձեր անողներին լավ կլինի տեղեկանալ, որ մինչև Եվրոպական միության հետ հարաբերությունների կառուցումը Հայաստանն արդեն անդամակցում էր այնպիսի մի կազմակերպության, որտեղ բոլոր փոքրամասնությունների, այդ թվում` սեռական, իրավունքների պաշտպանությունը պարտադիր է: Խոսքը Եվրոպայի խորհրդի մասին է, ընդ որում` այստեղ ներկա դրությամբ Հայաստանը ոչ թե շարքային անդամ է, այլ նախագահող երկիր»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մասիս քաղաքի բնակիչներն ամեն լուսաբացին առավոտյան թարմ թթվածնի փոխարեն այրվող աղբի թունավոր ծուխ և աղբավայրից արտանետվող մեթան են շնչում: Աղբավայրը գտնվում է Մասիսից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այն սկսել է շահագործվել մոտ մեկ տարի առաջ: Աղբավայրը շահագործվել է նաև 1960-ականներից սկսած և սպասարկել է Մասիսի շրջանին: Այժմ ոչ միայն Մասիսի տարածաշրջանին է սպասարկում, այլև Երևանի Շենգավիթ համայնքին: Այսպիսով` Մասիսի հարևանությամբ ձևավորվում է կենցաղային աղբի ու հիվանդության մեծ օջախ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG