Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հորդորում է ոստիկանությանը փոխել գործելաոճը


Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ոստիկանության, ակտիվիստների ու բնակիչների բախումներին վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կրկին հանդես է եկել հայտարարությամբ, և այս անգամ ավելի մանրամասն քննելով ոստիկանության գործողությունները՝ դրանք անվանել է ոչ իրավաչափ։

Մասնավորապես, պաշտպանը հիշեցնում է, որ օգոստոսի 24-ին խաղաղ բողոքի ակցիայի դուրս եկած մարդկանց ոստիկանությունը հայտնել է, որ նրանք խախտում են հասարակական կարգը և 50 րոպե անց սկսել է ֆիզիկական ուժ կիրառելով ցրել հավաքը։ Ըստ Կարեն Անդրեասյանի՝ ոստիկանությունը դրսևորել է «անհամբերություն և անհանդուրժողականություն»։

«Ուժի կիրառումը պետք է լիներ շատ զուսպ, շատ համաչափ և ոչ թե արդեն վնասազերծված քաղաքացու նկատմամբ առանձին ոստիկաններ շարունակեին ուժ կիրառել, կամ երբ, օրինակ, մենք տեսնում ենք առանձին դրվագներում, ոստիկանները վրդովված վիրավորված սովորական քաղաքացիների պես են պահում իրենց այդ իրավիճակներում, հայհոյում են քաղաքացիներին։ Այսինքն ընդհանուր մոտեցումը, հրահանգը պետք է լիներ ավելի զուսպ, համբերատար, և առանձին դրվագներում ոստիկանները պետք է պահեին իրենց ավելի պրոֆեսիոնալ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը։

Նա ավելացրեց, որ ցանկացած նորմալ երկրում մարդու իրավունքների պաշտպանի նման հայտարարությունը կվարկաբեկեր ոստիկանության համակարգը, և ասաց, որ իր կողմից նման կոշտ հայտարարություն տարածելը ծայրահեղ միջոց է, սակայն ստիպված են եղել դիմել այդ քայլին, քանի որ սպառվել էին գործելու բոլոր մյուս այլ միջոցները։

«Մեր նպատակն այն է, որ ոստիկանությունը փոխի իր գործելաոճը խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- մեկնաբանեց օմբուդսմենը։

Պաշտպանը նկատել է, որ ոստիկանությունը խախտել է նաև առանձին մարդկանց իրավունքները. նշվում է Armenia Today կայքի համակարգող Ագիշտի Կիվիրյանի մասին, ով, հիշեցենք, ակցիայի ժամանակ բռնության էր ենթարկվել ոստիկանական մեքենայի ներսում։

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղի ունեցածից հետո հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, ապա դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, բայց մինչ օրս որևէ արձագանք չկա։

Ի դեպ շաբաթներ առաջ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ի պատասխան «Ազատության» հարցին այն մասին, որ Անդրեասյանը քննադատում է իրավապահներին և հորդորում պատասխանատվության կանչել իրավախախտներին, ասել էր, թե «արդեն սկսում է մտածել, որ ժամանակն է օմբուդսմենին պատասխանատվության ենթարկել»։

«Իրավաչափության գնահատականներ հնչեցնելը իմ լիազորությունն է և պարտականությունը, իսկ օմբուդսմենի գործողությունները գնահատելը, եթե վերածվի իմ գործունեության խոչընդոտելու քայլի, նույնիսկ քրեորեն պատժելի արարք է։ Ովքեր չունեն իմ գործողությունները գնահատելու լիազաորություն, թող զերծ մնան, հակառակ դեպքում դա կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում իմ անկախ գործունեության նկատմամբ»,- ասաց Անդրեասյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG