Մատչելիության հղումներ

Հայաստանը առաջիկայում «չպետք է ակնկալի երկնիշ տնտեսական աճ»


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ տնտեսական աճը Հայաստանում դանդաղում է, և առաջիկայում, փաստորեն, չպետք է ակնկալել երկնիշ կամ դրան մոտ տնտեսական աճ, քանի որ տնտեսության աճը, ինչպես նշեց Տերեսա Դաբան Սանչեսը, ընկնում է իր նորմալ տեմպերի մեջ՝ տարեկան 4-5 տոկոս։

Նման հայտարարություն Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում:

Ինչպես հայտնի է, այս տարվա համար Հայաստանի կառավարությունը սպասում է 7 տոկոս տնտեսական աճ: Տարվա առաջին կեսին ԱՄՀ-ն կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, սակայն այս սեպտեմբերին այն նվազեցրեց նաև այդ աճը՝ նշելով, որ 2013-ին Հայաստանի տնտեսությունը կաճի մինչև 4 տոկոս։

«Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղում է: Մենք սա կանխատեսում էինք դեռ տարվա սկզբից: Անցած տարի Հայաստանի տնտեսությունը աճեց 7 տոկոսով, և մեր կանխատեսումն է, որ այդ աճը կդանդաղի ու կհասնի, ինչպես մենք ենք ասում, Հայաստանի համար տնտեսական աճի նորմալ տեմպերի՝ տարեկան 4-5 տոկոս»,- ասաց ԱՄՀ-ի ներկայացուցիչը։

Տերեսա Դաբան Սանչեսը առանձնացրեց չորս հանգամանք, որոնց պատճառով դանդաղում է Հայաստանի տնտեսության աճը։

«Գլոբալ ու տարածաշրջանային զարգացումներն ավելի քիչ նպաստավոր դարձան Հայաստանի տնտեսական աճի համար: Հայտնի է, որ զարգացող տնտեսությունների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ռուսաստանի աճը սկսեց դանդաղել (վերջինիս դեպքում կապը Հայաստանի տնտեսության հետ հանրահայտ է): Հայաստանի տնտեսության աճի դանդաղման հաջորդ պատճառն այն է, թե ինչպես էր պետբյուջեն կատարվում այս տարի. այդ առումով որոշակի ձգձգումներ եղան ենթակառուցվածքային մեծ նախագծերում, որն իր ազդեցություն ունեցավ աճի վրա: Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են դա և մինչև տարվա վերջ որոշակի խթանիչ քայլեր կարվեն այս ուղղությամբ: Ամբողջ պատկերը պարզ լինելու համար նշեմ նաև, որ ֆիքսել ենք՝ բանկային համակարգի տրամադրած վարկավորումները չափավորվել են: Միևնույն ժամանակ մենք տեսանք, որ անցած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը որոշակի շոկերի ենթարկվեց. հուլիսին գազի գնի բարձրացումը, որն իր ազդեցությունն ունեցավ տնտեսական աճի վրա, այն ավելի թանկ դարձնելով ընկերությունների համար»:

«Մենք գտնում ենք, որ այս տարի 4 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար հիմնավոր է, և սա Հայաստանի համար առողջ աճ է»,- ընդգծեց ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը:

Այս մայիսին ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և հիմնադրամի հայաստանյան նախկին ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան հանդես եկան աննախադեպ հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի կառավարությանը արագացնել բարեփոխումները, «որպեսզի հույս լինի Հայաստանի ապագայի նկատմամբ»:

Այսօր հարցազրույցի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կարող է ասել հարկերի հավաքման առնչությամբ և, մասնավորապես, խոշոր բիզնեսից, մոնոպոլիստներից գանձվող հարկեր մասով, որոնք, տարածված տեսակետի համաձայն, խուսափում են հարկեր վճարելուց՝ թաքցնելով իրենց եկամուտները, Տերեսա Դաբան Սանչեսը արձագանքեց.- «Սա այն ոլորտն է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել, և մենք աջակցություն ենք ցուցաբերում: Պետք է ասեմ, որ սա համընդհանուր խնդիր է աշխարհում՝ բիզնեսը ցանկանում վճարել որքան հնարավոր է քիչ հարկ: Ուստի, հարկերի հավաքումը պետք է ունենա իրական, հետաքննչական, վարչական գործիքներն և դատական համակարգ, որոնք արդյունավետ կլիեն: Կառավարությունը պետք է գործի դնի այս գործիքները, և մենք օգնում ենք Հայաստանի կառավարությանը, թե ինչպես աշխատեցնել այդ գործիքները, մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ այս ուղղությամբ»:

Հիմնադրամի ներկայացուցիչը անդրադարձավ նաև Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի իշխանությունների հայտարարությանը՝ նշելով, թե իրենք ուսումնասիրում են հարցը, հանդիպումներ են ունեցել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն այս պահին չի կարող որևէ, անգամ՝ նախնական գնահատական տալ այս կապակցությամբ:

Այն հարցին, թե իսկ Եվրամիության հետ համաձայնագրերի կնքումը արդյոք օգտակա՞ր չէր լինի Հայաստանի համար, Տերեսա Դաբան Սանչեսը պատասխանեց.- «Կարծում եմ, որ Եվրամիության հետ կապերն, իրոք, օգտակար են Հայաստանի համար, և մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե անելու են հնարավորինն այս ուղղությամբ: Մենք նաև լսել են հայտարարություններ Եվրամիությունից՝ համագործակցությունը շարունակելու մասին»:

«Իսկ ի՞նչ կասեք եվրաբոնդերի մասին, որովհետև Հայաստանի արտաքին պարտքը աճեց: Արդյոք սա լա՞վ է Հայաստանի տնտեսության համար, թե՞՝ ոչ». այս հարցին պատասխանելով՝ ԱՄՀ-ի ներկայացուցիչն ասաց.- «Կարծում եմ, սա շատ ողջունելի զարգացում է: Սա լուրջ հաջողություն է Հայաստանի համար: Առաջին անգամն է, որ Հայաստանը նման պարտատոմսեր թողարկեց միջազգային շուկայի համար, և միջազգային շուկան վստահեց Հայաստանին: Սա փոքր բան չէ և սա անելով՝ երկիրը մուտք գործեց լիովին այլ մակարդակ: Այժմ Հայաստանը հայտնի է աշխարհում: Բայց մյուս կողմից, այն իր հետ բերում է շատ մեծ պատասխանատվություն: Ուստի և մենք այստեղ ենք՝ օգնելու Հայաստանի իշխանություններին այս հարցում»:

«Ես հավատում եմ Հայաստանի ապագային»,- հարցազրույցի ավարտին ասաց ԱՄՀ-ի ներկայացուցիչը։
XS
SM
MD
LG