Մատչելիության հղումներ

Սիրիահայ լուսանկարիչը բարեգործական ցուցահանդես է բացել Երեւանում


Սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի անհատական ցուցահանդեսը ներկայացնում է նախապատերազմյան Սիրիան` որպես ծաղկուն, բարեբեր երկիր, որտեղ ուրույն տեղ ուներ մեծաքանակ հայ համայնքը:

Ներքաղաքական հակամարտությունը 57-ամյա Շահինյանին ստիպել է ընտանիքի հետ միասին հեռանալ իր ծննդավայր Դամասկոսից:

«Նկարել սկսել եմ 8 տարեկանից: Սիրում էի նկարել: Երբ չափահաս դարձա, ուզում էի իմ արհեստը անել, իմ գործը և այդպես էլ շարունակեցի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շահինյանը:

Անդրադառնալով իր աշխատանքների Երևանում ցուցադրելու նպատակին` լուսանկարիչն ասաց. - «Նախ, երևի տասը հազարից ավելի սիրիահայեր կան այստեղ` Հայաստանում. ուզում էի իրենց հիշողությունները, հուշերն արթնացնել: Նույնպես ուզում էի, որ հայաստանցին իմանա Սիրիան ինչ է. Սիրիան պատերազմ չէ…»:

Հուզմունքը խանգարեց Շահինյանին շարունակել խոսքը: Այդուհանդերձ քիչ անց ասաց, որ ծննդավայրում միայն համերաշխություն, փոխըմբռնում ու սեր են տեսել տարբեր ազգությունների ու տարբեր դավանանքի տեր իրենց համաքաղաքացիների միջև, և իր սիրտը ցավում է այդ ամենը հիշելիս. - «Իսկ հիմա Սիրիան կարող եմ ասել 50 տարի հետ գնաց»:

Նա ասաց նաև, որ դիտարկում է ընտանիքով Հայաստանում հաստատվելու հնարավորությունները, քանի որ բնավ հույս չունի, որ կկարողանա վերադառնա Սիրիա:

Շահինյանի տվյալներով, Հալեպում դեռ 30 հազարից ավելի հայեր են մնացել: Հարցին, թե ինչու Հայաստան չեն գալիս, նա պատասխանեց. - «Ո՞նց գան, երբ 3 տարի անգործ են, ո’չ փող ունեն, ո’չ բան, ինչպե՞ս պիտի ճամփորդեն, ինչո՞վ պիտի ճամփորդեն: Ո’չ տունը կարող են ծախել, ո’չ խանութը…»:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները վաճառվում են, և վաճառքից ստացված հասույթը հեղինակը ՀԲԸՄ-ի միջոցով տրամադրելու է Հայաստանում ապաստանած սիրիահայերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG