Մատչելիության հղումներ

logo-print

Համաներումը կտարածվի նաև Մարգար Օհանյանի և Հովհաննես Թամամյանի վրա


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Համաներումը կտարածվի ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, այլև վեց տարվա ազատազրկման դատապարտված Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, ինչպես նաև չորս տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վրա:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, համաներմամբ սահմանված սահմանափակումները այս անձանց վրա չեն տարածվի, իսկ դա նշանակում է, որ նրանք կամ ազատ կարձակվեն, կամ նրանց պատիժները կկրճատվեն:

«Համաներում տարածելը պետք է մի քանի կերպ հասկանալ. մի մասի վրա տարածումը ենթադրում է նրանց անմիջապես ազատ արձակումը, մյուսների նկատմամբ ենթադրվում է, որ եթե որոշակի պատիժ կրել են, նոր՝ ազատում, մյուս խմբին վերաբերում է պատժի կրճատումը։ Եվ կա մի խումբ, որոնց վրա համաներումը չի տարածվի, այսինքն նրանք ոչ կազատվեն, ոչ էլ պատժի չկրած մասը կմեղմացվի։ Տիգրան Առաքելյանը այս [վերջին] խմբի մեջ չի մտնում։ Եթե չեմ սխալվում, Մարգար Օհանյանը և Հովհաննես Թամամյանը ևս սահմանափակումների մեջ չկան»,- ասաց Թովմասյանը։

Հարցին, թե Օհանյանը և Թամամյանը նույնպես կարո՞ղ են ազատ արձակվել, նախարարը պատասխանեց.- «Չեմ կարող ասել. նրանց վրա սահմանափակում չկա, բայց դա չի նշանակում, որ անմիջապես կազատվեն, դա նշանակում է, որ կարող է պատժի չկրած մասը կրճատվի։ Մենք ունենք հոդվածների բավականին մեծ խումբ, որոնց պարագայում պատժի չկրած մասը կրճատվում է ուղղակի վեց ամսով»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սովորաբար համաներումները քաղաքական նպատակ են հետապնդում, ի՞նչ նպատակ ունի այս համաներումը, Թովմասյանը պատասխանեց.- «Եթե նայեք հոդվածները, կտեսնեք՝ ունի, թե՝ չունի։ Եթե մի քանի հարյուր մարդ է ազատվելու, դրանց մեջ ձեր ենթադրյալ ինչ-որ մեկն էլ է ազատվելու, ես ձեզ պիտի վստահեցնեմ, որ այդ մեկի համար, այդպիսի բան չեն անում»։

Նշենք, որ նախագահի առաջարկով համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը Ազգային ժողովն այսօրվանից սկսել է քննարկել։ Ինչպես նշվում է նախագծում, համաներումը տարածվելու է այն անձանց վրա, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ համաներումների, այս համաներումը տարածվում է ավելի մեծ թվով քրեական հանցագործություն կատարած անձանց վրա։

Մասնավորապես, պատժից կազատվեն մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, 60 տարին լրացած անձինք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձինք, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար չեն պատժվել։ Պատժից կազատվեն նաև Հայաստանի կամ Ղարաբաղի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցները, որոնք չունեն դատվածություն, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված անձանց հարազատները՝ ամուսին զավակ, ծնող, ովքեր չեն ունեցել դատվածություն: Համաներման մասին որոշման նախագծի համաձայն չպետք է քրեական հետապնդում հարուցվի, ինչպես նաև պետք է կարճվեն մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ համաներմամբ սահմանված սահմանափակումների։ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով կատարված հանցագործությունների համար նախատեսվում է նաև պատժի կրճատումներ տարբեր չափերով:

Ուշագրավ է, որ առաջին անգամ համաներումը տարածվում է նաև ծանր հանցագործությունների, մասնավորապես, սպանություն կատարած, դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցրած անձանց վրա. այս դեպքում նրանց պատիժը կկրճատվի վեց մասով: Համաներումը կտարածվի նաև հետախուզման մեջ գտնվող այն անձանց վրա, ովքեր մինչև 2013-ի թվականի դեկտեմբերի 31-ը կամովին կներկայանան իրավապահ մարմիններին: Ի դեպ, հիշեցնենք, որ այժմ հետախուզման մեջ է գտնվում նաև օֆշորային հայտնի սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը:

Թե ի վերջո համաներումը քանի մարդու վրա կտարածվի, նախագահի համաներման առաջարկը խորհրդարանում ներկայացնող արդարադատության նախարարը այսօր դժվարացավ ասել, սակայն նշեց, թե քանիսը անմիջապես ազատ կարձակվեն.- «Մոտ 400-500 մարդ անմիջապես է ազատ արձակվելու»,- ասաց նա։

Նշենք, որ համաներման մասին որոշման նախագծում նշված են նաև Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց վրա համաներումը չի տարածվի. դրանց մեջ են պետական դավաճանությունը, իշխանություն յուրացնելը, լրտեսությունը, դիվերսիան, սեքսուալ բնույթի գործողությունները, բռնաբարությունը:

Համաներումը չի տարածվի նաև ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա: Ի դեպ, ըստ նախագծի, համաներումը չի կիրառվի նաև այն անձանց վրա, ովքեր չարամտորեն խախտել են պատիժը կրելու սահմանված կարգը: Այն որ այս դրույթը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, իր ելույթում ընդգծեց նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Որպես օրինակ նա հիշատակեց հենց իր դեպքը:

«Ես ձեզ կարող եմ բերել իմ անձնական օրինակը, որպես մի մարդ, ով եղել է կանալավորի կարգավիճակում Հայաստանի չորս քրեակատարողական հիմնարկներում։ Երբ 2011 թվականի համաներումը պիտի լիներ արդեն քաղաքական մակարդակով, ես այդ ժամանակ կարգը չարամիտ խախտող էի, որովհետև ունեի մոտ չորս նկատողություն։ Համաներումից մի շաբաթ առաջ ինձ իբր խրախուսանք տվեցին և այդ նկատողությունները հանեցին։ Բայց այսպիսի դիտարկում՝ ոչ նախկինում էի որևէ բան արել, որի համար կարելի էր ինձ նկատողություն տալ, ոչ էլ այդ ժամանակ որևէ բան էի արել, որի համար կարելի էր ինձ խրախուսանք տալ։ Հիմա եթե մի մարդու մասին ենք խոսում, ով քաղաքական դեմք չէ, այս հրահանգների փոխարեն պարզ է՝ բոլորովին ուրիշ մեխանիզմներ են գործելու»,- ասաց պատգամավորը։

Փաշինյանն առաջարկեց այս կետը ընդհանրապես հանել նախագծից, ինչին ընդդիմացավ Հրայր Թովմասյանը։

«Ես ձեզ խոստանում եմ, որ նման այն բոլոր դեպքերը, երբ անձի վրա չի տարածվի համաներումը այն պատճառով, որ ինքը ունի տույժ, կդառնա իմ առանձին քննարկման առարկան»,- ասաց նախարարը։

Նախագահի՝ համաներում անցկացնելու առաջարկի շուրջ քննարկումները Ազգային ժողովը կշարունակի վաղը։
XS
SM
MD
LG