Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյան․ «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում «հիմնարար նշանակություն ունեցող» իրադարձություն է որակել Մաքսային միություն մուտք գործելու Հայաստանի որոշումը:

«Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է», - հայտարարել է Հայաստանի վարչապետ, հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը:

«Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացվել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։

«Ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակների, այլ տնտեսական նպատակադրումների հիման վրա», - ասել է Սարգսյանը:

Նա «հիմնարար նշանակություն ունեցող» իրադարձություն է որակել Մաքսային միություն մուտք գործելու, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին մասնակցելու Հայաստանի որոշումը: Վարչապետի խոսքով` այդպիսով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը, որն ամրապնդված է երկու երկրների միասնական պաշտպանական միավորմանն անդամակցությամբ, ավելացել է նաև մասնակցությունը միասնական ինտեգրացիոն գործընթացին:

«Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և անցել մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: Սա իրականում լուրջ առաջընթաց է, որը երկկողմ ջանքերի արդյունք է: Ինձ համար, որպես երկրի վարչապետի, հատկապես հաճելի է ընդգծել, որ 2012 թվականին արձանագրվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման 26 տոկոս աճ: Նման դինամիկան մեր արտահանման ուղղությամբ պահպանվում է նաև 2013 թվականին», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Անցնելով միջկառավարական հանձնաժողովի առջև դրված խնդիրներին` Հայաստանի վարչապետը նշել է, որ այսօր դրանք մեծ մասամբ պետք է որոշվեն երկկողմ համագործակցության զարգացման հանձնարարականներով և ուղղություններով: Խոսքը, ըստ նրա, այնպիսի ծրագրերի մասին է, որոնք ուղղված են արդիականացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչի համար կարևոր դեր կարող է խաղալ Ազատ տնտեսական գոտու լիակատար գործառնումը: «Խոսքը նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման և այնպիսի խնդիրների մասին է, որոնք կապված են էներգակիրների մատակարարման և գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ», - ասել է Սարգսյանը:

Միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը բարձր է գնահատել երկկողմ ներդրումային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվում են նոր ծրագրեր` էներգետիկայի, տրանսպորտի, գիտատեխնոլոգիական և այլ ոլորտներում:

«Ռուսական կապիտալն իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանի տնտեսությունում նոր ծրագրեր իրականացնելու գործին: Երկկողմ ինտեգրացիոն կապերի խորացումը ևս կարևոր նշանակություն կունենա հետագա կապերի ամրապնդման գործում: Վերջին ամիսների ընթացքում, Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, մեր ռազմավարական կապերը բարձրանում են որակական նոր մակարդակի, ինչը նոր խթան կհանդիսանա մեր ազգային տնտեսությունների զարգացման համար», - ասել է Սոկոլովը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրներին Մաքսային միության շրջանակներում կհաջողվի իրականացնել բազմաթիվ հավակնոտ ու նպատակային ծրագրեր:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG