Մատչելիության հղումներ

«Պուտինի գործողություններն արդեն բոլորի կոկորդին են կանգնել»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2013թ․
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2013թ․
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին, որտեղ Ռուսաստանի հասցեին խիստ քննադատություն պարունակող նրա ելույթի ընթացքում ռուսաստանյան պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը։ Եվ ահա Սաակաշվիլին վերադարձել է Թբիլիսի։ Օդանավակայանում Սաակաշվիլիի աջակիցների մի մեծ խումբ նրան դիմավորել է որպես ազգային հերոսի:

Civil Georgia լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին ասել է, որ իր նախագահության օրոք իրեն երբեք այդպես ջերմ չեն դիմավորել։ Հավաքված աջակիցները երկար ժամանակ վանկարկել են՝ «Միշա, Միշա։ Կեցցե՛ Վրաստանի նախագահը»։ Երիտասարդներ, տարեցներ, հարյուրավոր մարդիկ շրջապատել են նախագահին և այդ ամենից բավական մտահոգված թիկնապահներին, սկսել են սեղմել նախագահի ձեռքը, գրկախառնվել, համբուրել և օրհնել։

Սաակաշվիլին խոստովանել է, որ ոչ միայն հուզված, այլև փոքր-ինչ շփոթված է այդ տեսարանից։ Վրաստանի նախագահը, որի պաշտոնավարման ժամկետն արդեն մոտենում է ավարտին, Թբիլիսիի օդանավակայանում ասել է, որ ՄԱԿ-ում իր ելույթը մեծ արձագանք է ստացել նախկին խորհրդային ամբողջ տարածքում։ Նա հպարտությամբ ասել է, որ ելույթից հետո շատերն են շնորհակալություն հայտնել Վրաստանին։ Ապա նա նորից կշտամբել է ռուսներին:

«ՄԱԿ-ում իմ ելույթին հետևած արձագանքը, որն ինձ համար էլ էր անսպասելի, նշանակում է, որ այս տարածքում ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ գործընթաց է հասունանում։ Պուտինի գործողություններն արդեն բոլորի կոկորդին են կանգնել։ Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարևան Հայաստանում և Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում և ընդհանրապես Ռուսաստանում», - ասել է Միխեիլ Սաակաշվիլին։

Ի դեպ, ըստ Civil Georgia-ի, կիրակի օրը Թբիլիսիում ցույց են անցկացրել նաև գործող նախագահի ընդդիմախոսները։ Նրանք խորհրդարանի մոտ այրել են Սաակաշվիլիի և նրա կողմից նախագահության թեկնածու առաջադրված Դավիթ Բաքրաձեի խրտվիլակները։

Սաակաշվիլին «Իմեդի» հեռուստակայանին ասել է, որ ՄԱԿ-ում իր ելույթի էությունը շատ պարզ է. սա ոչ միայն Վրաստանի, այլև Մոլդովայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պայքարն է։ «Ի՞նչ է մեզ ասում թշնամին՝ «դուք սահմանային հարցեր ունեք Ադրբեջանի հետ, հայերի հետ՝ ուրիշ խնդիրներ, Թուրքիայում ձեր հավատակիցները չեն, դուք պետք է թշնամանքի մեջ լինեք, ի՞նչ եք որոնում Եվրոպայում, եկեք ինձ մոտ», - ասել է Սաակաշվիլին և ավելացրել. - «Չկա և ոչ մի դեպք, երբ հարևաններից մեկը, թույլ և մեկուսացված, կարգավորեր իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Ռուսաստանը նրան կուլ չտար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG