Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 1-ի մամուլ


«168 ժամ»-ն անդրադառնում է Ազգային ժողովում Գլխավոր դատախազի թեկնածության և համաներման առաջարկի քննարկումներին. - «Առաջին հայացքից` այս երկու իրադարձությունների միջև միակ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ առնչվում են արդարադատության համակարգին: Բայց դրանց միջև կա ևս մեկ, շատ ավելի «բովանդակային» կապ կամ ենթատեքստ, որը կարելի է համարել Սերժ Սարգսյանի թաքնված ուղերձը հասարակությանը: Գևորգ Կոստանյանը՝ չնայած երիտասարդ տարիքին, ներկայացնում է այն նույն համակարգը, որի գործունեության արդյունքում բազմաթիվ ճակատագրեր են խեղվել, տասնյակ մարդիկ դատապարտվել են անարդարացի մեղադրանքներով, հարյուրավոր քաղբանտարկյալներ են հայտնվել անազատության մեջ և այլն: Մտածել, որ անձի փոփոխությամբ այդ համակարգը կարող է փոխվել՝ իհարկե, միամտություն կլինի: Այսինքն՝ Հայաստանում, ինչպես ընդունված է ասել, արդարության ճգնաժամը շարունակվելու է, մարդիկ չեն սկսելու հավատալ արդարադատությանը: Գևորգ Կոստանյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին զուգահեռ համաներման առաջարկություն ներկայացնելով` Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցույց է տալիս, որ Հայաստանում շարունակվող անարդարության պայմաններում միայն ինքը կարող է «արդարություն հաստատել»»:

Համաներման առաջարկին է անդրադառնում նաև «Ժամանակ»-ը. - «Սա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման արդեն երկրորդ համաներումն է: Առաջինը 2009 թվականին էր, ինչի արդյունքում ազատության մեջ հայտնվեց 2008 թվականի մարտի 1-ի գործով ձերբակալված ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների գերակշիռ մասը: Բոլորն են հիշում, որ այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը գտնվում էր հասարակական և միջազգային մեծ ճնշման տակ, և ի վերջո հանգուցալուծելու, իրավիճակի լարվածությունը լիցքաթափելու համար նա ստիպված եղավ գնալ համաներման միջոցով Մարտի 1-ի ձերբակալվածների ազատության հարցը լուծելու քայլին: Դժվար է ասել, թե որ կողմից էր ճնշումն ավելի մեծ, և Սարգսյանն այդ քայլին գնաց հատկապես ում դուր գալու կամ ում հանդարտեցնելու համար` հասարակությա՞նը, թե՞ միջազգային հանրությանը: Սակայն ակնհայտ է, որ այդ քայլից հետո նա վաստակեց Եվրոպայի հաճոյախոսությունների մի ալիք: Այսօր էլ Սերժ Սարգսյանը համաներման է գնում նմանօրինակ իրավիճակում: Կա Տիգրան Առաքելյանի և Վոլոդյա Ավետիսյանի հարցը: Սակայն այստեղ պետք է նկատել մի հետաքրքիր հանգամանք. բավական բարդացել են Սերժ Սարգսյանի հարաբերությունները Եվրոպայի հետ Մաքսային միության մասին որոշումից հետո: Եվ այս տեսանկյունից հարկ է նկատել, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովին է ներկայացնում Ստրասբուրգի ճանապարհին, որտեղ նա ելույթ է ունենալու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջ»:

«Ազգ» թերթին տված հարցազրույցում արտահայտելով իր կարծիքը Մաքսային միության մասին` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասում է. - «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը և Եվրասիական տնտեսական միության հիմքերի մշակմանը լիարժեք մասնակցությունը նշանակալի քաղաքական իրադարձություն են հայ-ռուսական հարաբերություններում, որը վկայում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի վճռական մասնակցությամբ տնտեսական ու քաղաքական միասնացման պրոցեսների գաղափարի հաջող զարգացման մասին: Իմ կարծիքով, հայկական կողմի այդ որոշումը նախ և առաջ թելադրված է Հայաստանի պետական զարգացման, երկրի տնտեսութան և պաշտպանական ներուժի ամրապնդման օբյեկտիվ շահերով»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում միջին կենսաթոշակը կբարձրանա 15 տոկոսով, իսկ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրանան 40 տոկոսով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե վարչապետը բարեբաստիկ լուր է հաղորդում հասարակությանը: Իրականում, սակայն, այս լուրն այն մասին չէ, որ աշխատավարձերը կբարձրանան 2014 թվականի հուլիսի 1-ից: Այս լուրն այն մասին է, որ հունվարի 1-ից աշխատավարձերը չեն բարձրանա, թեև Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր այդ մասին... Սա, ի դեպ, առաջին հետաձգումը չէ: Սերժ Սարգսյանը, եթե հիշում եք, նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, թե աշխատավարձերը բարձրացվելու են 2013 թվականի հուլիսի 1-ից: Ընտրություններն անցան, ինչքան տոկոս պետք էր «խփեցին», իսկ աշխատավարձերը, բնականաբար, չբարձրացան: Սերժ Սարգսյանը նույնիսկ իրեն նեղություն չտվեց բացատրելու, թե ինչու չկատարեց խոստումը: Մի կես բերան ասաց, որ հունվարի 1-ից են բարձրացնելու, և վերջ: Հիմա պարզվում է, դա էլ «փոզմիշ եղավ», խոստանում են հուլիսի 1-ից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG