Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

Սեպտեմբերի 30-ին արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրել է ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջոցառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։

«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանացմամբ՝ ասել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձել է հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Նալբանդյանը տեղեկացրել է, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում և Թունիսում։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։

Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրել է Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձել է Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG